Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արցախի Հանրապետության ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանը հարցազրույց է տվել Регнум-ին:
Խոսելով խորհրդատվությունների ակտիվացման մասին` նա նշել է, որ Բաքվի ու Երևանի միջև հանդիպումների որոշակի ինտենսիվացումը կապված է միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու` կողմերի ձգտման հետ:
Հարցին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է բանակցային գործընթացում ԼՂՀ-ն ներգրավելու անհրաժեշտության մասին, ինչպե՞ս է ինքը տեսնում այդ գործընթացը, Մայիլյանը պատասխանել է. «Նախ նշեմ, որ եռակողմ ձևաչափի վերականգնման հարցում Երևանը և Ստեփանակերտը նույն դիրքորշումն ունեն: Ժամանակը ցույց է տվել, որ հենց եռակողմ ձևաչափն է ամենարդյունավետը եղել: Հենց այդ ձևաչափով հաջողվեց ձեռք բերել միակ զգալի արդյունքը` կրակի դադարեցման մասին` 1994 թվականի եռակողմ համաձայնագիրը, որը կնքվեց ՌԴ-ի միջնորդությամբ: Եռակողմ բանակցային ձևաչափի հաջողության բանաձևը շատ պարզ է` կողմերից յուրաքանչյուրն ուղիղ ներկայացնում էր իր շահերը և քննարկում իր իրավասությունների մեջ մտնող հարցերը»:
Հարցին` ԼՂ հակամարտության կարգավորման նախագծերի ճնշող մեծամասնությունը ենթադրում է ԼՂՀ-ի տարածքի կրճատում, ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ գաղափարներին, Արցախի ԱԳՆ ղեկավարն ասել է` քանի որ հայ-ադրբեջանական հակամարտությունը տարածքային վեճ չէ, ուստի տարածքային զիջումների վրա հիմնված լուծումները անհեռանկարային են և չեն արտացոլում հակամարտության էությունը:
«Տարածքների հանձնումը ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգության համակարգի փլուզմանը տանող ուղիղ ճանապարհն է: Այլ կերպ ասած` մեզ համար այդ հարցը գոյության նշանակություն ունի: Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններից հետևում է, որ պաշտոնական Բաքվի ռազմավարական նպատակն է գրավել ոչ միայն Արցախը, այլև ՀՀ-ի Սյունիքի մարզը, անգամ` մայրաքաղաք Երևանը: Մենք պետք է ամենայն լրջությամբ վերաբերվենք Ադրբեջանի նախագահի ու ԶՈւ գերագույն հրամանատարի հայտարարություններին և չհեշտացնենք դեպի այդ ռազմավարական նպատակը տանող ճանապարհը: Հիշեցնեմ, որ Արցախի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է անցյալին վերադառնալու անհնարինության և անթույլատրելիության մասին` ինչպես կարգավիճակի հարցում, այնպես էլ` տարածքների: Բացի այդ` 2009 թվականի հուլիսի 17-ից հետո, երբ հրապարակվեցին միջնորդների մոտեցումները ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ խեղաթյուրված բանակցային գործընթացի վերագործարկման անհրաժեշտության, Արցախի` բանակցային գործընթաց վերադարձի մասին: Արցախի Հանրապետության այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում»,- հայտարարել է Մայիլյանը:
Խոսելով Արցախում կայանալիք նախագահական ընտրություններին իր հնարավոր մասնակցության մասին` նա նշել է, որ դեռ վաղ է խոսել է ընտրությունների հետ կապված ծրագրերի մասին:
Թարգմանությունը` Անի Սահակյանի