կարևոր
2128 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-20 20:42
Աշխարհ Քաղաքական

Անկարան եւ Բաքուն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ձեւականորեն դերերի բաշխում են արել․ Շահան Գանտահարյան

Անկարան եւ Բաքուն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունում ձեւականորեն դերերի բաշխում են արել․ Շահան Գանտահարյան

Անկարան քննադատում է Իսրայելին՝ անգամ ցեղասպանություն իրականացնելու հանցանքով, եւ աջակցում է Պաղեստինին՝ առաջ մղելով «2 պետություն» բանաձեւը, մյուս կողմից Բաքուն խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ․ այսինքն՝ թուրք-ադրբեջանական դաշինքն այս հարցում ձեւականորեն դերերի բաշխում են արել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարարի այցին եւ նրա կողմից հնչեցված քննադատություններին։

«ՀԱՄԱՍ-ը նաեւ կրոնական-գաղափարախոսական թելերով կապված է Էրդողանի վարչակարգին, սակայն շարժաթիռը նաեւ այն է, որ Թուրքիան չի ցանկանում կորցնել իր ազդեցությունն իսլամական երկրների վրա։ Թուրքիան քննադատում է Իսրայելին՝ անգամ ցեղասպանություն իրականացնելու հանցանքով, եւ աջակցում Պաղեստինին՝ առաջ մղելով «2 պետություն» բանաձեւը, մյուս կողմից Բաքուն խորացնում է իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ․ այսինքն՝ թուրք-ադրբեջանական դաշինքն այս հարցում ձեւականորեն դերերի բաշխում են արել, որովհետեւ եթե Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ համեմատենք իսրայելյան զինտեխնիկան Ադրբեջանում չէր հայտնվի կամ իսրայելական ռազմական հենակետեր չէին տեղադրվի Ադրբեջանում՝ առանց Թուրքիայի համաձայնության»,- ընդգծեց Շահան Գանտահարյանը։

Անդրառնալով Լիբանանի հարավային հատվածում տիրող իրավիճակին՝  Շահան Գանտահարյանն ասաց․ «Այս պահի դրությամբ հանգիստ է, բայց Լիբանանի հարավային ռազմական գոտում բախումներ էլի լինում են, մի քանի օր առաջ թեժ բախումներ էին։ Լիբանանի հարավային հատածի բնակչությունը տարհանվել է, մարդիկ ինքնակամ լքել են այդ շրջանները, ինչպես նաեւ Բեյրութի մերձակա շրջանները։ Եթե այժմ հանգիստ է, դա չի նշանակում, որ բախումները չեն վերսկսվելու»։

Գանտահարյանը չբացառեց լայնամասշտաբ պատերազմի վերածվելու մտահոգությունը՝ մատնանշելով ունեցած նախադեպը․ «Վտանգ, իհարկե, կա, որովհետեւ նախադեպեր եղել են, որ դա տարածվել է դեպի Բեյրութի այլ շրջաններ։ Եթե ավելի մայնամասշտաբ լինի, ապա կարող են լիբանանյան այլ շրջաններ նույնպես ընկնել կրակի տակ։ Հաշվի առնելով քաղաքական մի շարք հանգամանքներ՝ չեմ կարծում, որ այդ բախումը կվերածվի լայնամասշտաբ պատերազմի»։

Շահան Գանտահարյանն ասաց, որ Լիբանանի հարավային հատվածում հայեր չեն ապրում, նրանք այժմ հիմնականում Բեյրութի մերձակա շրջաններում։

Նա նաեւ նշեց, որ այդ հատվածում տեղի ունեցած բախումների հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ․ «Դրանք հենակետային բախումներ են, այսինքն՝ թիրախային են»։

Նշենք, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացումից հետո Իսրայելի տարածքը բազմիցս գնդակոծվել է Լիբանանում գործող «Հզբոլլահ» խմբավորման կողմից:

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թեւը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին:

Աղբյուրը՝ NEWS.am