Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարությունում հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներին: Աբրահամյանը վստահեցրել է, որ կառավարությունը, գիտակցելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, տնտեսական աճի ապահովման և աշխատատեղերի ստեղծման գործում, ուշադրության կենտրոնում է պահելու ՓՄՁ ոլորտը և ողջ գործիքակազմով աջակցելու է այս բնագավառի զարգացմանը:
«Աջակցությունն իրականացվելու է հիմնական հետևյալ գործիքներով. սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն, վարկային երաշխավորությունների և վարկերի տրամադրում: Որպես նոր գործիքներ՝ աջակցելու ենք տեղական տնտեսական զարգացմանը և առանձին ոլորտային բիզնեսներին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:
Նրա տեղեկացմամբ՝ կառավարությունը քննարկում է Ասիական զարգացման բանկի հետ ՓՄՁ-ով զբաղվող կին գործարարների համար 25 մլն դոլարի ծրագիր իրականացնելու հնարավորությունը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հստակ քայլեր են ձեռնարկվելու՝ ոլորտի համար հարկային արտոնյալ պայմաններ սահմանելու և հարկային բեռը նվազեցնելու ուղղությամբ, այդ թվում շրջանառության հարկի դրույքաչափերի վերանայման մասով:
«Հետևողականորեն բարելավելու ենք բիզնես միջավայրը՝ կրճատելով բիզնեսով զբաղվելու խոչընդոտները, լիցենզիաները, թույլտվությունները: Ներդրվելու են էլեկտրոնային նոր համակարգեր, նվազելու է տեսչական ստուգումների քանակը»,- տեղեկացրել է վարչապետը:
Նա ՓՄՁ ներկայացուցիչներին վստահեցրել է, որ այս ոլորտին առնչվող յուրաքանչյուր օրենսդրական նախաձեռնություն, խնդիր և առաջարկ քննարկվելու է վերջինների հետ:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Ճշմարիտյանը, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Տնտեսվարողները և ՀԿ-ների անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու խնդիրները: