Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ հերթական աղմկահարույց դեպքին, երբ ծեծի են ենթարկվել երկու եղբայրներ, պատասխանեց. «Ցավում եմ, որ նման դեպքեր շարունակում են տեղի ունենալ: Պետք է ամեն ինչ արվի, որ բոլորը հասկանան` որևէ մեկը օրենքից դուրս լինել չի կարող: Իրավասու մարմինները պետք է գործեն՝ անկախ այն հանգամանքից, թե ով է իրավախախտը: Դա դեռևս չենք կարողանում մեր երկրում արմատավորել: Ցավալի է, և լուրջ հետևություններ պետք է անել այս ամենից:
Բնականաբար, որդիները հայրերի համար պատասխան չեն տալիս, և հայերը որդիների համար պատասխան չեն տալիս, բայց, ամեն դեպքում, այն, ինչ տեղի է ունենում հասարակությունում, հստակ կապ ունի նրա հետ, որ զավակներն իրենց զգում են այնպիսի պայմաններում, որ կարող են անպատիժ գործել, որովհետև ունեն բարձրաստիճան ծնողների հովանավորությունը: Դա հենց այն վատ պայմաններն են, որով պայմանավորված է արտագաղթը, որովհետև մարդիկ միայն սոցիալական պայմաններից չէ, որ դժգոհում են, այլ դժգոհում են անարդարությունից, անպաշտպան լինելուց, որ մի մասին մի բան կարելի է, մյուսին` չի կարելի: Այս ամենը խորը մտահոգություններ է առաջացնում»:
Հարցին, թե Դաշնակցությունը լիներ իշխանության գլուխ, կօգտվե՞ր Սուրիկ Խաչատրյանի ծառայություններից, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Նախ` իշխանության օրոք պետք է ծառայել ժողովրդին, որովհետև իշխանությունը չի տրվում նրա համար, որ մարդիկ օգտագործեն դա՝ ի շահ իրենց կամ իրենց ընտանիքի»: Ապա հավելեց, որ նման խնդիրներն առաջանում են նրանից, որ ներկայիս համակարգը անձնավորված է, մարդիկ հասկանում են, որ իշխանության եկած մարդը ամբողջությամբ տնօրինում է այդ իշխանությունը, և բնական է, որ այդ մարդն օգտագործում է իշխանության լծակները իր շահերի համար: Ահա, թե ինչու Դաշնակցությունը ցանկանում է փոխել ներկայիս կառավարման համակարգը, անցնել կոլեգիալ ղեկավարման, որ իշխանությունը որևէ մեկին, քաղաքական ուժի կամ խմբի չպատկանի:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ Սահմանադրությունը հռչակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և նրանք, ովքեր չեն ընդունում իշխանության կոլեգիալության սկզբունքը, պետք է խոստովանեն, որ չեն ընդունում Սահմանադրության այդ հոդվածը: «Մենք որ իշխանության եկանք, այդպիսի բաները կվերանան, բոլորը պետք է պատասխան տան իրենց արարքների համար, և համակարգը պետք է այնպիսին լինի, որ բոլորը հասկանան` հնարավոր չէ օգտագործել այդ լիազորություններն ի շահ իրենց: Կարող են լինել խախտումներ, բայց կան դրանք հայտնաբերելու, կանխարգելելու ու պատժելու հստակ մեխանիզմներ, որոնք այսօր Հայաստանում, դժբախտաբար, չեն գործում: Մեր առաջարկած համակարգում նման բաները կբացառվեն»,- ասաց պատգամավորը:
Հարցին` հնարավո՞ր է, որ ապագայում Լիսկայի որդուն որևէ պաշտոն տան, որովհետև Հայաստանում կա պաշտոնը ժառանգաբար փոխանցելու վատ ավանդույթ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ և' Դաշնակցությունը, և' ողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է պաշտոնները ժառանգաբար փոխանցելու երևույթին:
«Ժառանգական փոխանցման ժամանակները` թագավորական, կայսրության ժամանակները պետք է վաղուց անցած լինեին, բայց շատերը դեռ մտածողությամբ այդ ժամանակների երազանքն են փայփայում, և ամեն ինչ անում են, որ նման բարքեր սահմանվեն: Այո, դժբախտաբար, մենք Հայաստանում տեսնում ենք, որ կան իրավիճակներ՝ պրոտեժեների, բարեկամներին առաջ տանելու երևույթներ, որոնց պատճառը կրկին համակարգն է: Մենք չունենք քաղաքակիրթ երկրներին բնորոշ կադրային քաղաքականություն, դա մեզ մոտ սահմանափակվում է ԽԾԲ մեթոդով»,- ասաց Արմեն Ռուստամյանը: