Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ քաղաքականություն մտնելուց առաջ ինքն առաջինը սեփական անձի հետ է զրույց ունեցել:
«Եվ ես ինձ ասել եմ՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Եվ ես դուրս եմ եկել հրապարակ և իմ առաջին հրապարակային ելույթներում ասել եմ՝ ՀՀ-ի յուրաքանչյուր քաղաքացու կոչ եմ անում, որ ինքն իրեն ասի՝ ՀՀ-ի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը ես եմ: Եվ հետագայում, երբ արդեն այս նախաբանը դրված էր, իմ քաղաքական ողջ գործունեության ընթացքում՝ 2006-ից սկսած, յուրաքանչյուր քաղաքացու ասել եմ՝ ՀՀ ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես: Եվ 2018-ին սա եղել է այն բանաձևը, որով ՀՀ-ում տեղի է ունեցել քաղաքական փոփոխություն»,- ԱԺ-ում հայտարարեց Փաշինյանը:
Իսկ թե այս փուլում ի՞նչ է անհրաժեշտ տնտեսական հեղափոխության համար, նա նշեց՝ կառավարությունն ունի իր պատասխանատվության և անելիքի բաժինը, բայց յուրաքանչյուր քաղաքացի ունի պատասխանատվության և անելիքի իր բաժինը:
«Կառավարությանը և անձամբ վարչապետինն են թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 100 պատասխանատվությունը, բայց 101-ը, 102-ը, 103-ը և 104-ը պատկանում են քաղաքացուն: Մենք ասում ենք՝ հնարավոր չէ աղքատությունը հաղթահարել առանց աշխատանքի, հնարավոր չէ առանց աշխատանքի որևէ բան փոխել, հնարավոր չէ որևէ բան ստեղծել առանց աշխատանքի, և սրան ի պատասխան` մեզ ասում են՝ քաղաքացին հավատում է կառավարությանը, վարչապետին, բայց ոնց որ չի հավատում իր ապագային: Եվ սա եղել է հաջորդ բանաձևը, որով ՀՀ-ում արվել է հեղոփոխություն, և երբ ՀՀ քաղաքացին բոլոր քաղաքական գործիչներին՝ ինձ, ձեզ, բոլորին, համարում էր ծախված՝ ասելով, որ ոչ մեկին չի հավատում, մենք ասում էինք՝ պետք չի մեզ հավատալ, պետք է ձեզ հավատաք, և եթե այս կառավարությունը ձևավորվել է ոչ թե նրա համար, որ քաղաքացին հավատացել է ինձ կամ որևէ մեկին, այլ հավատացել է ինքն իրեն, հետևաբար՝ մեր կառավարության գործունեությունը ՀՀ-ում նշանակում է ՀՀ քաղաքացու հավատը և վստահությունն ինքն իր հանդեպ և իր ապագայի: Մեր կառավարությունն ընդամենն այդ հավատի սիմվոլն է, արտահայտությունը: Մեր առաքելությունը համարում ենք, որ քաղաքացին իրեն հավատա տնտեսության, գիտության, քաղաքականության մեջ, իր դարդերը ոտնատակ տալու մեջ, խեղճությունը հաղթահարելու մեջ»,- ընդգծեց վարչապետը:
Մեղադրանքին, որ պատասխանատվությունը քաղաքացու վրա են գցում, որ ամեն մեկը բիզնեսով չի կարող զբաղվել, նա արձագանքեց, որ հենց այստեղ բախվում է հին և նոր մտածելակերպերը: «Ասում են՝ բիզնեսով զբաղվել մենակ հատուկ մարդիկ կարան, ովքեր ունեն դաբռոներ, ախպեր, ախպոր ախպոր ախպոր ախպեր, կիլլերներ, մաֆիոզ կապեր, ո՞նց կարա ամեն քաղաքացի զբաղվի բիզնեսով, ամեն քաղաքացի ՀԴՄ չի կարող պահանջել, քաղաքացին ո՞վ է, որ ՀԴՄ պահանջի, և ա'յ վարչապետը, ա'յ կառավարությունը... Դուք ուզում եք ասել, որ դեմ եք սուպերվարչապետի՞ն. երեք օր քարոզում եք, որ երկրում պիտի լինի սուպերվարչապետ: Կլինի կառավարություն, կլինի վարչապետ և մեղրը կարտահանի, փեթակը տեղից տեղ կտեղափոխի, կարմրախայտի հարցը կլուծի, բոլոր հարցերը կլուծի՝ ով ինչ արտահանի, ինչ արտադրի, այ դա երկիր է, և դուք ասում եք, որ դեմ եք սուպերվարչապետական համակարգի՞ն: Ասում եմ՝ աղքատությունը գլուխներում է, սա ասում է մի մարդ, որ ամբողջ ճամփեն ծերից ծեր անցել է, մի մարդ, որի ընտանիքը 1991-ին ուսման վարձը չի կարողացել վճարել: Այո, աղքատությունը մեր գլխում է, ես դա իմ գլխում հաղթահարել եմ: Ասում են, թե էս կառավարությունը փորձում է հին իշխանության վրա գցի ամբողջ բեռը, և գալիս են, ասում, ըստ էության, բացահայտելով իրենց հիմնական առաքելությունը, թե մի ժամանակ Սերժ Սարգսյանն էր մեղավոր, դրանից առաջ Լևոն-Տեր Պետրոսյանը, Քոչարյանը, հիմա էլ Փաշինյանն է մեղավոր, և ոչ` Սերժ Սարգսյանը... Հասկացաք, չէ՞: Հիմնական նախադասությունը հնչեց՝ Սերժ Սարգսյանը մեղավոր չի, Ռոբերտ Քոչարյանն էլ մեղավոր չի, ոնց որ մեղավոր չի այսօրվա կառավարությունը. բացահայտվեց հիմնական առաքելությունը, թե էս ինչի մասին են էս մարդիկ խոսում: Ձեզ պարզ չի՞, թե Սերժ Սարգսյանն ինչով է մեղավոր: Մեղավոր է, որ ասում էր՝ ամեն մարդ չի կարա բիզնեսով զբաղվի, ով կկզի, կմուծվի... Դրանով է մեղավոր, որ ախպերն ամեն տեղ փայ էր մտնում, այ դրանով է մեղավոր: Չփորձեք մյուս անգամ ինձ և իրանց դնել նույն հարթության վրա, ձեզ և իրանց դրեք նույն հարթության վրա, որովհետև 2018-ին նույն բանն էիք ասում, թե բա անձերի դեմ չենք պայքարում, ոնց կարող ենք անձերի դեմ պայքարենք, այ գնանք, փոխնախարարի պաշտոն ստանանք և ներսից կամաց կառուցենք: Դառել են հեղափոխության հիմնական արբիտրաժը՝ ով է հավատում, ով՝ ոչ, իրանք էլ հեղափոխական հավատաքննիչն են, հլը մի հատ կողքներդ նայեք, բա որ հեղափոխություն չի էղել, դուք 18 հոգով ի՞նչ գործ ունեք` ստե նստած: Ձեր համար, իհարկե, հեղափոխություն չի եղել, որովհետև որտեղ առաջ էր ձեր քաղաքական բովանդակությունը ստեղծվում, հիմա նույն տեղում ստեղծվում է: Ձեր հիմնարկի դեմը տնկում եք ՀՀ-ի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի դրոշները, մեզ էլ խորհուրդ եք տալիս՝ արտաքին քաղաքականությունը հավասարակշռել, բա Ռուսաստանի դրոշը ինչի՞ չեք կախել, էլ չեմ ասում` Վատիկանի դրոշը»,- նշեց Փաշինյանը: