Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ arfd.am
Հազարավոր կիլոմետրեր եւ տասնյակ երկրներ բաժանող Բրազիլիայի ու Արցախի միջեւ համագործակցության, Արցախի ու Հայոց ցեղասպանության ճանաչման, Սան Պաուլոյում ապրող 25-30 000 հայերի հիմնախնդիրների եւ Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի նախագահ, իրավաբան Գեւորգ Զատիկյանի հետ:
Բրազիլիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը
ՀՅԴ Հայ Դատը Բրազիլիայում, Սան Պաուլում գործունեություն է ծավալում սկսած 1985 թվականից: Բրազիլիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հայանպաստ քաղաքականությունը տարածելու Հայ Դատի հիմնական նպատակներից բացի գրասենյակն այս տարիների ընթացքում գործունեություն է ծավալել նաեւ այլ ուղղություններով՝ հայապահպանության, երիտասարդական խմբերի կազմավորման, Համազգային Մշակութային Միության եւ Հայ օգնության միության մասնաճյուղերի հիմնադրման:
Համագործակցությունն ու խոչընդոտները
Բրազիլիայի քաղաքական գործիչներից շատերը մեզ շատ լավ են ընդունում՝ քաղաքապետարանից Սենատ եւ նախագահ: Սան Պաուլոյի հայ գաղութը հայտնի է որպես աշխատասեր եւ պատվով ժողովուրդ, որովհետեւ մենք միշտ օգնել եւ գործունեություն ենք ծավալել ոչ միայն ի նպաստ մեզ, այլ նաեւ Սան Պաուլոյի:
Հայերը Բրազիլիայում ունեն միայն մեկ խնդիր՝ ֆինանսի սակավություն: Ի տարբերություն հայերի՝ Ադրբեջանը եւ Թուրքիան ահռելի գումարներ են ծախսում եւ դժվարացնում են մեր աշխատանքները: Թուրքական լոբբին թափ ստացավ հատկապես վերջին տարիներին, երբ մեր գրասենյակը ավելի մեծ թափով սկսեց աշխատանք տանել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ:
Կառուցքվածքային առումով հայերը խնդիր չունեն Բրազիլիայում: Այսօր Սան Պաուլոյում գործում են Սուրբ Գեւորգ առաքելական, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կաթոլիկ եւ ավետարանական եկեղեցիներ, «Արարատ» անունով է կոչվել հրապարակ, մետրոյի կայարան եւ կամուրջ։ «Արմենիա» հրապարակում կանգնեցված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողը։ 1964 թվականից Սան Պաուլոյի համալսարանում գործում է հայագիտական ամբիոն, իսկ քաղաքի ռադիոկայանը հեռարձակում է նաեւ հայերեն հաղորդումներ, հայկական երգ ու երաժշտություն։ Շուտով Բրազիլիայում կբացվի նաեւ Հայաստանի դեսպանատուն:
Մեր հիմնախնդիրը հայապահպանությունն է: Շատ ավելի հեշտ է հայ մնալ մի երկրում, որտեղ քո դեմ հակադրություն կա, բայց երբ որ երկիրը քեզ շատ լավ է ընդունում եւ քո առջեւ բացում է բոլոր դռները, ժամանակի ընթացքում ձուլվում ես: Մոռացվում է նաեւ հայոց լեզուն: Եթե սկզբում խոսելուց պորտուգալերեն մի քանի բառ ես օգտագործում, ապա որոշ ժամանակ անց հայերենն ընդհանրապես չես գործածում:
Բրազիլիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Թեեւ համացանցում տարածվել է այն տեղեկությունը, որ Բրազիլիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն պետք է հասկանանք, որ օրենքն ընդունվել է միայն Սենատում եւ չի հաստատվել Ազգային ժողովի եւ նախագահի կողմից:
Այն, որ Բրազիլիան չի ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը, փաստում է Բրազիլիայի Արտաքին գործերի նախարար, Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրենքը առաջադրած Ալուիզու Նոնեսի այցը Հայաստան՝ մասնավորապես Ծիծեռնակաբերդ, որտեղ Ա.Նոնեսը նշել է, որ ցավալի «դեպք» է տեղի ունեցել: Նա չի ասել, որ «ցեղասպանություն» է տեղի ունեցել: Եթե այդ օրենքն ընդունվեր, ապա Արտաքին գործերի նախարարը կնշեր «ցեղասպանություն» բառը:
Մենք եւ Բրազիլիայում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանը շարունակում ենք աշխատանքներ ծավալել այդ ուղղությամբ:
Արցախի Հանրապետության ճանաչում
Մենք գիտակցում ենք Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտությունը եւ կարեւորությունը: Շարունակական աշխատանք ենք ծավալում Բրազիլիայի պաշտոնյանների հետ եւ նրանց պարբերաբար բերում ենք Արցախ եւ ծանոթացնում Արցախի հիմնախնդրի, պատմության, մշակույթի եւ առանձնահատկությունների հետ:
Բրազիլիայի եւ Արցախի միջեւ կարելի է համագործակցության եզրեր հաստատել՝ կրթական, առողջապահական եւ մշակութային ոլորտներում: Ինչպես Արցախը, այնպես էլ Բրազիլիան հայտնի են գինարտադրությամբ եւ, կարծում եմ, որ պետք է մտածել այդ ուղղությամբ:
Այո, դժվարություններ կան, բայց աշխարհի մյուս կողմում մենք արժևորում ենք մարդու իրավունքները եւ հասկանում ենք, որ ինչպես բոլոր ժողովուրդները, այնպես էլ հայերն իրավունք ունեն ապրել եւ արարել իրենց պատմական հողի վրա:
Գեւորգ Զատիկյանի հետ զրուցել է Լուսինե Թեւոսյանը
aparaj.am