Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տվել է այն հարցի պատասխանը, թե ինչով էր պայմանավորված Մաքսային միություն մտնելու մասին Սերժ Սարգսյանի` սեպտեմբերի 3-ի անակնկալ հայտարարությունը: Ըստ նրա` դա այն գինն էր, որը Հայաստանը պետք է վճարեր գազի նոր թանկացումից խուսափելու համար: Պարզաբանելով այս միտքը` նախարարը հավելել է, թե միայն դրա շնորհիվ է հաջողվել հասնել այն բանին, որ Հայաստանը 1000 խմ գազի դիմաց վճարի ոչ թե 270, այլ 189 դոլար: Այսպիսով` Մովսիսյանն անուղղակի հաստատել է, որ Մաքսային միություն մտնելը ոչ թե եղել է Հայաստանի սուվերեն որոշման արդյունքը, այլ սովորական, շարքային գործարքի հետևանք:
Եթե Մովսիսյանը գույները չի խտացնում, ինչի համար ոչ մի պատճառ չունի, ապա ստացվում է, որ իշխանություններն առնվազն անկեղծ չէին այն պնդումներում, թե իրենց ոչ ոք չի պարտադրել կայացնել ՄՄ մտնելու որոշումը: Մովսիսյանի այս հայտարարությունն իրավամբ պետք է սենսացիոն համարել: Դրանով նա փաստի առաջ է կանգնեցնում ողջ իշխանությանը և, մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանին: Սեպտեմբերի 3-ից հետո պաշտոնական Երևանը ՄՄ մտնելու` նախագահի որոշումը բացատրում էր բացառապես Հայաստանի և ԼՂՀ-ի անվտանգության ապահովման գործոնով, ինչի լույսի ներքո ավելի տրամաբանական էին թվում ինքնակամ, առանց ճնշումների այդ որոշումը կայացրած լինելու մասին հայտարարությունները: Եթե Մովսիսյանն իսկապես ճիշտ է, ապա ստացվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը, մեղմ ասած, ճշմարտությունը չէր ներկայացնում Եվրախորհրդի Խորհրդարանական վերաժողովում, երբ իրեն հարցեր ուղղող պատգամավորներին ասում էր բառացիորեն հետևյալը. «Ճնշումների մասին խոսելն ավելորդ է: Ես Ձեզ անկեղծորեն ասում եմ և չեմ կարող հրապարակավ ոչ ճշմարտությունն ասել՝ որևէ պաշտոնյա ՌԴ-ից կամ Մաքսային միությունից կես բառ անգամ չի ասել Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին: Մենք ենք այդ ցանկությունը հայտնել, որովհետև ելել ենք շատ պարզ իրողությունից. մենք քսան տարուց ավելի է, որ գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, ովքեր այսօր ձևավորել են Մաքսային միություն»:
Իսկ եթե, այնուամենայնիվ, Հայաստանը բոլորովին էլ գազի գնի թանկացումը կասեցնելու համար չէ մտել ՄՄ, ապա էներգետիկայի նախարարը պետք է առնվազն բացատրի, թե ինչու է անում պնդումներ, որոնք հակասոմ են պաշտոնական դիրորոշմանը: Ընդ որում` այդ բացատրությունը պետք է պահանջի ոչ այնքան հասարակությունը, որն արդեն սովորել է պետական կառավարման համակարգում ձևավորված` «աջ ձեռքը չգիտի` ինչ է անում ձախը» տրամաբանությամբ գործող ավանդույթներին, այլ հենց իշխանությունը: Վերջինիս դա անհրաժեշտ է ոչ այնքան իր հեղինակությունը բարձրացնելու համար, որքան ռուսների մոտ հերթական անգամ խայտառակ չլինելու: Ի վերջո, վերջին երկու ամիսներին Հայաստանի իշխանությունները հենց ռուսների դեմքը սրբելու համար էին երդում-պատառ ուտում, թե Մոսկվան Սերժ Սարգսյանի որոշման հետ ոչ մի կապ չունի և չէր կարող ազդել նրա որոշման վրա: Հիմա ստացվում է, որ լավ էլ կարող էին, ու հենց գազային մտրակը կիրառելու արդյունքում է Երևանը նման կտրուկ շրջադարձ արել: Մովսիսյանն իր այս հայտարարությամբ ամբողջությամբ ջուրը լցրեց Մոսկվայի ու անձամբ նախագահ Պուտինի վստահությունը վերադարձնելուն ուղղված` Հայաստանի իշխանությունների գերմարդկային ջանքերին, որոնք դեռևս ոչ մի առարկայական, նյութական արդյունք չէին տվել: Ռուսաստանն առ այսօր առկախված է թողնում Հայաստանի հետ գազի առուվաճառքի նոր պայմանագրի ստորագրումը: Ոչ ոք այսօր չգիտի, թե այդ առանցքային փաստաթուղթը երբ է ստորագրվելու, ստորագրվելո՞ւ է, արդյոք, ընդհանրապես, կամ ստորագրվելու պարագայում պահպանվելո՞ւ են այն համաձայնությունները, որոնք ձեռք են բերվել բանակցությունների ընթացքում: Ռուսաստանն ակնհայտորեն սպասում է: Եվ սպասում է, որովհետև չգիտի` արդյո՞ք դրանից հետո հերթական անգամ ՀՀ իշխանությունները չեն սկսելու խաղերը Եվրամիության հետ, որոնք Մոսկվայում ընկալվում են որպես դաշույնի բրուտոսյան հարված թիկունքից:
Պատահական չէ նաև, որ, չնայած նախնական խոսակցություններին, առ այսօր դեռևս պարզ չէ` դեկտեմբերին կայանալո՞ւ է ՌԴ նախագահի այցը Հայաստան: Այս մասին, yerkir.am-ի հարցադրմանն ի պատասխան, ՌԴ նախագահի աշխատակազմից տվել են մի շատ հետաքրքրական, երկիմաստ պատասխան. «...Դժվար է ասել՝ ինչ կլինի դեկտեմբերին, առջևում դեռ նոյեմբեր կա»: Կրեմլում թերևս ակնարկում են նոյեմբերին Վիլնյուսում սպասվող ԵՄ ԱլԳ գագաթաժողովը և դրան Հայաստանի մասնակցության չփակված թեման: Անցած ամիս ԵԽԽՎ-ում նախագահ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը ոչ միայն ցանկություն ունի գնալու Վիլնյուս, այլև այնտեղ ստորագրելու ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Եվ Մոսկվայում չգիտեն` Սերժ Սարգսյանի ո՞ր խոսքին հավատալ` Մոսկվայում սեպտեմբերի 3-ին Պուտինի հետ հանդիպոմից հետո արած պաշտոնական հայտարարությա՞նը, թե՞ դրանից հետո Ստրասբուրգում նրա արտասանած խոսքին: Ռուսների այս սպասողականությունը միայն մեկ բացատրություն կարող է ունենալ` նրանք այլևս չեն վստահում Հայաստանի պաշտոնյաների բանավոր խոսքին, տված հավաստիացումներին: Նրանք չեն հավատում պուտինիզմի գաղափարախոսին մեդալներ շնորհելու, նախագահի կողմից Մոսկվայի քաղաքապետին շնորհավորելու նման պրիմիտիվ, բրեժնևյան դարաշրջանին բնորոշ ռևերանսներին: Մոսկվան, ինչպես ասում են, արցունքներին չի հավատում: Նրանք պարզապես ասում են, որ հայաստանյան իշխանություններին կհավատան միայն այն ժամանակ, երբ կա'մ Սերժ Սարգսյանը վերջնականապես հրաժարվի Վիլնյուս գնալու մտքից, կա'մ գնա` միայն ծափահարելու և ֆուրշետին մասնակցելու: Թերևս միայն դրանում համոզվելուց հետո նրանք սիրահոժար կստորագրեն գազի նոր պայմանագիրը և հայկական կողմի հետ կքննարկեն Պուտինի այցի օրակարգն ու արարողակարգը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ