կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-29 17:50
Աշխարհ

Թրամփի «դարի գործարքը» ձախողվում է. Սուրբ հողերը դեռ երկար ժամանակ չեն տեսնի խաղաղություն

Թրամփի «դարի գործարքը» ձախողվում է. Սուրբ հողերը դեռ երկար ժամանակ չեն տեսնի խաղաղություն

Արդեն 70 տարուց ավելի Մերձավոր Արևելքում ամենաթեժ կետերից մեկը շարունակում է մնալ Իսրայելի և Պաղեստինի միջև հակամարտությունը: Դարեր ի վեր Պաղեստինն ու Սուրբ հողը գտնվել են իրար հաջորդող պատերազմների թատերաբեմում: Այժմ այդ տարածքը վերածվել է արաբների և հրեաների կռվախնձորի, իսկ այդ հակամարտությունը սկսվել է 1940-ական թվականներին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ հրապարակեց իր «դարի գործարքը», որն իրենից ենթադրում է հակամարտության լուծման ամերիկյան (նաև հրեական) տեսլականը: Սակայն այս գործարքն արդեն հասցրել է արժանանալ լայն քննադատությունների, իսկ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը հայտարարել է, որ Պաղեստինը չի վաճառվում, իսկ գործարքը կուղարկվի պատմության աղբանոց: Փաստաթղթի վերաբերյալ աշխատանքները կատարվել են առանց Պաղեստինի մասնակցության:

Ըստ Թրամփի ծրագրի, որը կազմել է նրա փեսա և խորհրդական Ջարեդ Քուշները, Պաղեստինը պետք է միջանքներով կապվի Հորդանանի հետ: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից անջատվում է իսրայելական տարածքով: Բացի դրանից Գազայի հատվածը զգալիորեն ընդարձակվելու է. նրան են միանալու երկու խոշոր շրջան Եգիպտոսի սահմանին: Իսկ Գոլանի բարձրունքները ճանաչվում են Իսրայելի անքակտելի մաս, Երուսաղեմը դառնում է Իսրայելի մայրաքաղաք, Արևելյան Երուսաղեմն էլ Պաղեստինի մայրաքաղաք: Թե ինչպես կարող է սուրբ քաղաքի արևելյան հատվածը ճանաչվել արաբական պետության մայրաքաղաք, եթե դրա վրա ճանաչվում է Իսրայելի գերիշխանությունը՝ դժվար է ասել և հենց այս կետի անորոշությունը լայն արձագանքներ է գտել:

«Ես միշտ կկանգնեմ Իսրայել պետության և հրեա ժողովրդի կողքին: Ես աջակցում են նրանց անվտանգությանը և իրավունքին՝ ապրել իրենց պատմական հայրենիքում. խաղաղության ժամանակն է» , - իր թվիթերյան էջում գրել էր Թրամփը և քարտեզ հրապարակել, որում նշվում է «ապագա սահմանները»:

Ծրագրի հիմնական դրույթները հետևյալն են.

  1. Նախատեսվում է երկու պետությունների ստեղծում՝ հրեական և պաղեստինյան: Երուսաղեմը դառնում է Իսրայելի մայրաքաղաքը (Թրամփի այս հայտարարությունը ուղեկցվեց հանդիպման մասնակիցների ծափահարություններով): Հետո ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ պաղեստինյան մայրքաղաքը լինելու է Արևելյան Երուսաղեմը: Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելը բավական լավ է կարողանում ղեկավարել քաղաքը, սակայն պաղեստինցիները կարող են համարել դրա արևելյան հատվածն իրենց մայրաքաղաք:
  2. Տաճարի լեռան վրա կպահպանվի ստատուս քվոն:
  3. Իսրայելը կիշխի Հորդանանյան հովտի, Հուդեայի և Սամարիայի շրջանի վրա:
  4. Պաղեստինը կկրկնապատկի իր տարածքները, կկառուցվեն տարածքներն իրար կապող ճանապարհներ և կամուրջներ:
  5. ՀԱՄԱՍ խմբավորումը պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը ապառազմականացվի:
  6. Պաղեստինը կունենա հնարավորություն՝ օգտվել 50 մլրդ ներդրումից:

Նաև նշվում է, որ այն պաղեստինցիները, որոնք կմնան Իսրայելի  և այն իսրայելցիները՝ Պաղեստինի տարածքում, ստիպված չեն լինի վերաբնակեցվել:

Այս ծրագիրը բավական բացասական արձագանքներ գտավ ամբող աշխարհում: Փաստացի Պաղեստինը կզրկվի բանակից: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ տարածքների փոխանակությունը ենթադրում է իրենից պաղեստինյան տարածքների հետագա անեքսիա: «Իսրայելն իր կեսդարյա բռնազավթման ընթացքում պաղեստինցիներին ենթարկել է խտրականության՝ նրանց չտրամադրելով իրավունքներ և իրենց իրավունքների ոտնահարման ժամանակ պաշտպանության իրավունք: Գործարքը կնշանակի այդ քաղաքականության շարունակություն», - հայտարարել է կազմակերպության Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի ծրագրերի ղեկավար Ֆիլիպ Լյութերը:

Արաբական մի շարք պետություններ, Թուրքիան և այլք քննադատել են այս փաստաթուղթը, Չինաստանն ու Ռուսաստանը կոչ արել հարգել կողմերի՝ հատկապես պաղեստինցիների իրավունքները:

Թրամփը իր ազդեցությունն է փորձում մեծացնել Իսրայելում, իսկ Նեթանյահուն սրանով փորձում է լուծել մի շարք ներքաղաքական խնդիրներ՝ մոտալուտ ընտրությունների ֆոնին:

Երեկվանից արդեն պաղեստինցիները դուրս են եկել փողոց՝ իրենց բողոքն արտահայտելով փաստաթղթի դրույթներին: Մահմուդ Աբասի, երկրի բնակչության և միջազգային արձագանքը թույլ են տալիս ենթադրել, որ տասնայմակներ ձգվող հակամարտությունը կշարունակվի, իսկ այդքան սպասված «դարի գործարքն», ինչպես ասում էր Աբասը, կհայտնվի պատմության աղբանոցում:

Իսկ ներքևում բերված քարտեզը ցույց է տալիս, թե տասնամյակներ շարունակ ինչպես է Իսրայելը անեքսիայի ենթարկել Պաղեստինի հողերը:

Արգամ Եղիազարյան