Արամի 23-ի հարցը վերջապես լուծվել է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, ամփոփելով պաշտոնավարման 100 օրը, նշեց, որ այսօր ստորագրվել է պայմանագիր` կառուցապատողի, սեփականատիրոջ ու մշակույթի նախարարության միջև:
Նա տեղեկացրեց, որ, պայմանագրի համաձայն, կառուցապատողը 14 մլն դրամ է հատկացնելու իտալացի մի ճարտարապետի, որը շենքի վերականգնման նախագծով կզբաղվի:
«Կարծում եմ` բոլոր կողմերը հիմա պետք է հանգիստ լինեն: Ի դեպ, քաղաքապետարանը ոչ մի առնչություն չունի, մենք ուղղակի զորավիգ ենք կանգնում, ուղղակի` բարի կամքի դրսևորում: Արամի 23-ի հարցը ես համարում եմ փակված: Մի փոքր զարմանք կա, քանի որ աղմուկը շատ ավելին էր, քան պետք էր, քանի որ եկեք չմոռանանք, որ Երևանում միայն Արամի պատը չէ, որ քանդվել է, նույնիսկ մարդկային զոհեր ենք ունեցել»,- ասաց Մեսչյանը:
Նա նշեց, որ իր խոստումը, թե Երևանում ոչ մի հուշարձան չի քանդվելու, որոշ մարդիկ սխալ են հասկացել, և եթե հուշարձանի մի մասնիկը պոկվում է, ուրեմն մեղավորն ինքն է: «Իմ գլխավոր խնդիրն այն է, որ ոչ մի հուշարձան Երևանում այլևս չի քանդվելու, իմ խնդիրը դա է: Մնացած աշխատանքները` վերակառուցման, վերականգման, մշակույթի նախարարության գործունեությունն է, այդ հարցերն իմ «տարածքից» դուրս են»,- ասաց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Արամի 23-ի հետ կապված` Մեսչյանն անդրադարձավ կարևոր մեկ այլ հարցի. ըստ 2004 թվականի հոկտեմբերի 7-ի 1616N համաձայնագրի` Արամի 23-ը պետք է տեղափոխվի և «Հին Երևան»-ում «հանգրվանի» մնացած բոլոր հուշարձանների կողքին: «Եկա ես և ասացի` ոչ: Ի դեպ, վարչապետն էլ ասում էր` եկեք տեղափոխենք, կներեք, բայց ճարտարապետական տեսանկյունից դա իմ խնդիրն է, և ես ասում եմ` ոչ: Այդ նույն տարբերակով պահպանվելու են մնացած բոլոր կառույցները: Մշակույթի նախարարությունից կպահանջեմ, որ Արամի 23-ի վերականգնման նախագիծը լինի այնպիսին, որը 100 տոկոսով կապահովի հուշարձանի պահպանությունը: Այսինքն` եթե պետք է ինչ-որ չափով ստորգետնյա ավտոկայանատեղին կրճատվի, ուրեմն կկրճատվի»,- ասաց նա` հավելելով, որ այն օրը, երբ փլվել է Արամի 23-ի պատը, շենքը տեղափոխելու որոշումը դեռ ուժի մեջ է եղել, ու միայն օրերս է ինքը դիմել, որպեսզի այն չեղարկեն: «Արամի 23-ին շնորհակալ եմ, որ նա զգաստացրեց ու բերեց այն շողուլին, որ պետք է տրամաբանական աշխատանք կատարվի Երևանում»,- նշեց Մեսչյանը: