կարևոր
14071 դիտում, 1 տարի առաջ - 2023-09-12 19:02
Իրավական

Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը ձևականորեն նշանակվել է սեպտեմբերի 14-ին. փաստաբան

Սուրեն Մանուկյանի գործով դատական նիստը ձևականորեն նշանակվել է սեպտեմբերի 14-ին. փաստաբան

Սուրեն Մանուկյանի գործով այսօր կայացած դատական նիստի ավարտին ձևականորեն որոշվել է հաջորդ նիստը նշանակել երկու օր անց՝ սեպտեմբերի 14-ին. այս մասին Yerkir.am-ին հայտնեց փաստաբան Սերգեյ Ոսկանյանը: Ըստ նրա՝ նիստը ձևական է նշանակվել, քանզի երկու օրվա ընթացքում հնարավոր չի լինի կատարել համապատասխան ծանուցումները և ընթացակարգով սահմանված այլ գործողություններ:

«Այդ օրը նշանակված նիստը, բնականաբար, կտապալվի, ուստի հաջորդ դատական նիստը կկայանա արդեն հոկտեմբերի 20-ին»,- հայտնեց փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ դեռևս 2022 թ. օգոստոսի 11-ից քրեական գործ էր հարուցվել և քրեական հետապնդում էր սկսվել ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է խմբի կազմում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորը առևանգելու և նրա որդիներից առանձնապես խոշոր չափերի գումար շորթելու մեջ։ Քրեական գործով Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, և 2022 թ. օգոստոսի 11-ից սկսած նա ազատազարկված է։

Հայտնենք նաեւ, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը համարում է շինծու, այն չի ընդունում և իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբան Սերգեյ Ոսկանյանը բազմիցս հայտնել է, որ քրեական գործի նյութերում չկա որևէ ողջամիտ ապացույց, որը թույլ կտա հետևություն անել Ս. Մանուկյանի մեղսակցության մասին։