կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-19 16:09
Աշխարհ

Պակիստանը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել Հնդկաստանի հետ լարվածությունը նվազեցնելու համար

Պակիստանը ՄԱԿ-ից օգնություն է խնդրել Հնդկաստանի հետ լարվածությունը նվազեցնելու համար

Փետրվարի 19-ին Պակիստանի արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին՝ խնդրելով օգնել նվազեցնել լարվածությունը Իսլամաբադի և Նյու Դելիի հարաբերություններում, որն սկսվել է Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում փետրվարի 14-ին իրականացված ահաբեկչական գործողությունից հետո: Այս մասին  հայտնում է The Economic Times թերթը:

Ահաբեկչությունից հետո, որի հետևանքով զոհվել է 45 մարդ, Հնդկաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական ճգնաժամ է սկսվել: Նյու Դելին և Իսլամաբադն իրենց դեսպաններին հետ են կանչել խորհրդատվությունների համար: Միևնույն ժամանակ, Հնդկաստանի իշխանությունները Պակիստանին մեղադրել են հարձակման համար պատասխանատու խմբավորմանն աջակցելու մեջ: Նրանք խոստացել են «հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցներով ապահովել Իսլամաբադի լիակատար միջազգային մեկուսացումը»:

Հնդկական կողմը հայտարարել է, որ ինքը գրոհին Պակիստանի մասնակցության ապացույցներ ունի, որը, իր հերթին, չի ընդունում այդ մեղադրանքները: «Ես կցանկանայի շտապ կարգով ձեր ուշադրությունը հրավիրել մեր տարածաշրջանում անվտանգության հետ կապված իրադրության վատթարացման վրա, որը հրահրվել է Հնդկաստանի կողմից` Պակիստանի նկատմամբ ուժի կիրառման սպառնալիքով:  Չափազանց կարևոր է քայլեր ձեռնարկել հակամարտության թուլացման համար: ՄԱԿ-ը պետք է միջամտի, որպեսզի թուլացնի լարվածությունը»,- գրված է Պակիստանի արտգործնախարարի նամակում:

Նա նշել է, որ «անհեթեթություն է նախքան հետաքննությունն սկսելն Իսլամաբադի վրա բարդել  հարձակման պատասխանատվությունը»: Նաև կոչ է արել Հնդկաստանին՝ «բաց և վստահություն ներշնչող հետաքննություն անցկացնել»: