Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին նա ներկա է գտնվել հոկտեմբերի 18-21-ն անցկացվող աշխատաժողովի բացմանը: Հայաստանի մաքսային ծառայության աջակցությամբ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Մերկատոր» ծրագրի վերաբերյալ ՀՄԿ եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովը նվիրված է Առևտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համատեքստում «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմանը:
ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, աշխատաժողովի թեման արդիական է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ տարածաշրջանի մաքսային բոլոր ծառայությունների համար. «Առևտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կիրառմամբ կապահովվի արտահանման դիվերսիֆիկացում, առևտրում ՓՄՁ-ների առավել լայն մասնակցություն, հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել, ավելի արդյունավետ կազմակերպել եկամուտների հավաքագրումն ու կրճատել կոռուպցիան»:
Առևտրի ոլորտում համագործակցության մասին ՀՄԿ համաձայնագրի դրույթների կիրառմամբ ՓՄՁ-ները շահավետ միջազգային առևտուր իրականացնելու նոր հնարավորություններ կստանան: Այդ առիթով ՊԵԿ-ը նախատեսում է կատարելագործել մաքսային վարչարարությունը՝ միջազգային առևտուրը խթանելու համար:
«Պետք է գերակշռող դարձնել գործարքի գնի մեթոդի կիրառումը, կատարելագործել հետբացթողումային հսկողությունը՝ մեծացնելով «կանաչ ուղու» կիրառման պրակտիկան: Ձգտելու ենք նաև մաքսային ինքնահայտարարագրման գործառույթի տեսակարար կշիռը գերակշռող դարձնել արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերում, վերացնել մաքսային հսկողության մեխանիզմներում անտեղի ձգձգումները և արագացնել «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը սահմանային անցակետերում»,-նշել է Վարդան Հարությունյանը:
ՀՀ մաքսային համակարգը՝ ընթացակարգերի բարեփոխման հաջողված փորձով, մշտապես ՀՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրության կենտրոնում է, որն արդեն երրորդ անգամ է այցելում մեր երկիր։ «Հայաստանը հաջողությամբ ավարտել է մաքսային ընթացակարգերի ավտոմատացումը, որին հաջորդելու է «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը: Այն մեծապես կդյուրացնի գործարարի աշխատանքը, քանի որ մաքսատուն ներկայացված մեկ հայտարարագիրը հասանելի կդառնա միաժամանակ բոլոր պետական մարմիններին, և ապրանքի բացթողման թույլտվությունը գործարարը կստանա՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ շփվելու»,-նկարագրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարը:
Նրա դիտարկմամբ, թեև գործընթացը բարդ և ժամանակատար է, սակայն բոլոր նախանշանները վկայում են, որ Հայաստանն այս փուլը ևս հաջողությամբ է ավարտելու. «Սահմանին աշխատող մյուս պետական մարմինների հետ փոխկապակցվածության ապահովումը մեծ ջանքեր է պահանջում: ՀՀ մաքսային ծառայությունն արդեն իսկ համագործակցություն է հաստատել գերատեսչությունների հետ»:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին