| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գերմանիան Հայաստանի Հանրապետության համար կարևոր միջազգային գործընկեր է. Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`նշելով, որ Գերմանիան Եվրոպական Միության անդամ երկրներից Հայաստանի համար առաջին առևտրատնտեսական գործընկերն է, իսկ աշխարհում՝ երկրորդը:
«Այս փաստով արդեն արձանագրվում են այն առանձնահատուկ հարաբերությունները, որ ունեն Հայաստանը և Գերմանիան: Մեր հարաբերությունները բավականին լավ, դինամիկ զարգացում են ստանում, եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ընդամենը մի քանի ամիս առաջ տիկին կանցլերը Հայաստանում էր, իսկ հիմա տեղի է ունենում իմ այցը: Ես ուրախ եմ, որ այս ընթացքում կարևոր զարգացումներ են արձանագրվել Հայաստանում, ինչը ցույց է տվել, որ Հայաստանում ժողովրդավարական զարգացումներն անշրջելի են: Կարևոր է ընդգծել, որ ԵՄ մեր գործընկերները և Գերմանիան այս բարեփոխումների համատեքստում մեր առաջ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգը կարող է լիարժեք իրականացվել Եվրամիության և, իհարկե, նաև Գերմանիայի աջակցությամբ»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ Անգելա Մերկելի հետ կայացած հանդիպման ընթացքում առանձնահատուկ կարևորություն են տվել Հայաստանի և Գերմանիայի տնտեսական համագործակցությանը: «Հայաստանում գերմանական կապիտալի ներդրմամբ մի քանի կարևոր ծրագրեր են իրականացվում: Մենք հույս ունենք, որ գերմանական ներդրումները Հայաստանում անխուսափելիորեն կավելանան»,- նշեց Փաշինյանը: