կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-09 19:10
Հասարակություն

Թուրքիայի իսլամացված հայերն ունեն ինքնությունը վերագտնելու իրավունք

Թուրքիայի իսլամացված հայերն ունեն ինքնությունը վերագտնելու իրավունք

2005 թ Թուրքիայում առաջին անգամ «հայկական կոնֆերանս» անցկացնելու առաջարկն ազգայնամոլների մոտ մեծ լարվածության տեղիք տվեց։ Այնուհետև Թուրքիայի արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը այդ կոնֆերանսի կազմակերպիչներին մեղադրեց Թուրքիային թիկունքից հարվածելու մեջ, մինչդեռ Շյուքրյու Էլեքդաղը, որը հիմանական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր էր, խորհրդարանում ելույթի ժամանակ նրանց որակեց որպես «դավաճաններ»։ «Մեծ ճնշումներին չդիմանալով՝ Ստամբուլի Բողազիչիի համալսարանը հրաժարվեց անցկացնել կոնֆերանսը, և միջոցառումը ստիպված տեղափոխեցին մասնավոր եղող Բիլգի համալսարան։ Սակայն մեղադրողները դրանով չսահմանափակվեցին։ Զայրացած ցուցարարները կոնֆերանսի բացումից հետո ահաբեկում էին մասնակիցներին, ինչի պատճառովմիջոցառումը հազիվ կայացավ։

Դրանից հետո մթնոլորտը Թուրքիայում փոխվեց։ Նախ՝ բավականին լուրջ թուլացում նկատվեց Հայոց ցեղասպանության խնդրի շուրջ։ Ապրիլի 24-ին 1915 թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման միջոցառումներ տեղի ունեցան։ Ցեղասպանության մասին բազմաթիվ գրքեր հրատարակվեցին. այն դարձավ հաճախակի հանդիպող թեմա թերթերում ու հեռուստատեսային ծրագրերում։ Չնայած կառավարությունը 1915 թ. դեպքերի վերաբերյալ շարունակում էր թուրքական պաշտոնական թեզերը առաջ քաշել՝ այն երկրում այլևս տաբու չէր համարվում։ Այնուամենայնիվ, Թուրքիայում վերջերս ազատ խոսքի իրավունքի խիստ սահմանափակումների հետևանքով մենք կրկին վերադառնում ենք նախկին պայմաններ։ Այս կայքի թուրքերեն բաժնում ես մի հոդված էի հրապարակել, որտեղ ցույց էի տալիս, որ թուրքական քրեական օրենսգիրքի 301-րդ հոդվածը, որը մի անգամ կիրառվել էր Թուրքիայի հայ լրագրող Հրանտ Դինքի նկատմամբ, վերադառնում է իրավական դաշտ՝ ընդդիմադիրներին լռեցնելու նպատակով, և նրանք չեն սահմանապակվելու միայն քրդամետ ԺԴ կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանով։

Ինչևէ, վերադառնանք մեր խնդրին։ Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ քննարկումների անցկացմանը, ապա այդ ուղղությամբ կատարված հսկայական քայլերից մեկը 2014 թ. նոյեմբերի 2-4-ը Ստամբուլում կայացած կոնֆերանսն էր Ցեղասպանության ընթացում իսլամացված հայերի վերաբերյալ։

«Ոչ ոք այլևս նրանց չի կոչում իրենց իրական անուններով։ Նրանք ստիպված էին ջնջել իրենք իրենց, որ կարողանան պահպանել իրենց գոյությունը»,-Հրանտ Դինքի հիմնադրամի կողմից կազմակերպված կոնֆերանսի ժամանակ բացման խոսքում ասաց Թուրքիայի սպանված հայ լրագրող Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը։

Ըստ գիտնական Այշե Գյուլ Ալթընայի ելույթի` հաշվվում են մոտ 200.000 հայեր, որոնք իսլամ ընդունելու միջոցով փրկվել են կոտորածներից ու տեղահանությունից։ Նա ենթադրում է, որ ներկայում Թուրքիայում ապրող մի քանի միլիոն մարդիկ իսլամացված հայերի երեխաներն են, թոռները, զարմիկները, փեսաներն ու հարսները։

90 տարի է` այդ մարդիկ անտեսանելի կյանք են վարում ընտանիքից դուրս, երբեմն նաև ընտանիքի ներսում։ Նրանք ամբողջությամբ կորցրել են իրենց հայկական անուններն ու կապը ընտանիքների ու հայկական համայնքի հետ։ Եթե նույնիսկ պահպանել են իրենց անուններն ու կապերը, ի վիճակի չեն եղել դա անել բացահայտ»,- ասաց Ալթընայը։

Պատմաբան Թաներ Աքչամն իր ելույթում ասաց, որ հայերի իսլամացումը կրոնական դրդապատճառ չի ունեցել, քանի որ կրոնական ֆանատիզմը խորթ էր Միություն ու առաջադիմություն կոմիտեին՝ օսմանյան կուսակցություն, որի անդամներն իրականացրեցին Ցեղասպանությունը։ «Բռնի ձուլումը համակարգված կերպով իրականացվող քաղաքականություն է եղել, իսկ բռնի իսլամացումը դրա հիմնական տարրերից մեկն էր»,-հավելեց նա։

Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներ Արդա ու Դորիս Մելքոնյանները բացատրեցին, թե ինչպես մեծ թվով հայ կանայք փրկվեցին Ցեղասպանությունից՝ ամուսնանալով մուսուլման տղամարդկանց հետ ու ստիպված լինելով իսլամ ընդունել։ Նրանք նշեցին, որ շատ քիչ հայ տղամարդիկ են հնարավորություն ունեցել իսլամ ընդունելու միջոցով փրկվել, իսկ մուսուլման կնոջ հետ ամուսնանալու մասին խոսք անգամ լինել չէր կարող։

Ես հիշեցի այդ կոնֆերանսը, երբ կարդում էի լրագրող Վերջիհան Զիֆլիօղլուի հսկայական գիրքը՝ «Քավարանում հայերի պատմությունը» վերնագրով։ Այն իսլամացած հայերի մասին է, որոնք առաջին անգամ ուսումնասիրում են իրենց ծագումը՝ վերադարձնելու համար իրենց մշակութային ու էթնիկ ժառանգությունը։

Զիֆլիօղլուի գրքից հասկացա, որ Դիարբեքիրում ու Վանում հայկական եկեղեցիների վերականգնումն ու վերաբացումը մեծապես իրենց ներդրումն են ունեցել այս գործընթացի համար։  Վանի եկեղեցին կրոնական ծեսերի համար բացվել է տարին մեկ անգամ, մինչդեռ Դիարբեքիրի եկեղեցին բաց էր միշտ (ես տեղյակ չեմ եկեղեցու ներկայիս վիճակի մասին, քանի որ այն գտնվում է Դիարբեքիրի Սուրի շրջանում, որտեղ PKK-ի զինյալների ու անվտանգության ուժերի միջև տեղի են ունեցել կործանարար ռազմական բախումներ)։ Եկեղեցիներն ազդարարեցին այդ գործընթացի սկիզբը։ Վերաբացումները ծպտյալ հայերին ցույց տվեցին, որ հայ լինելն այլև վտանգավոր չէ, իսկ արտասահմանցի հայերի այցերը, ըստ երևույթին, նրանց համար շարժիչ ուժ դարձան` սկսելու այդ գործընթացը։

Այնուամենայնիվ, երևան եկած այդ գործընթացից հետո, նրանցից շատերը, ինչպես Զիֆլիօղլուն է ասում, իրենց գտան «Քավարանում»։ Նրանք այլևս ի վիճակի չեն լինում թաքցնել իրենց ինքնությունը, մյուս կողմից էլ Ստամբուլի հայերը ջերմ չեն ընդունում  նրանց։ Հայոց պատրիարքարանը դժկամությամբ ընդունեց մկրտել նրանց։ Հետո երկարատև գործընթաց սկսվեց. որոշները մեկնեցին Հայաստան՝ հայկական մշակույթի հետ ծանոթանալու ու դրանից հետո միայն մկրտվելու համար և այլ։ Ստեղծվեցին միություններ, որ ցույց տային այդ ինքնության գոյությունը, ինչպես օրինակ՝ դերսիմահայեր, Մալաթիայի հայեր և այլն։ Ես կարծում եմ, որ այդ միությունները իրենց դերն են խաղացել Հայոց պատրիարքարանի ու իրենց ինքությունը բացահայտած հայերի միջև կապ ստեղծելու գործում։ Երբ նրանք հայտարարություն էին տարածում, որ տվյալ մարդը, ենթադրվում է, ունի հայկական ծագում, Պատրիարքարանը այլևս չէր տատանվում մկրտել այդ ծպտյալ հայերին։ Ես չեմ կարծում, որ այդ սահմանափակ ճանաչումները լուծել են նրանց բոլոր խնդիրները։

Ես հավատացած եմ, որ ոչ միայն հայկական համայնքը, այլև Թուրքիայի պետությունը պետք է  ճանաչի նրանց։ Ես չեմ խոսում այն մասին, որ նրանց տրվի ինքնությունը հաստատող նոր փաստաթուղթ։  Խոսքն այն մասին է, որ ծանոթանան նրանց գանգատներին, ընդունեն այն փաստը, որ նրանք Թուրքիայի նախկին վայրագությունների զոհերն են։

Նրանց գոյությունը մեզ պատմում է շատ ողբերգական մի պատմություն այն հայերի մասին, որոնք մի ժամանակ ապրել են Անատոլիայի արևելյան (Արևմտյան Հայաստան-Ակունք խմբ.ու հյուսիսարևմտյան մասում։

Ինչու՞ են այդ մարդիկ փոխել իրենց կրոնը։ Ինչու՞ են նրանք թաքցրել իրենց ինքնությունը։ Մենք բոլորս պետք է տանք այդ հարցերը և նրանց պատասխանները լսենք ոչ միայն մտքով, այլ ավելի շատ՝ բաց սրտով։

Օրհան Քեմալ Ջենգիզ

Անգլերենից թարգմանեց Անի Մելքոնյանը