Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում քանդված տունը Եղիշե Չարենցի տունը լինել չի կարող. այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց չարենցագետ Դավիթ Գասպարյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ այսօր անվանի բանաստեղծի ծննդյան օրն է: «Հիմա ասում են, որ Չարենցը մարտի 13-ին է ծնվել, բայց դա վերաբերում է նոր տոմարին: Բանաստեղծի իրական ծննդյան օրն այսօր է»,- հավաստիացրեց նա:
Գասպարյանը պատմեց, որ ինքը 2005 թվականին եղել է Կարսում` Չարենցի ծննդավայրում, բանաստեղծի ծննդյան օրը նշելու նպատակով: Այցի ժամանակ իրենց խումբը հանդիպել է Կարսի` այն ժամանակվա փոխքաղաքապետ Աջանան Սիօղլուի հետ, որն առաջարկել է Կարսում Չարենցի տուն-թանգարան կառուցել, որը քաղաքին մեծ եկամուտ կբերեր: «Թանգարանների մուտքը 12 ԱՄՆ դոլար է: Հայությունը հաստատ կգնա այդ թանգարան, ու դա բիզնեսի հնարավորություն է նաև Թուրքիայի համար: Նա դիմեց մեր խմբին` ասելով, որ Հայաստանի մշակույթի նախարարությունը պետք է այս հարցով դիմի Թուրքիայի մշակույթի նախարարությանը` Թուրքիային համապատասխան թույլտվություն է պետք, բայց դա այդպես էլ չարվեց»,- ասաց Գասպարյանը:
Չարենցն իրենց տան տեղն այսպես է նկարագրել. «Մենք ապրում ենք Վարդանի կամուրջի մոտերքում`բերդի տակ: Երբ տնից իջնելիս` մենք կարծում ենք, որ կհասնենք գետափնյա փողոցը և այնտեղից կնայենք հորդած ջրերին»:
Ըստ Գասպարյանի` դա որպես Չարենցի տուն են քանդել, թե այլ նպատակով, դա չի կարող ասել, բայց առիթը եկել է, և մենք պետք է պետական մակարդակով կարգավորենք այս հարցը: «Պիտի գրություններ գրենք: Այո’, մեր երկիրը մեր դարավոր ոսոխի ձեռքին է, բայց նրանք էլ իրենց շահն ունեն: Իսկ եթե հարցնում եք, թե այդ քանդված տունն արդյո՞ք Չարենցինն է, ապա կպատասխանեմ` ոչ: Դա Չարենցի տունը լինել չի կարող»,- ընդգծեց գրականագետը:
Պատմաբան Էդիկ Մինասյանն էլ նշեց, որ ինքը գրեթե ամեն տարի այցելում է Արևմտյան Հայաստան իր ավարտական կուրսի ուսանողների հետ` նրանց դիպլոմներն այնտեղ հանձնելու նպատակով: «Երբ ամեն տարի գնում ենք, Չարենցի ենթադրելի տան մոտ նկարվում ենք: Իրականում, պարոն Գասպարյանի նկարագրածն այժմ չի պահպանվել, որովհետև վերջին տարիներին բերդի տակ եղած բոլոր տները քանդվել են: Հնարավոր է`դա Չարենցի տունը չէ, բայց այն սիմվոլիկ արժեք ունի բոլորիս համար»,- հավելեց նա:
Այնուայնամենիվ, բանախոսները առաջարկությամբ հանդես եկան. «Արձանագրելով այն փաստը, որը Չարենցին վերագրվող տունը քանդվել է, մշակույթի նախարարությանն առաջարկում ենք դիմել Թուրքիային` պետական մակարդակով, և Չարենցի տունը վերածել տուն-թանգարանի»:
Ի դեպ, Դավիթ Գասպարյանն այս առիթով նաև շեշտեց. «Ա'յ մարդ, ի՞նչ է անում մշակույթի նախարարությունը: Միայն ասելով չի, է: Մշակույթի հարցերով պետք է էապես զբաղվել, ոչ թե` ձևականորեն»:
Ինչ վերաբերում է Չարենցի տան հասցեի ճշգրտմանը, ապա, ըստ նրա, դա ընդամենը 1 օրվա պատմություն է: «Թուրքիան դա կարող է ճշտել: Մեզ համար է բարդ: Հայրենիքը մերն է, բայց վերահսկողությունը` ոչ»,- ավելացրեց Գասպարյանը: