կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-20 20:00
Առանց Կատեգորիա

Իսլամացված հայերի պատմությունները էկրանավորվել են

Իսլամացված հայերի պատմությունները էկրանավորվել են

«Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմը ներկայացնում է իսլամացված հայերի պատմությունները։ Ֆիլմի ռեժիսորներից Ալթան Սանջարն ասում է«Մի կողմից քրդական, մյուս կողմից հայկական մշակույթ դա, սակայն, հարստություն չէ, հենց տրավման է, որ կա»…

Ինանչ Յըլդըզ

Դիարբեքիր

Դիարբեքիրի Էղիլ գավառում ապրող իսլամացված հայերի պատմություններն էկրանավորվել են։ «Թաքցված խաչ» վավերագրական ֆիլմում, որի ռեժիսորներն են Ալթան Սանջարն ու Սերհաթ Թեմելը, ներկայացվում է  1915 թ․ (Հայոց ցեղասպանություն-Ակունք խմբ) հետո իսլամացման ու բռնի ձուլման քաղաքականության հետևանքով հայ ժողովրդի ստացած տրավման։

Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Դիարբեքիրի քաղաքապետարանի մշակույթի և համաժողովների կենտրոնում։ Ֆիլմի ցուցադրությունից հետո կարճ քննարկում եղավ ֆիլմի ռեժիսորների հետ։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ «Թաքցված խաչ» ֆիլմի շուրջ զրուցեցինք ֆիլմի ռեժիսորներից Ալթան Սանջարի հետ։ Սանջարը ներկայացրեց իսլամացված հայերի ստացած տրավման և ասաց․ «Ֆիլմում չի ներկայացվել նկարահանումներից առաջ նրանց պատմածների մեկ տասներորդն անգամ։ Ես վստահ եմ, որ եթե այդ խոսակցությունները ևս ձայնագրվեին, հանդիսատեսը կսարսռար»։

-Ինչպե՞ս առաջացավ իսլամացված հայերի մասին պատմող ֆիլմի նկարահանման գաղափարը:

-Մշտապես ասում ենք, որ այն, ինչ ներկայացվում է ֆիլմում, մեր պատմությունն է։ Վավերագրական ֆիլմի բոլոր հերոսները ինչ-որ առումով կամ մեր բարեկամն են, կամ՝ հարևանը։ Մանկության տարիներից սկսած մենք լսել ենք այդ պատմությունները, պատմություններ, որոնք տան պատերից դուրս չէին գալիս։ Անցած տարի որոշեցինք հավերժացնել դրանք և սկսեցինք ֆիլմի նկարահանումները։ Այդ գործն արեցինք, քանի որ ցանկանում էինք մեր ներդրումն ունենալ անցյալի հետ առերեսման գործում։ Հայոց ցեղասպանությունը տաբու է, և եթե չխոսենք այդ տաբուի մասին, Թուրքիան երբեք ժողովրդավարական երկիր չի դառնա։ 1915 թ․ մի մասնիկ էլ իսլամացված հայերն են։ Մենք մեր պարտքը համարեցինք փոխանցել նրանց պատմությունները։

– Դուք պատմությունը  սկսում ենք 1915 թ։ Ինչո՞վ է դա պայմանավորված։

-Այս հողերում ամեն ինչ սկսվել է 1915 թ․։ Եթե տեղի չունենա 1915 թ․ հետ առերեսումը, Թուրքիայի ժողովրդավարացումն անհնարին կդառնա։ Վերջին 100 տարում  երկրում իրականացված անտեսման, բռնի ձուլման, հայրենազրկման ու գույքի բռնագրավման քաղաքականության արմատներից մեկը 1915 թ․ է։ Այսօրվա Թուրքիայի ծիլերը հասունացել են  1915 թ․ ու հետագա տարիներին։  Եթե մենք  հիմա փափագում ենք Թուրքիայում տեսնել ժողովրդավարություն և հանուն դրա պայքար ենք մղում, ապա պետք է հայերի դեմ իրագործված այդ վայրագությունները տեսնենք, առերեսվենք դրանց հետ և ներողություն խնդրենք։ Գուցե այդ ժամանակ Թուրքիայում ապրող ալևիները, քրդերը և այլք ապրեն ավելի հանգիստ մթնոլորտում»։

-Մի կողմից  մուսուլման, մյուս կողմից հայ․․․ Դուք տեսե՞լ եք արդյոք այս խառնուրդի մշակութային դրսևորումները:

-Իրականում  որևէ խառնուրդի մասին խոսք չկա, քանի որ մենք ֆիլմում փորձում ենք մատնանշել իսլամացման միջոցով իրականացված բռնաձուլման գործընթացը։ Իսլամացված հայերի ձեռքից  միայն հավատքը չէ, որ խլվել է, խլվել են նաև մշակույթը, ինքնությունը, հողերը, հարստությունը, կարճ ասած, հային հայ դարձնող ամեն բան։  Սակայն մշակութային կոդերը, գուցե և առանց հասկանալու, մինչև մեր օրերը փոխանցվել են, և այն մարդիկ, որոնք ապրել են որպես քուրդ մուսուլման, կենդանի են պահել հայկական ավանդույթները և մշակույթը։ Դա հնարավոր է տեսնել նրանց ուտեստների, լեզվի մեջ, տոների ու հարսանիքների ժամանակ։ Հետաքրքիր խառնուրդ է դա՝ մի կողմից քրդական, մյուս կողմից հայկական մշակույթ․․․ սակայն այն հարստություն չէ, այլ հենց տրավման է, որ կա»։

-Նկարահանումների ժամանակ իսլամացված հայերը ձեզ ինչպե՞ս ընդունեցին։

-Մենք նրանց տներ ենք գնացել ոչ թե որպես թիմ, որը ցանկանում է ֆիլմ նկարահանել, այլ որպես հարևան, բարեկամ և նույնիսկ տանտեր։ Նրանց մեջ այնքան վախ ու տրավմա կա, որ գուցե մեկ այլ թիմ այդ դռները թակեր, նրանց  պատմությունները չկարողանար ջրի երես հանել, քանի որ խոսում ենք մի կառույցի մասին, որը դրսի աշխարհի համար ամբողջովին փակ է։ Տեսախցիկի առջև չի պատմվել նկարահնումներից առաջ նրանց պատմածների մեկ տասներորդն անգամ։ Ես վստահ եմ, որ եթե դրանք էլ ձայնագրվեին, հանդիսատեսը կսարսռար, սակայն վախն ու տրավման նրանց մեջ գլուխ բարձրացրին տեսախցիկի առջև։

-Լավ, իսկ ինչպիսի՞ն էին հայերի ու գավառներում ապրող քրդերի փոխհարաբերությունները:

-Ամբողջ գավառում արդեն քրդեր են բնակվում։ Կենտրոնում խոսում են զազայերեն, իսկ որոշ գյուղերում՝ քուրմանջի բարբառով։ Այնտեղ ապրող իսլամացված հայերի մի մեծ զանգված իրեն համարում է քուրդ ու այդպես է ներկայանում։ Սակայն գավառում բնակվողները իսլամացված հայ ընտանիքներին ճանաչում են։ Այդ իրավիճակը  նրանց հարաբերությունների վրա բացասական չի անդրադառնում։ Սակայն չմտածեք, թե այդ տարածքներում բարյացակամությունն ու համատեղ ապրելումշակութային զարգացվածությունը շատ բարձր մակարդակի վրա են։ Նրանց հարաբերություններում խնդիր չի առաջանում, քանի որ այլևս չկա հայկականություն։ Իհարկե բավականին շատ է այն մարդկանց թիվը, որոնք պաշտպանում են գավառում հայերի հետ համատեղ ապրելու գաղափարը, սակայն հետաքրքիր է՝ եթե հայերը այդ տարածքներում ապրեին իրենց հայկական ինքնությամբ, իսկապես իրավիճանն այդպես կլինե՞ր։

 «Իսլամացումը զուտ կրոնափոխություն չէ»

-Վավերագրական ֆիլմի անունը «Թաքցված խաչ» է․․․ Անատոլիայում ապրող ժողովուրդների մասին աշխատանքներում հատկապես առաջ է մղվում կրոնական գործոնը։ Օրինակ՝ երբ ասում ենք հայ, առաջինը, որ մարդու մտքին գալիս է, քրիստոնեությունն է։ Վավերագրական ֆիլմի վերնագիրն էլ է դա շեշտում․․․ Կարծես հավասարության նշան է դրվում հայկականության ու քրիստոնյա լինելու միջև։ Ֆիլմի հերոսների գլխավոր խնդիրը իրենց հավատքն էր արդյո՞ք։ Բացի կրոնից՝ ուրիշ ի՞նչ խնդիրներ ունեին նրանք։

-Ինչպես վերը նշեցինք, հայկականությունը միայն կրոնով չի արտահայտվում։ Հասուն հայը, եթե նրան չեն ստիպում կամ ճնշումների չեն ենթարկում, կարող է կրոնափոխ լինել, կարող է նաև աթեիստ դառնալ։ Այս ֆիլմում մենք շեշտում ենք իսլամացումը, որ ուշադրություն հրավիրենք բռնաձուլման գործընթացի վրա։ Երբ սկսվել է  իսլամացման գործընթացը, զուգահեռ գործի է դրվել բռնի ուծացման քաղաքականությունը։ Եթե հայերը քրիստոնյա էլ մնային, գուցե և հայկականությունը չկարողանային պահպանել, քանի որ փոխվել էին անունները, նրանց մշակույթը, տեղի էր ունեցել գույքի բռնագրավում և հայրենազրկում։  Ըստ իս, այդ հայերի գլխավոր խնդիրը ոչ թե հավատքն էր, այլ՝ իրենց պապերի նկատմամբ կիրառված վայրագությունները պատմելը։ Հայերին սպանածների հիմնական խնդիրն էլ հայերի գոյությունն էր։  Նախկինում հայերը ինչ խնդիր որ ունեցել են, այսօր էլ նույն խնդիրներին են հանդիպում։ Երեկ էլ հայը թշնամի էր, այսօր էլ է թշնամի։ Երեկ էլ հայի ունեցվածքի վրա  բոլորը աչք ունեին, այսօր էլ ունեն․․․ Կարճ ասած, իսլամացումը բռնաձուլման գործընթաց էր, այլ ոչ թե զուտ կրոնափոխություն․․․

Թարգմանեց Անի Մելքոնյանը

Akunq.net