Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության անդամ 110 դպրոց-կենտրոնների տնօրենների հանդիպումը:
Լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը հայտնեց, որ իրենց համար կարևոր օր է, քանի որ նախարարին պետք է ծանոթացնեն դպրոց-կենտրոնների գործունեությանը և միասին քննարկեն միության` 2016-ի ծրագրային ուղղությունները:
«Դրանից զատ, պետք է փորձենք նախարարին ներկայացնել ոլորտում առկա խնդիրները: Դրանք կներկայացվեն 4 ուղղություններով` ավագ դպրոցների խնդիրները, ուսուցչի վարկանիշը, դաստիարակչական աշխատանքները դպրոցում և ուսուցիչ-ծնող, դպրոց-ծնող հիմնախնդիրները: Նոր որակ, նոր թափ և նոր մոտեցումներ կտրվեն այս ամենին»,- ասաց Մուրադյանը:
Հանդիպման ընթացքում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը դպրոցի տնօրեն-ուսուցիչներին ներկայացրեց իր տեսլականը հանրակրթության վերաբերյալ: Նա նշեց, որ, ինչպես խոստացել էր, կփորձի յուրաքանչյուր ոլորտի խնդիրները քննարկել այդ ոլորտը ներկայացնող մարդկանց ետ և հրապարակային: Նախարարը նշեց նաև, որ հանդիպման նպատակը հանրակրթական ամբողջական շղթայի անխափան աշխատանքին հասնելն է:
«Մենք պետք է հասկանանք, թե որտեղ ենք կենտրոնացնելու մեր աշխատանքների ծավալները և դրա համար դուք` տնօրեններդ, պետք է լինեք հնարավորինս անկեղծ: Ես շատ հեռու եմ պատժելուց, այսինքն` ձևական գործողություններով ինչ-որ մեկին պատժել` ինչ-որ բան ցույց տալու համար: Մենք ուղղակի պետք է միասին հասնենք նրան, որ հասկանանք` ի՞նչն է պատճառը, որ հասարակության մեջ անվստահության մթնոլորտ է ձևավորում, ի՞նչ քայլեր պետք է արվեն ուսուցչի դերը մեծացնելու համար, և ի՞նչ անել, որպեսզի դպրոցն ունենա այն հիմնական դերակատարումը, որը վերապահված է նրան»,- ասաց նախարարը:
Ըստ նրա` եթե կրթության հիմքում չունենանք մեր տեսլականը, ինչ էլ անենք, հաջողության չենք հասնի: