կարևոր
4132 դիտում, 5 ամիս առաջ - 2024-04-29 17:22
Հասարակություն

Երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունների այժմեականությունը

Երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունների այժմեականությունը

Երբ անդրադառնում ենք պատմագիտության ուտիլիտարիզմին, գիտակցում ենք, որ պատմության գրեթե ամեն մի դարաշրջանի կամ դրվագի ուսումնասիրություն կարևոր է՝ ներկան արժևորելու և ապագան ճիշտ կառուցելու համար։ Ինչ վերաբերում է մեր պատմությանը, ապա, ըստ իս և ի ցավ սրտի, Հայոց ցեղասպանության շրջանի պատմությունը՝ իր ամբողջ ընդգրկումով, 100 տարի անց անգամ շարունակում է մնալ արդիական։ Հայոց ցեղասպանության պատմության ամենակարևոր դրվագներից մեկն էլ երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունները կամ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքի հիմքով հարուցված 60-ից ավել դատական գործերն են, որոնք քննվել են Օսմանյան պետության ռազմական արտակարգ ատյաններում։

Թեև երիտթուրքերի դատավարությունները բավականաչափ ուսումնասիրված են հայ և օտարազգի մասնագետների կողմից, այնուամենայնիվ Թուրքիայի պատմության՝ մեզ անմիջականորեն առնչվող այդ դրվագին ևս մեկ անգամ անդրադարձն ու վերարժևորումը այժմեական են հատկապես մեր օրերում, երբ Թուրքիա պետությունը շարունակում է ոչ միայն ուրանալ Հայոց ցեղասպանության փաստը, այլ նաև անտեսում օսմանյան դատարանների վճիռները։

Հայոց ցեղասպանության ուրացման հարցում արդեն բավականին պատկառելի փորձառություն ձեռք բերած Թուրքիան՝ քարոզչության իր բոլոր գործիքներով, 2024 թ․ ևս շարունակում է իր հակագիտական գործունեությունը։ Թուրքիայի իշխանություններն ու նրանց խոսափողները, այս հարցում ունենալով 100-ամյա փորձ, հասկացել են, որ ավելի ճիշտ կլինի դեռ ապրիլքսանչորսյան շաբաթը չհասած՝ հակադարձման անցնել Հայոց ցեղասպանության ճանաչման պայքարին։

Այսպես՝ ապրիլի սկզբներից թուրքական ամենաազգայնամոլ պարբերականներից մեկը՝ «Յենի Չաղը», ձեռնարկել է հոդվածաշարի հրապարակում Հայոց ցեղասպանության և դրանից բխող պահանջատիրական պայքարի դեմ։ Հոդվածաշարի հեղինակն էլ ոչ թե պատմաբան է, այլ քաղաքագետ ու քաղաքական գործիչ։ Մուրադ Սուրուրի Օզբյուլբյուլ անվամբ այդ անձը հայերի հանդեպ ատելությամբ հայտնի ուլտրանացիոնալիստական «Ազգային շարժում» կուսակցության (Milliyetçi Hareket Partisi / MHP) հայտնի գործիչներից է։

2024 թ․ ապրիլի 10-ին «Յենի Չաղ»-ում «Հայկական պահանջներն իրատեսակա՞ն են» («Ermeni Talepleri Gerçekçi mi?») վերնագրով հրապարակված հոդվածում Մուրադ Սուրուրի Օզբյուլբյուլը, շեշտելով, թե իբր ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը չի կարող Օսմանյան կայսրության ժառանգորդը համարվել, գրում է․ «Ահա թե ինչու իրավական առումով Թուրքիայի Հանրապետությունը որևէ պատասխանատվություն չի կարող կրել, ինչ էլ որ եկած լինի հայերի գլխին» ։

Նույն հոդվածում նա թեև հպանցիկ անդրադառնում է երիտթուրքերի դատավարություններին՝ նշելով, որ հայերի դեմ հանցագործությունները քննելու նպատակով 120 հոգու Մալթա են աքսորել, սակայն լինելով քաղաքական գործիչ և պատմական անցքերը լուսաբանելիս առաջնորդվելով ոչ թե պատմական փաստերով, այլ քաղաքական շահերով՝ գրում է, թե իբր ռազմական դատարանները հիմնվել են Ստամբուլը գրաված մեծ տերությունների (Անտանտի պետությունների) կողմից։ Հրապարակման վերջում Օզբյուլբյուլը հանգում է հակագիտական և սխալ եզրակացության, քանի որ ի սկզբանե էլ նրա նպատակը ոչ թե պատմական իրական փաստերը վեր հանելն էր, այլ դրանց խեղաթյուրումը։ Այսպես՝ նա, լիովին անտեսելով, որ այդ դատական գործերը քննվել են և հանգուցալուծվել ոչ թե այլազգի, այլ թուրքական դատարանների, մասնավորապես՝ Օսմանյան պետության ռազմական արտակարգ ատյանների կողմից, հայտնում է, թե իբր «Ստամբուլում և Մալթայում ձերբակալված անձանց վերաբերյալ հանցագործությունը հաստատող ապացույցներ չգտնվելու պատճառով անգլիացիները փորձել են ուսումնասիրել օսմանյան արխիվները, սակայն այնտեղ ևս չեն կարողացել հանցանշաններ գտնել»։

Այդպիսով՝ նա լռության է մատնում այն պատմական փաստը, որ իրականում Մեծ Բրիտանիան Մալթա աքսորված Հայոց ցեղասպանության պատասխանատուներին բաց է թողել, որպեսզի նրանց փոխանակի Առաջին աշխարհամարտի ընթացքում գերի ընկած իր զինվորականների հետ։ Դրա փոխարեն՝ պնդում է, թե իբր անգլիացիների կողմից դատական գործընթաց չի սկսվել ապացույցների անբավարար լինելու հետևանքով ։

Անմիջապես հաջորդ օրը լույս տեսած մեկ այլ հոդվածում, որը կրում է «Հայերին փոխհատուցելու խնդիրը» («Ermenilere Tazminat Meselesi») վերնագիրը, նույն հեղինակը դարձյալ գնում է պատմական անուրանալի փաստերն աղավաղելու և ժխտելու ճանապարհով և նշում, թե իբր «1915 թ․ դեպքերի վերաբերյալ ոչ մի դատական վճիռ չի կայացվել» ։ Միտումնավոր կերպով անտեսելով 1919-1921 թթ․ օսմանյան դատարանների կայացրած վճիռները՝ Օզբյուլբյլուլը խեղաթյուրում է օսմանյան ռազմական արտակարգ ատյանում քննված այդ գործերը և գրում, թե երիտթուրքերին դատելու համար հիմնվել են միայն «Մալթայի դատարանները», որոնք, սակայն, չեն գործել «ապացույցների անբավարար լինելու հետևանքով» ։

Ժամանակ առ ժամանակ, հատկապես՝ ամեն տարվա ապրիլին թուրքական մամուլում հայտնվող նմանատիպ հոդվածները մեզ հիշեցնում են երիտթուրքերի 1919-1921 թթ․ դատավարությունների թեման մշտապես ակտիվ պահելու և այդ կարևոր պատմական փաստը վերստին արժևորելու անհրաժեշտության մասին։

Օսմանյան կայսրության մայրամուտին կամ թուրքական պատմագրության եզրով՝ զինադադարի շրջանում օսմանյան դատական մարմինների կողմից իրականացված այդ դատաքննությունները կարևորվում են հետևյալ հանգամանքներով․

1․ Հայոց ցեղասպանության փաստը հավաստող պաշտոնական փաստաթղթեր

Ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանության փաստը հաստատող վավերագրերի շարքում առանձնահատուկ կարևոր տեղ են զբաղեցնում օսմանյան պաշտոնական փաստաթղթերը։ 1919-1921 թթ․ հայերի տեղահանության և կոտորածների մեղադրանքով հարուցված այս 60-ից ավել դատական գործերի նիստերում հատկապես 1919 թ․ երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների դատավարության ժամանակ ներկայացված մեղադրական եզրակացությունները, դատաքննությունների ընթացքում ունկնդրության արժանացած վկաների և ամբաստանյալների ցուցմունքները, ընթերցված պաշտոնական ծածկագիր հեռագրերը և հատկապես դատավճիռներն ընդգրկող այս փաստաթղթերի դերն իրապես անգնահատելի է Հայոց ցեղասպանության փաստն ապացուցելու առումով։ Դատական վավերագրերի շարքում առաձնահատուկ հիշատակման է արժանի «Միություն և առաջադիմություն» կուսակցության անդամների դատաքննության առաջին նիստում (1919 թ. ապրիլի 28) ներկայացված ամբաստանագիրը, որը բաղկացած էր 41 պաշտոնական ու կիսապաշտոնական բնագիր փաստաթղթերից, ինչպես նաև 1919 թ. հուլիսի 5-ին երիտթուրքերի կուսակցության և կառավարության անդամների վերաբերյալ կայացված ընդհանուր դատավճիռը, ըստ որի` մահվան են դատապարտվել Հայոց ցեղասպանության գլխավոր պատասխանատուները:

2․ Դատական մարմնի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչում և դատապարտում

Որքան էլ հավակնոտ հնչի, այնուամենայնիվ կարելի է արձանագրել, որ այս դատական գործընթացների և դատաքննությունների արդյունքում ընդունված դատավճիռների միջոցով Օսմանյան պետությունը և նրա իրավահաջորդ Թուրքիան արդեն իսկ պաշտոնապես ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Այսինքն՝ Թուրքիան, ի դեմս այն ժամանակվա իշխանությունների, այդ կերպ ընդունել է, որ հայերը զանգվածաբար կոտորվել են` նախապես որոշված պետական ծրագրի համաձայն: Այն, որ թուրքերը, փաստորեն, առաջինն են դատապարտել Մեծ եղեռնի հեղինակներին, թերևս, կարող է առաջին հայացքից աբսուրդային թվալ, մանավանդ, երբ նկատի առնենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ամբողջ ընթացքում իշխանությունները շարունակաբար ժխտել են Հայոց ցեղասպանությունը: Սակայն դա անուրանալի պատմական փաստ է, որը պետք է ելակետային լինի թուրքական ժխտողականության դեմ մեր պայքարում։

Այս դատական վավերագրերը բացառիկ արժեք են ձեռք բերում, երբ նկատի ենք առնում, որ դրանցից յուրաքանչյուրն ուսումնասիրվել է Օսմանյան կայսրության արդարադատության և ներքին գործերի նախարարություններին ենթակա իրավասու պաշտոնյաների կողմից, որոնք հաստատել են դրանց վավերականությունը: Բացի այդ` շատ դեպքերում մեղադրյալներին ցույց են տրվել փաստաթղթերի տակ դրված սեփական ստորագրությունները, և նրանք ընդունել են, որ դրանք իրենց են պատկանում: Հենց այս ընթացակարգի շնորհիվ էլ սույն դատավարություններն անգնահատելի աղբյուր են ոչ միայն պատմագիտական, այլև իրավական տեսանկյունից: Ուստի, մեծանուն ցեղասպանագետ Վահագն Տատրյանի դիպուկ բնորոշմամբ, «ռազմական դատարանների փաստաթղթերի հավաքականությունը ամենաուժեղ հակաթույնն է թուրքական ժխտողականության դեմ» :

Ահա թե ինչու Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիայի պաշտոնական պատմագրությունն ի սկզբանե ուրացել է այդ դատավարություններն իրականացրած դատական մարմինների որոշումներն ու վճիռները։ Հենց դա է պատճառը, որ ներկայում ևս թուրքական իշխանություններն, օգտագործելով քարոզչության իրենց բոլոր հնարավորությունները, անտեսում կամ աղավաղում են երիտթուրքերի դատավարությունները քննած ռազմական արտակարգ ատյանների վճիռներն ու փաստաթղթերը։

Մելինե Անումյան

«Դրօշակ» թիվ 4, 2024թ.