Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է: Փարաջանովը (Սարգիս Փարաջանյան) ծնվել է 1924-ի հունվարի 9-ին Թբիլիսիում, հայկական ընտանիքում: Փարաջանովի հայրը հնավաճառ էր, Թիֆլիսի մեծահարուստներից: Նրա հայրը նաև հասարակաց տուն ուներ` «Ընտանեկան անկյուն» անվամբ, իսկ մայրն անձամբ էր աղջիկներ ընտրում հասարակաց տան համար: Սակայն երբ սկսվեց հեղափոխությունը, Փարաջանովի հայրը զրկվեց գրեթե ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց:
Մուտքը կինոաշխարհ
Փարաջանովը 1945-ին ընդունվում է Մոսկվայի համամիութենական կինոինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի ռեժիսորական բաժին: Ավարտելուց հետո նա սկսում է աշխատել Կիևի կինոստուդիայում:
1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղա», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց ֆիլմի` միայն 158 օրինակ, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տասը տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։
Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964-ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ «Մոռացված նախնիների ստվերները» նկարվել է ուկրաինացի գրող Միխայիլ Կոցյուբինսկիի վիպակի հիման վրա (օպերատոր՝ Յուրի Իլիենկո): «Ստվերների» միջազգային ճանաչումից ու մրցանակներից հետո սկսված նրա հաջորդ՝ «Կիևյան որմնանկարներ» (1966) ֆիլմի նկարահանումները կասեցվեցին. պահպանված 13 րոպե տևողությամբ նյութը մոնտաժվել է Կիևյան կինոստուդիայում:
Գործունեությունը Հայաստանում
Հասկանալով, որ Կիևում իրեն այլևս չեն թողնի աշխատել, Փարաջանովը տեղափոխվեց Երևան՝ «Հայֆիլմ», որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները: Սուրեն Հասմիկյանի վկայությամբ` սկզբում Փարաջանովը ցանկանում էր ֆիլմն անվանել «Աշխարհումս»: Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը: Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել, այն գտնվում է «Հայֆիլմ»-ի արխիվում, և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթ։ Սակայն այս տարբերակն էլ պաշտոնյաները վախենում էին տարածել լայնորեն և բազմացրին միայն 143 օրինակով, որը դիտեց կես միլիոնից ավելի հանդիսատես։ Ֆիլմը վարձույթում մնաց մի քանի ամիս:
Փարաջանովի կալանավորումը
1974-ին Փարաջանովը «Հայֆիլմ»-ում սկսել էր մեծ հեքիաթագիր Անդերսենին նվիրված «Հրաշք Օդենսում» ֆիլմի աշխատանքները: Հենց այդ ժամանակ նա Կիևի մարզի դատարանի որոշմամբ ձերբակալվում և դատապարտվում է հինգ տարվա ազատազրկման՝ մեղադրվելով արվամոլության մեջ (Ուկրայինայի ԽՍՀ քրեական օրենսդրության հոդված 122, մաս 1, 2): Փարաջանովը ազատազրկումն անցկացրել է ուկրաինական Վինիցա քաղաքի բանտում՝ աշխատելով որպես արտադրամասի հավաքարար։ Նրա սիրտը հիվանդ էր, նա շաքարախտ ուներ։ Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրել է Պուշկինի դիմանկարը. 10 տարի անց դա հայտնվել է Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքում․ Ֆելինին այդ նմուշի օրինակով ձուլել է արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերը։ Չորս տարի բանտում անցկացրած Փարաջանովին ազատ արձակեցին, երբ Խորհրդային միություն այցելած ֆրանսիացի գրող Լուի Արագոնն անձամբ խնդրեց Բրեժնևին:
Անձնական կյանքը
ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, որը ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Սակայն հայրը շատ էր վիրավորվել որդուց այն բանի համար, որ նա արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղիով, և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց, և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նրան նետեցին գնացքի տակ։
1950-ական թվականների կեսերին Փարաջանովը Կիևում ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի հետ։ Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը, որը մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, Թբիլիսիի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»։ Նա ստիպում էր կնոջը ևս մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ խնձորները մաքրվեն յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դրվեն յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դրվի յուրահատուկ ձևով։ Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ համակերպվել ամուսնու խենթություններին և 1961 թվականին, վերցնելով որդուն, հեռացավ տնից։
Փարաջանովի երկրորդ կինը պատմում է, որ իրենց առաջին հանդիպումը կայացել է օպերայում.«Ես սովորում էի 10-րդ դասարանում եւ շատ էի սիրում բալետը։ Թատրոն էի եկել «Դոն Քիշոտ» ներկայացման պրեմիերային, հանդիպեցի կովկասյան արտաքինով երիտասարդի, որը երկու կանանց հետ էր. նրանցից մեկին ես ճանաչում էի։ Ես բարեւեցի, եւ Փարաջանովն օգտվեց դրանից, որպեսզի ծանոթանա ինձ հետ։ Նա ինձ առաջարկեց տուն ուղեկցել եւ հարցրեց, թե քանի տարեկան եմ։ Ես պատասխանեցի` 16: «Ինչ սարսափելի է»,- արձագանքեց նա։ «Ինչո՞ւ»,- հարցրի ես: «Որովհետեւ ես 30 տարեկան եմ»,- պատասխանեց Փարաջանովը։ Նա հարցնում էր, թե ինչ գրքեր եմ սիրում, որ դերասանները եւ գրողներն են ինձ դուր գալիս… Նա գրեց իմ համարն ու խոստացավ անպայման զանգահարել։ Ես շատ տպավորված էի մեր հանդիպումից, բայց ինձ ոչ ոք չզանգեց։ Քիչ-քիչ սկսեցի մոռանալ նրան։ Եվ հանկարծ իմ ծննդյան նախօրեին Սերգեյը մեր տուն եկավ, ու մենք սկսեցինք հանդիպել։ Որպես այդպիսին` հարսանիք չենք ունեցել։ Մենք թաքուն գրանցեցինք մեր ամուսնությունը. ծնողներս իմ երիտասարդ տարիքի պատճառով համաձայնություն չտվեցին, խնդրեցին սպասել երկու տարի»:
Փարաջանովի կյանքում մեծ դեր է ունեցել ռուս պոետ Վլադիմիր Մայակովսկու մուսան` Լիլյա Բրիկը։ Բրիկը սիրահարված էր Փարաջանովին, սակայն վերջինս չէր կարող պատասխանել նրա սիրուն բանտարկությունների պատճառով։ Լիլյայի ջանքերի շնորհիվ չորս տարի անց Փարաջանովին ազատ են արձակում։ Բրիկը երկար էր սպասել այդ պահին եւ պատրաստվել սիրելիի հետ հանդիպմանը. նա յոթ զգեստ էր պատվիրել, սակայն դրանք ցուցադրելու հնարավորություն այդպես էլ չունեցավ։
Սերգեյը Լիլյայի մոտ ժամանեց ընդամենը մի քանի օրով, որպեսզի ընդմիշտ հրաժեշտ տա։ Դրանից հետո Փարաջանովը բազմիցս նամակներ է ուղարկում նրան, որոնցում խնդրում է ներել իրեն, սակայն Լիլյայի համար դրանք այդպես էլ նշանակություն չունեցան: Միայն կյանքի վերջում Լիլյա Բրիկը խոստովանեց, որ Փարաջանովն իր կյանքի վերջին ու մեծ սերն էր:
Կյանքի վերջին տարիները
1980-ին ֆրանսիական «Մոնդ» թերթին տված հարցազրույցում Փարաջանովն անկեղծացել էր.«Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում: Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս: Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում և աշխատանք: Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում: Առաջարկում եմ սցենարներս: «Հայֆիլմ»-ը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մեկի հիման վրա, սակայն ղեկավարությունը ընդդիմացավ: Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում: Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ: Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել: Այժմյան կյանքս անիմաստ է: Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը: Թակել եմ բոլոր դռները: Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում: Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում: Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել: Պետք է հապճեպ հեռանամ այստեղից»:
Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։
Կյանքի վերջին տարիներին նա նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որն անավարտ մնաց և հետագայում օգտագործվեց Միքայել Վարդանովի «Փարաջանով. Վերջին գարուն» (1992) վավերագրական ֆիլմում։
Փարաջանովը մահացել է քաղցկեղից 1990-ի հուլիսին Երևանում: 2010 թ. Հոլիվուդում ստեղծվեց Փարաջանով-Վարդանով ինստիտուտը` վարպետի ստեղծագործությունները ուսումնասիրելու նպատակով:
Երևանում Փարաջանովի թանգարանը
Երևանում Փարաջանովի թանգարանը հիմնադրվել է 1988-ին Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանում կազմակերպված` Հայրենիքում Ս.Փարաջանովի գործերի առաջին ցուցահանդեսից հետո: Հավաքածուի մի մասը ցուցահանդեսից հետո 40 000 ռուբլիով գնվել է, իսկ մյուս մասը Փարաջանովն է նվիրել իր թանգարանին:
Նույն թվականին «Ձորագյուղ» ազգագրական թաղամասում Փարաջանովին հատկացվեց երկու կից կառույց` բնակության և թանգարանի համար: 1988-ի երկրաշարժի պատճառով Հայաստանում շինարարական աշխատանքները միառժամանակ դադարեցվեցին, ինչի պատճառով թանգարանը բացվեց միայն 1991-ին:
Թանգարանի հիմնական հավաքածուն բաղկացած է Փարաջանովի մոտ 600 աշխատանքից. գծանկարներ, ֆիլմերի համար արված էսքիզներ, տիկնիկներ, գլխարկներ, որոնցից շատերը ցուցադրվել են Երևանում Ժողովրդական արվեստ թանգարանում 1988 և 1989 թթ., ինչպես նաև կենդանության օրոք նրա կամքով Երևան տեղափոխված թիֆլիսյան տան կահ-կարասին և անձնական իրերը:
Ի դեպ, Փարաջանովին նվիրված մի տասնյակից ավելի ֆիլմեր են նկարահանվել: Վերջին ֆիլմը Սերժ Ավեդիկյանի «Փարաջանով» ֆիլմն էր, որը 2014-ին ցուցադրվեց երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ: