Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համացանցում տարածված նամակ-նկարը, թե 1918 թվականի հուլիսի 17-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նամակ է ուղարկվել Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Անդրանիկ Փաշային «վերջնականապես ջախջախելու» խնդրանքով, կեղծ է։
Aysor.am-ի հետ զրույցում նամակը կեղծ որակեցին Ազգային արխիվի տնօրենը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը և ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Չեմ հանդիպել նման նամակի», – ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտոիտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ապա հավելեց. «Կարող է շինծու փաստաթուղթ լինել»։
«Դա կեղծիք է, այդպիսի բան չի եղել», – Aysor.am-ին ասաց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։
Նա նշեց, որ այս նամակն ավելի վաղ՝ դեռևս խորհրդային ժամանակներում որոշ պատմաբանների կողմից մեկ անգամ դրվել է շրջանառության մեջ և իրականության հետ որևէ կապ չունի։
Վիրաբյանի խոսքով՝ այդ կեղծ նամակում նշված է, թե ստորագրողներից մեկը Քաջազնունին է, այնինչ այդ ժամանակ Քաջազնունին գտնվում էր Թբիլիսիում։
«Հուլիսի 19-ին է նա Թբիլիսիից շարժվել դեպի Երևան։ Այսինքն՝ այդ հեռագիրը լինել չէր կարող», – նշեց Վիրաբյանը։
Նամակում նշված է, թե ստորագրողներից մեկն էլ Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր Արամ Փաշա Մանուկյանն է։ Սրա վերաբերյալ էլ Ամատունի Վիրաբյանն ասաց. «Արամ Փաշան երբեք զինվորական մինիստր չի եղել։ Այդ ժամանակ նա ընդամենը ներքին գործերի մինիստր էր և գտնվում էր Երևանում»։
Մյուս ստորագրողն, ըստ նամակի, Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ Սահակյանն է։
«Կառավարության խորհրդի նախագահ չէ, նա եղել է պառլամենտի նախագահ՝ օգոստոսի 1-ից», – ասաց Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, թե այս նամակը կեղծիք է՝ առանց որևէ կասկածի։
Ազգային արխիվի տնօրենն ասաց, թե նախկինում էլ այս նամակը տարածել էին Դաշնակցությանը վարկաբեկելու համար։
«Քանի որ այդ ժամանակ՝ հուլիսի 17-ին, Սահակյանը և Քաջազնունին գտնվում էին Թբիլիսիում, Արամ Փաշան՝ Երևանում, հետևաբար՝ այդպիսի հեռագիր լինել չէր կարող», – կրկնեց Ամատունի Վիրաբյանը։
ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ևս Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ նամակը կեղծ է։
«Բնականաբար, այս նախընտրկան շրջանում սա տարածվել է կուսակցությանը վարկաբեկելու համար», – ասաց Կիրո Մանոյանը։
Որոշել էի չանդրադառնալ այս անհեթեթությանը, բայց տեսնելով, թե ինչպես են նախընտրական այս օրերին այն ակտիվորեն տարածում ՀԱԿ-ՀԺԿ-ի, ՀՎԿ-ի և ՕՐՕ-ի զոմբիները (առայժմ այս շրջանակում եմ տեսել)՝ որոշեցի մի երկու խոսք ասել:
Նման փաստաթուղթ գոյություն չունի և չի ունեցել: Տարիներով այս կեղծ գրառումը շրջանառում են հակադաշնակցական թույնով մթագնածները ու երբ որևէ մեկին ասում ես ցույց տան արխիվային հիմքը՝ պոչները հետևներն են մցնում:
Չի կարելի այդքան ցածր լինել ու բորենիների խրախճանք կազմակերպել սա տարածելով ու էշություններ տակը մեկնաբանելով:
Հիմա ներկայացնեմ մի քանի փաստարկ.
1. Ցանկացած միաբջիջ ուղեղով անձ, անգամ մասնագետ չլինելով՝ կհասկանար, որ սա էշություն է լոկ մեկ բառից՝ «փաշա»: Գոյություն չունի գեթ մեկ արխիվային պաշտոնական փաստաթուղթ, որտեղ Արամ Մանուկյանն այդպես գրվեր: Թուրքահայաստանի գաղթականության որոշ մասի մոտ ընդունված ժողովրդական դիմելաձևը՝ թուրքական տիտղոսներով՝ երբեք տեղ չեն գտել պետական գրություններում:
2. Արամ Մանուկյանը ՀՀ զինվորական մինիստր չէր, այլ՝ ներքին գործերի նախարար:
3. Պաշտոնական գրություններում բացառվում էր, որ ում դիմում են՝ նրա անունը փոքրատառերով գրեին, իսկ դիմում գրողներինը՝ բացառապես մեծատառերով:
4. Բացառվում էր, որ պաշտոնական գրության մեջ Հովհաննես Քաջազնունու և Արամ Մանուկյանի անունների առաջնատառերը գրվեին, իսկ Ավետիք Սահակյանինը՝ ոչ:
5. Ավետիք Սահակյանը Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ չի եղել ։ Եղել է խորհրդի նախագահ։
6. ՀՀ անդրանիկ կառավարության կազմը հրապարակվել է 1918թ. հուլիսի 24-ին, չէր կարող 1918թ. հուլիսի 17-ին նման գրություն ծնվեր:
7. Այս կեծված փաստաթուղթը ստեղծվել է իմ հարգելի եւ սիրելի երջանկահիշատակ հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, սովետական քաղաքական գործիչ Ջոն Կիրակոսյանի կողմից: Հարց կառաջանա՝ ինչու՞ է նման բան արել մեծանուն մասնագետը:
Չպետք է մոռանաք կամ պետք է գիտենաք, որ Ջոն Կիրակոսյանը ապրել ու գործել է ԽՍՀՄ տարիներին: Զբաղվելով պատմական այն շրջանով, երբ հայ քաղաքական կյանքում հեգեմոն դերակատարությունը ՀՅԴ-ինն էր, նա չէր կարող իր աշխատություններում հակադաշնակցական գրառումներ չանել, այլապես սովետական միության ժամանակ իր գրքերը չէին հրապարակվի և գրաքննադատությամբ կարգելվեին: Բացի դա, նա Հայկական ԽՍՀ արտաքին գործերի մինիստր էր 1975 – 1985թթ-ին, հետևաբար, շփվելով Սփյուռքի հետ, ԽՍՀՄ-ում պետք է երևար որպես հակադաշնակցական, որպեսզի այդ շփումներում ՊԱԿ-ի կողմից կասկածներ չառաջանային, քանի որ սփյուռքում, հատկապես այդ տարիներին՝ Դաշնակցության դերակատարումը շատ մեծ էր ու ակտիվ:
Բայց լինելով գիտնական, նա այս ստեղծած կեղծ փաստաթղթում, կարծում եմ գիտակցաբար, թողնում է մեծ ու անթույլատրելի սխալներ ու կեղծումներ, որպեսզի ցանկացած միջին մակարդակի գիտնական, երբ առնչվի այդ գրառման հետ՝ տողատակում հասկանա դրա դատարկ և հորինված լինելը:
Կարող եմ էլի որոշ դիտարկումներ գրել, բայց բավարարվեմ այսքանով:
Հ.Գ. Ի դեպ, ներկայում բոլշևիկները վերացել են, բայց ինչպես տեսնում եմ, որոշ քաղաքական ուժերի մեջ ճտեր են թողել:
Մարդ եղեք, մարդ:
Ու ձեռքներդ հեռու Դաշնակցությունից, անլվաներ:
1965-ին խորհրդահայ պատմաբան Ջոն Կիրակոսյանը իր «Առաջին համաշխարհային պատերազմը եւ հայերը» աշխատությամբ շրջանառության մեջ դրեց մի հեռագիր, որի իսկությունը չի հաստատվում ո՛չ արխիվային փաստաթղթերով, ո՛չ զորավար Անդրանիկի կենսագիրների գրքերով:
Խոսքը ներքոշարադրյալ հեռագրի մասին է.
Հեռագիր թուրքական կառավարությանը.
«Նորին գերազանցություն Մեծարգո Օսմանյան կառավարության զինվորական մինիստր` Էնվեր փաշային». Կոստանդնուպոլիս
.
Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատիվ ունի հայտնելու Ձերդ գերազանցությանը, հանուն մեր բարեկամության, իրազեկ դարձնել Ձեզ այն մասին, որ Անդրանիկ փաշան խուսափել է մեր կառավարությունից, իմանալով, որ զինվորական դատի պիտի ենթարկվի մեր զինվորական մինիստրին չենթարկվելու համար: Անդրանիկ փաշան տաճկահպատակ հայերից կազմել է առանձին զորաբանակ, նպատակ ունենալով անցնել Ջուլֆայի կամուրջը եւ Խոյի ու Սալմաստի շրջանում միանալ Վանից նահանջող ժողովրդին: Նա մտադիր է ուժեղ բանակ կազմել, ստեղծել սեպարատ պետություն եւ հարձակվել ձեր վրա: Խնդրում ենք միջոցներ ձեռք առնել նրան վերջնականապես ջախջախելու համար:
Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ` Հ. Քաջազնունի
Հայաստանի Հանրապետության զինվորական մինիստր` Արամ փաշա Մանուկյան
Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան
Հուլիսի 17-ին, 1918թ.»:
Իրականություն է, որ և՛ Հովհաննես Քաջազնունին, և՛ Արամ Մանուկյանը, ով Ջոն Կիրակոսյանի հեռագրում սխալմամբ ներկայացվել է զինվորական մինիստր (Արամը ներքին գործերի նախարարն էր, իսկ զինվորական նախարարը անկուսակցական Հովհաննես Հախվերդյանն էր), կողմնակից էին թուրքերի հետ զգույշ հարաբերությունների: Ավելին, Քաջազնունին պնդում էր, որ Հայաստանը պետք է հավատարիմ մնա 1918-ի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան կայսերական կառավարության հետ կնքված պայմանագրի դրույթներին, քանի որ բացառված չէր թուրքական զորքերի նոր արշավանքը դեպի Հայաստան և նորաստեղծ հանրապետության և այնտեղ հավաքված հայ ժողովրդի վերջնական կործանումը:
Իրականություն է նաև, որ Անդրանիկը չէր ընդունում և ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, այն համարելով ԹՈՒՐՔԻ ՁԵՌՔՈՎ ՍՏԵՂԾԱԾ՝ նկատի ունենալով Բաթումի հաշտության պայմանագիրը, որով Օսմանյան Թուրքիան առաջինն էր ճանաչել ընդամենը 10-11 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունը: Հավանաբար այդ պատճառով էր, որ Անդրանիկը իր շուրջ 2000 զորախմբով, որ ձևավորվել էր Ալեքսանդրապոլում 1918-ի գարնանը, գրեթե մասնակցություն չունեցավ Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հայ-թուրքական կռիվներին:
Իրականություն է նաև, որ Անդրանիկը իր զորախմբով՝ կազմված հիմնականում արևմտահայերից, և շուրջ 25-30 հազար արևմտահայ գաղթականության հետ մտադիր էր Ռևանդուզով հասնել Բաղդադի կողմերը և միանալով բրիտանացիներին՝ շարունակել իր պատերազմը թուրքերի դեմ: Այս մասին մանրամասն գրել է նրա գրագիրը՝ Եղիշե Քաջունին ԶՕՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ գրքում:
Ջոն Կիրակոսյանի հորինած շարադրանքում Քաջազնունու և Արամի կողքին հիշատակվում է նաև «Հայաստանի կառավարության խորհրդի նախագահ` Սահակյան»-ը: Սա, անկասկած, Ավետիք Սահակյանն է, ով եղել է Հայաստանի առաջին խորհրդարանի՝ Խորհրդի նախագահը: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ Սահակյանը այդ կառույցի նախագահ է ընտրվել Խորհրդի անդրանիկ նիստում՝ օգոստոսի 1-ին, հետևաբար՝ հուլիսի 17-ին չէր կարող լինել նախագահ: Եվ ընդհանրապես, հուլիսի 17-ին Խորհուրդ գոյություն չուներ, քանի որ այն բացվել է դրանից երկու շաբաթ անց՝ օգոստոսի 1-ին:
Իսկ թե ինչու է խորհրդային պրոպագանդան և խորհրդահայ պատմագրությունը հորինել Քաջազնունու և Արամի նամակ-հեռագիրը Էնվերին՝ ընդդեմ Անդրանիկի, ավելի ճիշտ՝ ընդդեմ ՀՅԴ-ի, պետք է փնտրել այն առճակատման մեջ, որում ներգրավված էին ԽՍՀՄ-ն ու Արևմուտքը: 1960-ական թթ. ՀՅԴ-ն արևմտյան ճամբարի կազմում գաղափարական և Սառը պատերազմ էր մղում ընդդեմ Խորհրդային Միության:
Թաթուլ Հակոբյան
Մարտի 20, 2016
Հայկական ուումնասիրությունների ԱՆԻ կենտրոն