կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-23 15:00
Առանց Կատեգորիա

Երիտթուրքերի 1919թ. դատավարությունների հարյուրերորդ տարելիցի առթիվ. «Բաց նամակ ռազմական արտակարգ ատյանի մեծարգո նախագահ Նազըմ փաշային»

Երիտթուրքերի 1919թ. դատավարությունների հարյուրերորդ տարելիցի առթիվ. «Բաց նամակ ռազմական արտակարգ ատյանի մեծարգո նախագահ Նազըմ փաշային»

Երիտթուրքերի 1919թ. դատավարությունների հարյուրերորդ տարելիցի առթիվ. «Բաց նամակ ռազմական արտակարգ ատյանի մեծարգո նախագահ Նազըմ փաշային»

Մելինե Անումյան

Թուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու

2019 թ. լրանում է երիտթուրքերի դատավարությունների և հայերի տեղահանության ու կոտորածների մեղադրանքով հարուցված մյուս դատական գործերի մեկնարկի հարյուր տարին: Այդ առթիվ Akunq.net-ն ընթերցողներին է ներկայացնում տվյալ ժամանակաշրջանի գլխավոր օրաթերթերից մեկում` «Ալեմդարում» հրապարակված բաց նամակի ամբողջական տեքստի հայերեն թարգմանությունը, որի հեղինակը «Ալեմդարի» տնօրեն Ահմեդ (Փեհլիվան) Քադրին էր: Բաց նամակն ուղղված էր տվյալ ժամանակաշրջանում այդ դատաքննությունն իրականացնող Ռազմական արտակարգ ատյանի նախագահին`  գեներալ - լեյտենանտ Մուստաֆա Նազըմ փաշային: Նամակը տպագրվել է «Ալեմդարի» 1919 թ. ապրիլի 25-ի համարում, օսմաներեն լեզվով: Այն թարգմանվել է մեր կողմից, արաբատառ օսմաներեն բնագրից:

«Ալեմդարի» տնօրենը բաց նամակում պատմում էր հայերի կոտորածների վայրագության մասին, նշում մի քանի պաշտոնյաների անուններ, ովքեր պաշտոնազրկվել էին կառավարության կողմից` կատարված չարագործությունների վերաբերյալ համապատասխան մարմիններին տեղեկացնելու պատճառով, Ռազմական ատյանի նախագահին խնդրում ավելի լուրջ վերաբերվել ականատեսների վկայություններին և պատժել բոլոր հանցագործներին.

«Հարգելի’ նախագահ,

Միաձայն կերպով կարող ենք հաստատել, որ Դուք հանդիսանում եք արդար և անաչառ անձնավորություն, հատկանիշներ, որ ժառանգել եք մեր ժողովրդից:

Այդ պատճառով կցանկանայի կարճ և անկեղծ մի խոսակցություն ունենալ Ձերդ  գերազանցություն հետ: Ես, աքսորված լինելու պատճառով, ականատես եմ եղել Անատոլիայի բազմաթիվ շրջաններում իրականացված տեղահանությանն ու կոտորածներին:

Տեղահանությանն ու կոտորածներին առավել ենթարկված շրջաններն են հանդիսանում Մուշը և Անկարան: Մի շրջան[1] գոյություն ունի, որից տարագրված հայերի թվաքանակը հազարների է հասնում. մի՞թե այդ շրջանում տեղահանությունն ու կոտորածները կազմակերպած և իրականացրած անձանց քանակը սահմանափակվում է մահապատժի ենթարկված Քեմալ և 15 տարվա բանտարկության դատապարտված Թևֆիկ բեյերով: Անձամբ միայն ինձ հայտնի է այդ խնդրին առնչված համարյա 20 հոգու անուն:

Իսկ ո՞րն է դրա անհրաժեշտությունը:

Երբ Քեմալի դատավարության ընթացքում մի շարք անուններ բացահայտվեցին, անհրաժեշտ էր, որ դրանք պատշաճ ուշադրության արժանացվեին, Ձեզ նման արդարադատ անձնավորությունը նրանց անմիջապես ծանուցագիր ուղարկեր, անհրաժեշտության դեպքում մի քանիսին ձերբակալեր և արագ կերպով իրականացներ նրանց դատաքննությունը: Արդյոք ի՞նչ պատճառներից ելնելով է, որ կարևորություն չի տրվում այդ խնդրին:

Այդ ինչպե՞ս է, որ մենք այն տարածքներում, ուր աքսորվել էինք` Մուշում և Սինոպում եղած ժամանակ, պաշտոնական անձ չհանդիսանալով հանդերձ, տեղյակ ենք, թե ի~նչ  սահմռկեցուցիչ կերպով են կատարվել Տրապիզոնի տեղահանությունն ու կոտորածները, որոնց դատաքննությունը ներկայում դեռ շարունակվում է, իսկ Ձեր` նման հնարավորությունների տեր հարգարժան դատարանը չի կարողանում խորանալ մանրամասների մեջ:

Սինոպում մենք հանդիպեցինք առավոտները Տրապիզոնից դեպի Ստամբուլ մաքսանենգ կերպով իրեր և սննդամթերք տեղափոխող լազ նավաստիների և կարողացանք մանրամասներ իմանալ այն մասին, թե ինչպես են մեր խեղճ հայ հայրենակիցները ոչնչացվել և բնաջնջվել նահանգապետ Ջեմալ Ազմիի և իթթիհադական հրոսակախմբին պատկանող իր չարագործ գործակիցների կողմից: Պարզվում է, որ այս խեղճերին` կանանց և երբեմն նույնիսկ երեխաներին էլ ներառյալ, Ռումինիա ուղարկելու պատրվակով լցրել են առագաստանավերն ու մակույկները և շրջահայեցորեն ափից մեկ ժամ հեռացնելուց հետո անմիջապես ծովը նետել, իսկ երբ ծովում խեղդվողները փորձել են կառչել առագաստանավերի եզրերից, կացնով կտրել են նրանց մատները:

Անձամբ ականատես չենք եղել այդ արյունալի և ցավալի տեսարաններին, սակայն մի քանի ընկերներով ուշադրությամբ լսել ենք այդ ամենը սեփական աչքով տեսած 40-50 նավաստիների պատմածը: Բայց մի՞թե այդ պահին Տրապիզոնում գտնված պատվավոր և անկողմնակալ անձանց` այդ կապակցությամբ ունեցած տեղեկությունները ստանալով` կարողացանք բացահայտել ողջ ողբերգությունը:

Այն ժամանակ Տրապիզոնի մաքսային գլխավոր վարչության ծառայող, ներկայում մաքսային տեսուչ Բեսիմ բեյին ճանաչում եմ որպես շատ ողջախոհ մի անձնավորության: Այս մարդը պաշտոնից հեռացվել է Ջեմալ Ազմիի դաժանության մասին անհրաժեշտ մարմիններին տեղեկացնելու պատճառով:

Իսկ երկրորդին` Քենան[2] անունը կրող երիտասարդին, հանդիպել եմ Չորումում` Ռեֆիկ Հալիդ բեյի տանը: Քենան բեյին ազատել էին Տրապիզոնի դատական քննչի պաշտոնից, որից հետո նա վերադարձել էր Ստամբուլ: Այս հերոսական անձնավորությունը հետ էր կանչվել այն ժամանակվա արդարադատության նախարար Հալիլ բեյի կողմից` հայերի հետ կապված ողբերգական դեպքերի կապակցությամբ անմիջապես հետաքննություն կատարելու պահանջով հանդես գալու պատճառով: Քենան բեյը չէր բավարարվել միայն իր պաշտոնական պարտականությունների իրականացմամբ. անձամբ լուսանկարել էր այդ ողբերգական տեսարանները, որոնց ականատեսն էր դարձել: Այդ ազնիվ անձնավորությունը ինձ պատմել է Ամասիայում անձամբ (…)[3] հայեր սպանած և սրտխառնոց առաջացնող մուհաջիրներից Մեհմեդ Քաբաշ անունը կրող մի արնախում մարդու մասին, որի անունը, սակայն, չենք հանդիպում դատական արձանագրություններում:

Աղերսում ենք, որ թե’ լուրջ վերաբերվեք ականատեսների վկայություններին և թե’ այսուհետ տեղի ունենալիք դատավարությունների ընթացքում առավել աչալրջությամբ ծանուցագիր ուղարկեք յուրաքանչյուր վկայակոչված անձնավորության:

Հուսով ենք, որ տրվելիք բացատրությունների միջոցով կհաստատվի, որ մեր անմեղ ազգը ոչ մի կապ չի ունեցել ավազակախմբերի կողմից կատարված հանցագործությունների հետ, իսկ հանցավորները հաստատապես կպատժվեն:

Արտասահմանցիները մեզ մեղադրում են վերոհիշյալ հանցագործներին թաքցնելու մեջ, մինչդեռ ժողովրդի մտքով երբեք չի անցել նրանց թաքցնել, որովհետև կատարված հանցագործությունների պատասխանատուն է ոչ թե ժողովուրդը, այլ իթթիհադական ավազակախումբը: Ժողովուրդն անմեղ է: Իսկ ճշմարտության լրիվ բացահայտումը իրականանալի է բոլոր հանցավորների դատապարտմամբ միայն:

Առիթից օգտվելով` արտահայտում եմ խորին հարգանքներիս հավաստիքը:

Ահմեդ Քադրի»

25-ը ապրիլի, 1919, «Ալեմդար»

[1] Խոսքը Յոզղատի մասին է:

[2] Դատական քննիչ Քենանը Տրապիզոնի դատաքննության 1919 թ. մայիսի 10-ի նիստում որպես վկա ցուցմունքներ էր տվել դատարանին:

[3] Հոդվածի այս հատվածի տպագրումն արգելվել է գրաքննության կողմից:

Օսմաներենից թարգմանեց Մելինե Անումյանը

Նյութը akunq.net կայքից