կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-02 12:00
Առանց Կատեգորիա

Սպիտակ տան «դարի գործարքը»

Սպիտակ տան «դարի գործարքը»

Փետրվարի վերջերին մեկնարկեց ԱՄՆ նախագահ Թրամփի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների այցելությունների շարքը Մերձավոր Արևելք: Այցելության նպատակը  պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Թրամփի վարչակազմի առաջարկ-փաթեթի տնտեսական հարցերի շուրջ բանակցությունների, քննարկումների կազմակերպումն էր: Թրամփի ավագ խորհրդականին ուղեկցում էին Մերձավոր Արևելքում ԱՄՆ նախագահի հատուկ հանձնարարականներով դեսպան-ներկայացուցիչ Ջեյսոն Գրինբլաթը և Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը: Այցելությունների շարքում ներառվել են Օմանը, Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քաթարը և ԱՄԷ-ն:

Հիշեցնենք, որ Քուշները, որը նախագահ Թրամփի դստեր՝ Իվանկայի ամուսինն է,  ժամանակին մեծ դերակատարություն է ունեցել ԱՄՆ-Իսրայել քաղաքական հարաբերությունների խորացման, մասնավորապես` Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելու և Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանությունը տեղափոխելու գործընթացում:

Այս ամենում հետաքրքիրն այն է, որ այս անգամ Թրամփը հակամարտության կարգավորման փաթեթի շուրջ քննարկումների համատեքստում իր փեսային գործուղում է Մերձավոր Արևելք՝ զուտ տնտեսական բաղադրիչի շուրջ բանակցելու: Մասնավորապես` բանակցությունների հիմնական թեմաներից մեկն, ըստ ամենայնի, վերաբերելու էր Գազայի հատվածում ստեղծված ճգնաժամային իրադրության հաղթահարման մեխանիզմների ձևավորման հարցերին, ինչն, ըստ Վաշինգտոնի, դրական ազդեցություն կունենա ոչ միայն իսրայելցիների ու պաղեստինցիների, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական իրադրության վրա:

Այցելությունների օրակարգում հստակ նշվում է, որ հանդիպումների ընթացքում նախատեսված չէ քննարկել պաղեստինա-իսրայելական համակարտության կարգավորման` Վաշինգտոնի առաջարկի քաղաքական հարցերը, որն այլ կերպ ստացել է «դարի գործարք» անվանումը:    

Արաբական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում Քուշները որոշ մանրամասներ է ներկայացրել «դարի գործարքից», որը նախատեսվում է հանրայնացնել Իսրայելում ապրիլի 9-ին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների անցկացումից հետո միայն: Նրա խոսքով` Սպիտակ տան կողմից մշակվող առաջարկ-փաթեթում առանձնակի կարևորություն է տրվում Իսրայել պետության սահմանների, ինչպես նաև վիճելի տարածքների կարգավիճակի հստակեցման ու կարգավորման հարցերին: Քուշների համոզմամբ` առհասարակ, «դարի գործարքը» ենթադրում է հարցերի` փոխզիջումների հիման վրա  կարգավորում, և «իսրայելական կողմից կպահանջվեն ավելի շատ ջանքեր»:

Փաթեթում մասնավորապես առաջ են քաշվում 4 հիմնարար սկզբունքներ, որոնք են՝ ազատությունը, հարգանքը հավատքի նկատմամբ, հնարավորությունների օգտագործումը և անվտանգությունը: Փաստաթղթում կարևորվում է Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին միասնական կառավարության ձևավորման հարցը, որը կկարողանա լիարժեքորեն պաշտպանել պաղեստինցի ժողովրդի շահերն ու իրավունքները:  

Հարցի բուն էությունից փոքր-ինչ հեռանալով` նշենք, որ Թրամփի ավագ խորհրդական Քուշների քաղաքական կերպարի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ Միացյալ Նահանգների գործադիր ու օրենսդիր թևերում. դեռևս նախորդ տարվա մարտին ԱՄՆ դեմոկրատական թևի օրենսդիրները Հետաքննությունների դաշնային բյուրոյին կոչ էին արել հետաքննություն սկսել այն տվյալների ուղղությամբ, որոնց համաձայն` Քուշները գաղտնի տեղեկություններ է տրամադրել Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին:

Ինչևէ, կրկին վերադառնալով հակամարտության կարգավորման ամերիկյան առաջարկին` նշենք, որ դեռևս նախորդ տարվա մայիսին հայտնի իսրայելական DEBKAfile ինտերնետային կայքը, որը մասնագիտացած է ռազմական հետախուզության բնագավառում, որոշ մանրամասներ էր ներկայացրել փաստաթղթի վերաբերյալ: Մասնավորապես` խոսվում էր հետևյալ հարցերի մասին՝

  • Հորդանան գետի արևմտյան ափի մոտավորապես ½ տարածքում և Գազայի հատվածում սահմանափակ սուվերենությամբ պաղեստինյան պետության ստեղծում,
  • Հորդանանի հովտի նկատմամբ Իսրայելի կողմից սուվերենության և ռազմական վերահսկողության պահպանում,
  • Արևելյան Երուսաղեմի մի քանի արաբական թաղամասերի հանձնում պաղեստինյան պետության իրավասությանը,
  • Իսրայելի՝ որպես հրեա ժողովրդի «ազգային օջախի», իսկ սահմանափակ սուվերենությամբ պաղեստինյան պետության՝ որպես պաղեստինցի արաբների «ազգային օջախի» ճանաչում:

Այլ` ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն` պաղեստինցիներին են հանձնվելու ավելի մեծ տարածքներ, քան այսօր իրենց վերահսկողության տակ ունեն, սակայն Երուսաղեմ քաղաքի պատմական կենտրոնը՝ իր կրոնական սրբավայրերով և հարակից շրջաններով, ինչպես նաև քաղաքի արևմտյան հատվածը մնալու են Իսրայելի սուվերեն վերահսկողության ներքո:  

Փետրվարի 28-ին Երուսաղեմում լույս տեսնող արաբական «Ալ Քուդս» թերթն իր հերթին նոր մանրամասներ է ներկայացրել «դարի գործարքի»  բովանդակության վերաբերյալ՝ հիմնվելով սեփական տեղեկատվական աղբյուրների վրա: Նշյալ պարբերականի հաղորդմամբ` փաստաթուղթը չի քննարկում Երուսաղեմ մայրաքաղաքով Պաղեստին պետության ստեղծման հարցը, այլ խոսքը Գազայի հատվածում ինքնավարության ձևավորման մասին է: Ըստ թերթի` փաստաթղթում կարևոր կետերից մեկը վերաբերում է Երուսաղեմ քաղաքի Ալ Աքսա մզկիթի վերահսկման-կառավարման հարցերում Իսրայելի, Հորդանանի և պաղեստինյան ինքնավարության միջև համագործակցության ամրապնդման հարցերին:

Կողմերի սպասելիքները

Պաղեստինյան կողմը շարունակում է թերահավատությամբ վերաբերվել պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման` Վաշինգտոնի կողմից մշակվող առաջարկ-փաթեթին: Որպես պատճառաբանություն` նշվում են մի քանի հիմնական փաստարկներ՝ Վաշինգտոնի կողմից Երուսաղեմը Իսրայել պետության մայրաքաղաք ճանաչելը, Միացյալ Նահանգների կողմից Պաղեստինին ցուցաբերվող ֆինանսական աջակցության կրճատումը: Պաղեստինյան կողմի հավաստիացմամբ` Վաշինգտոնն ի սկզբանե հանդես է գալիս կողմնակալ դիրքորոշմամբ և, ըստ էության, չի կարող ներկայանալ որպես հակամարտության կարգավորման անաչառ միջնորդ, հետևաբար՝ «դարի գործարքը» նույնպես կողմնապահ փաստաթուղթ է:

«Դարի գործարքից» անհամեմատ մեծ և միևնույն ժամանակ սկզբունքորեն հակադիր են սպասելիքները իսրայելական կողմում: Փետրվարի 14-ին Վարշավայում կայացած Նեթանյահու-Փենս (ԱՄՆ փոխնախագահ) աշխատանքային հանդիպման ընթացքում Նեթանյահուն ևս մեկ անգամ կարևորեց «դարի գործարքը» իսրայելական կողմի համար: Նրա խոսքով` «Իսրայելը սպասում է այս գործարքին, մենք գիտենք, որ երկար ժամանակ նախագահ Թրամփի վարչակազմը ուղիներ է որոնում Իսրայել պետության անվտանգությունն ապահովելու համար»: Փաստաթղթի կյանքի կոչման հարցում, սակայն, Իսրայելի քաղաքական դաշտում մոտեցումները հակասական են: Կարող ենք ենթադրել, որ Իսրայելում ապրիլին նախատեսվող խորհրդարանական ընտրությունների նախընտրական պայքարում «դարի գործարքը» կհամալրի երկրի գործող ղեկավարությանը հասցեագրված հիմնական քննադատական հարցերի շարքը: Ավելին` եթե ընտրություններում Նեթանյահուին չհաջողվի պահպանել դիրքերը, այնքան էլ պարզ չի լինի նաև «դարի գործարքի» ճակատագիրը: Նշենք նաև, որ նախընտրական պայքարի ֆոնին` Նեթանյահուի նկատմամբ քաղաքական ճնշումները գնալով կուժեղանան: Իսրայելի գլխավոր դատախազ Ավիխայ Մանդելբլիթը, որը նաև Իսրայել պետության կառավարության իրավախորհրդատուն է, արդեն իսկ հայտարարել է, որ երկրի վարչապետի նկատմամբ կոռուպցիայի հարցով կներկայացվեն համապատասխան մեղադրանքներ:      

Կարեն Վերանյան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ