Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրություններից հետո ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել: Ըստ համայնքային ծառայող, առաջատար մասնագետ Մնացական Պողոսյանի` Ծաղկահովտի համայնքապետ ընտրվելուց հետո Նորաին Հակոբյանն իրեն աշխատանքից ապօրինի հեռացրել է:
Yerkir.am-ի հետ զրույցում Մնացական Պողոսյանը նշեց, որ իրեն հեռացրել են աշխատանքից, քանի որ գործող գյուղապետին չի ընտրել: «Իրեն չընտրելու համար պահանջում էր, որ ազատման դիմում գրեմ, ես էլ չգրեցի: Նա փակել էր իմ աշխատասենյակը, դռան փականը փոխել էր տվել, որպեսզի չկարողանամ մտնել իմ աշխատասենյակ»,- ասաց նա:
Պողոսյանը բողոք-նամակով դիմել էր կառավարություն, եւ հարցը լուծվել է` տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջնորդությամբ: «Նա ինձ ծանուցում է ներկայացրել, որ հունվարի 2-ից կրճատման պատճառով ազատված եմ աշխատանքից, հետո տարածքային կառավարման նախարարությունից ինձ տեղեկացրել են, որ այս հարցը լուծված է, հիմա ես պատասխանն էլ եմ ստացել: Առայժմ գյուղապետը ոչ մի արձագանք չի տալիս, նրան ներկայացրել են, որ ինձ ապահովի անհրաժեշտ աշխատանքային պայմաններով: Աշխատանքի գնում եմ, ներկայանում, փաստաթղթեր ստորագրում, ամենօրյա աշխատանքներս կատարում, աշխատավարձ ստացել եմ, հարցը լուծված է. տարածքային կառավարման նախարարությունը միջամտել է, և իմ իրավունքները վերականգնվել են: Տեսնենք` հունվարից հետո ինչ կլինի»,- ասաց Պողոսյանը:
Ծաղկահովտի գյուղապետ Նորաին Հակոբյանն էլ Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը Պողոսյանին իրեն չընտրելու համար չէ, որ հեռացրել է աշխատանքից: «Նման բան չկա, կլյաուզա է անում ինձ վրա, բայց, այնուամենայնիվ, վերականգնել ենք, նա հիմա գալիս է աշխատանքի»,- ասաց գյուղապետը:
Ի դեպ, Պողոսյանը շնորհակալություն հայտնեց տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը` ի դեմս նախարար Դավիթ Լոքյանի և վարչական վերահսկողության պետ Ռոստոմյանի, հետևողական լինելու և իր իրավունքները վերականգնելու համար: