կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-03 12:13
Քաղաքական

Խնդիր ենք դրել առաջիկա 5 տարում ԶՈւ կարիքների համար ծախսել հավելյալ 2,5 մլրդ դոլար, որը պիտի վճարեն կոռուպցիոներները. Փաշինյան

Խնդիր ենք դրել առաջիկա 5 տարում ԶՈւ կարիքների համար ծախսել հավելյալ 2,5 մլրդ դոլար, որը պիտի վճարեն կոռուպցիոներները. Փաշինյան

Մտավախություն կա, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հետ կապված հրավիրվելիք ԱԺ նիստին քվորում չի ապահովվի: Այս մասին Արարատի մարզ Արարատ քաղաքում քարոզարշավային իր ելույթում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով, որ համաձայնություն ստանա ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

«Արամ Հարությունյանի գործի հետ կապված մտավախություն է հնչում, որ ԱԺ-ում վաղը կամ մյուս օրը քննարկման համար քվորում չի լինի: Կարող է լինել նման բան, որովհետև ԱԺ-ի մեծամասնությունն Արամ Հարությունյանի խմբակցության ներկայացուցիչներ են: Ըստ էության` ՀՀԿ ներկայացուցիչները կարող են բոյկոտել, չներկայանալ նիստին, քվորում չապահովել կամ չքվեարկել Արամ Հարությունյանին կալանավորելու օգտին: Ես չգիտեմ` միջնորդության մեջ կալանքը ներառվա՞ծ է, թե՞ ոչ: Դա իրավապահ մարմինների խնդիրն է»,- շեշտեց նա՝ նշելով, որ «Ելք»-ի պատգամավորները ԱԺ նիստին ներկա են լինելու:

Չնայած մտավախությանը` Փաշինյանը հույս հայտնեց, որ խոչընդոտ չի լինի կոռուպցիայի դեմ պայքարին և արդար քննությանը: «Եթե անգամ նման բան տեղի ունենա, լավ չի լինի, որ հետաձգվի, բայց արդեն մյուս ԱԺ-ն այդ հարցին կանդրադառնա, և այն կլուծվի: Իմ այս պահի ասածը հետևյալն է՝ երբեք չհավատաք որևէ այնպիսի լուրի, հավաստի լուրի, որ մենք ինչ-որ կոռուպցիոների հետ ինչ-որ բան ենք պայմանավորվել ժողովրդի թիկունքում, ու կոռուպցիայի դեմ պայքարը կանգնել է, չի շարունակվելու:  Դա սկզբունքային հարց է: Առաջիկա 5 տարվա ընթացքում  խնդիր ենք դրել  մեր ԶՈւ կարիքների համար ծախսել հավելյալ 2.5 մլրդ դոլար, որը պետք է վճարեն ձեզ հայտնի կոռուպցիոներները: Եթե դա կանեն կամավոր, ապա մենք սա հաշվի կառնենք, բայց սա չի նշանակում, որ սա թալանված ամբողջ գումարի չափն է»,- շեշտեց նա՝ նշելով, որ պետք է հաշվարկեն, թե որքան գումար է գողացվել և որքանը պիտի վերադարձվի:

Հավելենք, որ  «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն այսօր քարոզարշավի շրջանակներում կլինեն նաև Արարատի մարզի Վեդի, Արտաշատ, Մասիս քաղաքներում: