Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի արևելքում ապրող քրիստոնյաները մշտապես թուրք-քրդական ռազմական ճամբարների արանքում են մնացել։ Որպես օրինակ կարելի է բերել Դիարբեքիրում գտնվող Սուրբ Կիրակոս եկեղեցին, որը քանդված է։ Չնայած նրան, որ Անատոլիան մի ժամանակ քրիստոնյա հայերի կենսատարածքն էր, այդ ժամանակից ի վեր բնականոն համայնքային կյանքով ապրելը նրանց համար այլևս անհնար է դարձել։
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում մի տոնական ծիսակատարության մասնակցելու համար հեռու ու մոտ վայրերից հյուրեր էին եկել։ Անատոլիայից, Հայաստանից ու Ամերիկայից եկած հայերը 2011 թ. վերանորոգման երկարատև աշխատանքներից հետո եկեղեցու բացումն էին տոնում։ 25 տարի անց եկեղեցում արված առաջին ծեսն էր դա։ Եկեղեցու ղեկավար կազմից Գյաֆուր Թյուրքայը յոթ տարի անց էլ հպարտանում է այդ գործով. «Եկեղեցու ղեկավար խորհուրդը հիմնեցինք 2008 թ., ու մեր առաջին որոշումը եղավ վերանորոգել եկեղեցին։ Զուտ ավերակներից տարածքը մաքրելու համար 560 բեռնատար խճաքար ու հող հանեցինք։ Վիթխարի աշխատանք էր։ Վերականգնման աշխատանքները երեք-չորս տարի տևեցին, ու երկուսուկես միլիոն դոլար գումար կազմեցին։ Այդ ժամանակվա քրդական քաղաքապետարանը կես միլիոն դոլարի չափով օգություն տրամադրեց, իսկ մնացած մասը համասփյուռ հայերի նվիրատվություններով հավաքեցինք»։
Սուրբ Կիրակոսը համասփյուռ հայության համար կարևոր է
1376 թ. կառուցված Սուրբ Կիրակոս եկեղեցին Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցին է եղել և ներկայում Դիարբեքիրում բնակվող փոքրիկ համայնքից բացի` կարևոր է նաև համասփյուռ հայերի համար։ Թյուրքայի խոսքով` ի վերջո այդ քաղաքը հազարավոր տարիներ հայկական աշխարհի կենտրոնում է գտնվել։
«Մենք՝ հայերս, Դիարբեքիրը համարում ենք հայկական քաղաք և մ. թ.ա. առաջին դարում իշխած հայոց արքա Տիգրան Մեծի պատվին քաղաքը կոչում ենք Տիգրանակերտ։ Հայերը մինչև 20-րդ դարի սկիզբը քաղաքում մեծամասնություն են եղել՝ կազմելով ընդհանուր բնակչության գրեթե 60 տոկոսը։ Դիարբեքիրի՝ այդ ժամանակվա ոսկերիչներց 10-ից 9-ը հայեր էին։ Մետաքսի արտադրությունը, առևտուրն ու գյուղատնտեսությունը ամբողջովին հայերի ձեռքում էին»։
Մի ժամանակ հայերի կողմից շերամների համար տնկված թթենիները մնացել են մինչ օրս։ Սակայն այդ ժամանակվա հայերը չկան, Դիարբեքիրում վերջին ժամանակաշրջանում վայրենաբար գործված 1915 թ. Ցեղասպանության ընթացքում են սպանվել։
«Օսմանյան կառավարման մեջ ամենադաժան մարդկանցից մեկը քաղաքի բոլոր հայերին սպանած Մեհմեդ Ռեշիդն էր՝ Դիարբեքիրի նահանգապետը։ Նա Անատոլիայի մյուս շրջաններից քշված ու քարավաններով Դիարբեքիրով անցած հայերին էլ է սպանել տվել»։ Այդ նահանգապետը պատմության մեջ մնացել է որպես «Դիարբեքիրի մսագործ»։ Թյուրքայի խոսքով` չնայած այդ ամենին, հայերը կառչած են Դիարբեքիրին. «Այս քաղաքը հայերի համար կարևոր կենտրոն էր, ու Ցեղասպանությունից հետո ողջ մնացած հատ ու կենտ հայերը մոտակա շրջաններից Դիարբեքիր են եկել։ 1923 թ. Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ, չնայած ամեն ինչին, Դիարբեքիրում կար դեռ 400 հայ ընտանիք։ Այդտեղ հայերը աշխատում էին պահպանել իրենց գոյությունը»։
Ցեղասպանությունը, քրդական պատերազմներն ու ճնշումները
Թուրք պաշտոնյաներն ու արդեն Դիարբեքիրում մեծամասնություն դարձած քրդերը նրանց կյանքը թունավորեցին։ Անկարայի կողմից 1940-ական թթ. բոլոր ոչ մուսուլման համայնքների համար կիրառված Ունեցվածքի հատուկ հարկը Դիարբեքիրի հայերի մեծ մասին սննկացրեց ու հարկադրեց արտագաղթել։ Փախուստի երկրորդ ալիքը եղավ 1950-ական ու 60-ական թվականներին։ Ստամբուլի հույների դեմ արված պոգրոմները որպես առիթ օգտագործելով՝ Դիարբեքիրում մնացած հայերի վրա էլ հարձակվեցին ու թալանեցին նրանց, ինչի պատճառով էլ այնտեղ մնացած հայերի մեծ մասը ստիպված եղավ փախչել։ Ըստ Գյաֆուր Թյուրքայի` Դիարբեքիրում 70-ական թթ. կեսերին միայն 15-20 հայ ընտանիք էր մնացել, սակայն Սուրբ Կիրակոս եկեղեցին բաց էր. «Հոգևորական կար, կանոնավոր կերպով ծիսակատարություն էր արվում, հայկական ապրելակերպ կար։ Սակայն 80-ական թթ., երբ սկսվեցին պատերազմները քրդերի հետ, հայերը ստիպված եղան փախչել։ Այդ ժամանակ միայն երկու կամ երեք հայ ընտանիք էր մնացել, նրանք էլ թաքնվեցին ու իրենց ինքնությունը թաքցրեցին»։
Այդ ժամանակ վերջին հոգևորականն էլ փախավ։ Սուրբ Կիրակոս եկեղեցին անուշադրության մատնվեց ու քանդվեց։ Ուղիղ տանիքը նստեց, ու որոշ ժամանակ անց եկեղեցուց միայն կմախքը մնաց։
Սակայն 20 տարի անց, երբ բախումները թուլացան ու հարցի խաղաղ կարգավորման համար քայլեր արվեցին, որոշ հայ քաղաքացիներ քաջալերվեցին ու Սուրբ Կիրակոս եկեղեցին վերականգնելու համար մի նոր եկեղեցական խորհուրդ ձևավորեցին։ Ավելացված զանգակատունն էլ այդ գործի պսակը դարձավ։ Թյուրքայի խոսքով` դա վերջին հարյուր տարվա մեջ կառուցված առաջին զանգակատունն էր. «Հիմնական զանգակատունը 1914 թ. կայծակից է քանդվել, ու համայնքի կողմից շատ գեղեցիկ ռուսական ոճով ու նախկինից ավելի բարձր մի նոր զանգակատուն է կառուցվել: Ցեղասպանությունից հետո, 1916 թ. թուրք պաշտոնյաները, պատճառ բերելով զանգակատան՝ քաղաքի մինարեից բարձր լինելու հանգամանքը, այն քանդելու որոշում կայացրեցին։ Մի շաբաթ շարունակ ռմբակոծման տակ պահեցին այն, մինչև որ քանդեցին»։
Եկեղեցու վերաբացումը կրկին աշխուժություն է առաջացնում
2012 թ. աշնանը, մոտ հարյուր տարվա ընդմիջումից հետո Սուրբ Կիրակոսի զանգերը կրկին սկսեցին ղողանջել։ Թյուրքայն ասում է, որ դա Դիարբեքիրի հայերի համար հույսի ու վերելքի ազդանշան է հանդիսացել. «Ծեսեր կազմակերպեցինք՝ 80-ական թթ. վերջի առաջին ծեսերը։ Տասնյակ տարիներ անց Զատիկը տոնեցինք ու եկեղեցական կարգով առաջին հարսանիքներն արեցինք։ Եկեղեցում մկրտվեցինք, շատերին մկրտեցինք, սակայն նրանք երեխաներ չէին, հասուն մարդիկ էին, քրիստոնեությանն ու իրենց հայկական ինքնությանը վերադարձած իսլամացված հայեր էին»։
Դիարբեքիրի քրիստոնյա հայերի պաշտոնական թիվը դեռևս շատ քիչ է։ Միլիոնանոց բնակչություն ունեցող քաղաքում պաշտոնապես արձանագրված քրիստոնյա հայերի թիվը 25-30 մարդուց ավել չէ։ Թյուրքայն ասում է, որ Դիարբեքիրի հայերի մեծ մասը գրանցված է որպես «մուսուլման», որոնք, սակայն, Ցեղասպանության ժամանակ իսլամացված ու այդ միջոցով ողջ մնացած հայերի ժառանգներն են. «Բոլորն իրենց հայ չեն համարում։ Որոշները մնացել են մուսուլման։ Մյուսներն էլ իրենց հայ լինելը չեն բացահայտում, քանի որ դեռևս վախելում են, որ իրենց հետ մի բան կպատահի։ Սակայն արդեն իրենց այդպես ընդունող շատ հայեր էլ կան»։
Թուրքիայի խոսքով` Սուրբ Կիրակոս եկեղեցին Դիարբեքիրում հայկական վերածննդի տեսանկյունից վճռորոշ դեր է խաղացել. «Եկեղեցու վերանորոգումն այդ առումով շատ կարևոր էր։ Այն համընկավ Թուրքիայում քրդական խաղաղության ժամանակաշրջանի հետ, երբ ամեն ինչ ավելի հեշտ էր։ Հարձակումներն ու բախումները դադարել էին, հանգիստ ու խաղաղ մթնոլորտ էր տիրում։ Այդ ընթացքում վերաբացված եկեղեցին համայնքում աշխուժություն մտցրեց։ Մարդիկ, ովքեր երբևէ քաջություն չէին ունեցել իրենց որպես հայ ներկայացնել, հանկարծակի սկսեցին եկեղեցի հաճախել։ Իրականում այդ ժամանակ հանգիստ շունչ էին քաշում»։
Կրկին ավերված թաղամասը
Մոտ երեք տարի առաջ Դիարբեքիրում պատերազմը վերսկսեց, ու այդ ամենն ավարտվեց։ 2015-16 թթ. ձմռանը Դիարբեքիրի հին թաղամասում քուրդ պարամիլիտար ուժերի ու թուրքական բանակի միջև ամիսներ տևած բախումների պատճառով Սուրբ Կիրակոս եկեղեցին կրկին վերածվեց ավերակների։ Գյաֆուր Թյուրքայը եկեղեցին միայն մեկ անգամ է կարողացել տեսնել, այն էլ՝ հատուկ թույլտվությամբ. «Եկեղեցին տեսնելն ահասարսուռ հարված էր. ամբողջությամբ ավերվել ու քանդվել է։ Այդ տեսարանը ինձ շատ ցավ պատճառեց։ Ողջ թաղամասից որևէ բան չէր մնացել. եկեղեցին ավերակ է դարձել»։ Այդ ժամանակվանից սկսված հայկական վերածունդն ավարտվեց. «Բախումներից ի վեր արդեն հայկական համայնքային կյանք չկա։ Տոնակատարություններ, հավաքույթներ ու ծեսեր էլ չեն արվում։ Ամեն բան կանգ է առել, քանի որ այդ ամենն անելու տեղ չունենք»։
Դեռ ավելին՝ երեք տարի առաջ բախումներից հետո եկեղեցին պետականացվեց։ Այդ ժամանակ թուրքական կառավարությունն ավերակի վերածված ողջ թաղամասը քանդելու ու նոր թաղամաս կառուցելու նպատակով մի հարվածով պետականացրեց այն։ Եկեղեցու ղեկավար խորհուրդը, սակայն, եկեղեցին պետականացնելու դեմ դատական գործ հարուցեց, վարչական դատարանն էլ բավարարեց հայցը. «Եկեղեցին կրկին պետք է վերանորոգվի, բայց մենք այլևս գումար չունենք։ Այդ պատճառով էլ երկու տարի է` ջանք ենք թափում, որ պետությունը հանձն առնի այդ գործը»։
Թուրքական կառավարությունը համայնքի առաջ պարտավորվել է եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ գումարը վճարել։ Սակայն վերանորոգման աշխատանքները պետության վերահսկողությամբ կատարվելու պայմանի պատճառով եկեղեցու ղեկավարությունը դիմել է համապատասխան պաշտոնյաներին՝ ամենաքիչը եկեղեցու նախագծի քննարկումներին մասնակցելու պահանջով։ Նախ անհայտ է, թե երբ են սկսվելու վերանորոգման աշխատանքներն, ու երբ է տեղի ունենալու եկեղեցու բացումը։ Գյաֆուր Թյուրքայն ասում է, որ հայերի համար ժամանակը շատ թանկ է. «Եկեղեցի չունեցող համայնքի համար դժվար է։ Երբ Սուրբ Կիրակոս եկեղեցին վերաբացվի, կրկին կկարողանանք հավաքվել։ Մենք շարունակում ենք ապրել այստեղ, սակայն համայնք լինելու համար այս եկեղեցու կարիքն ունենք»,- ասում նա։
Սյուզան Գյուսթեն
Տեքստը գերմաներենից թուրքերեն է թարգմանել Տիրան Լյոքմագյոզյանը
Թուրքերենից հայերեն թարգմանեց Անի Մելքոնյանը