Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2016 թվականին ստեղծված «Արմենիա» ավիաընկերությունն արդեն ավելի քան 10 միլիարդ դոլարի ներդրում է կատարել, այլ հարց է, որ դեռ վնասով է աշխատում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը:
Ըստ նրա՝ 2017-ին կատարվել է 480 չվերթ՝ չարտերային և կանոնավոր, 2018-ին՝ 542, այսինքն՝ աճը կազմել է 13 տոկոս, ինչը պայմանավորված է եղել կանոնավոր չվերթերի աճով, որն իր հերթին չարտերային չվերթերի նվազման է հանգեցրել՝ նախկին 218-ի փոխարեն իրականացվել է 135 չվերթ:
Թեև ավիաընկերությունը մեծացրել է չվերթերի թիվը, ուղևորների թվային ցուցանիշն ավելացել է ընդամենը 1 տոկոսով, մասնավորապես՝ 2017-ին ուղևորների թիվը կազմել է 74 166, 2018-ին՝ 74 965:
Այս համատեքստում Ռոբերտ Օգանեսյանը նշեց, որ ուղևորների թվային ցածր ցուցանիշը պայմանավորված է ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությամբ, քանի որ մարդիկ ցանկացել են մնալ երկրում և մասնակցել հեղափոխությանը, շատերն անգամ նախապես ձեռք բերված տոմսերն են վերադարձրել: Երկրորդ պատճառը, ըստ նրա, ավիատոմսի բարձր գինն է, ինչին հանգեցրել է ավիավառելիքի թանկացումը:
«Արմենիա» ավիաընկերության ղեկավարը նշում է, որ թեև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ կա լավ համագործակցություն և իրենց համար որոշակի զեղչեր են սահմանվել՝ 30 տոկոս` արդեն իրականացվող չվերթերի համար և 50 տոկոս` սկսվողների, միևնույն է` վճարվող գումարը մեծ է: «Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղությամբ մեկ ուղևորի համար ծախսը կազմում է 117 դոլար, որի մեջ մտնում են օդանավակայանի վճարը, օդի հարկը, վառելիքի ծախսը, նավիգացիան, սնունդը և օդերևուաբանական ծառայությունը: Ավելի մանրամասն՝ 117 դոլարի մեջ առաջին տեղում օդանավակայանի վճարն է՝ 46.3 դոլար, երկրորդ տեղում վառելիքի ծախսն է՝ 42.6 , երրորդ տեղում օդի փողը՝ 20.6 դոլար, 4 դոլար սնունդ, նավիգացիա՝ 3 դոլար 20 ցենտ և 31 ցենտ օդերևուաբանական ծառայությունը: Տոկոսային լեզվով՝ օդանավակայանի վճարը կազմում է նշված 117 դոլարի 39.6 տոկոսը, վառելիքի ծախսը՝ 36.4 տոկոսը, օդի հարկը՝ 17.6 տոկոսը, մնացածը 2-3 տոկոսի սահմանում են: Մինչդեռ հենց Թել Ավիվում, այս բոլոր ծախսերը հաշված, մեկ ուղևորի համար ծախսը կազմում է 58 դոլար»,- մանրամասնեց Ռոբերտ Օգանեսյանը՝ տեղեկացնելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ մեկ հանդիպում արդեն ունեցել են, որի ժամանակ ներկայացրել են քաղավիացիայի զարգացման իրենց տեսլականը, իսկ հաջորդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հունվարին:
Ըստ նրա՝ ավիաընկերությունն այսօր ունի դեռ մեկ օդանավ, մինչդեռ արդեն պետք է 3-ն ունենար, սակայն անարդար մրցակցությունը վնասում է զարգացմանը: Իսկ անարդար մրցակցություն ասվածը վերաբերում է տոմսերի դեմպինգային գներին:
«Մենք չենք կարող փողերը քամուն տալ: Ցանկացած ռուսական ընկերություն, որն այստեղ թռիչք է կազմակերպում, նրա ծախսերը 3.5 անգամ քիչ են, ուստի Երևանից Մոսկվա տոմսը՝ ծախսերով հանդերձ, արժե 75 եվրո, եթե հանենք 45 դոլարը՝ օդանավակայանի վճար և օդի հարկ, մնում է 30 դոլար: Սա դեմպինգ է, որն արվում է դիտմամբ, որպեսզի ոչ մի ուրիշ ավիաընկերություն չկարողանա զարգանալ, որը հետագայում կարող է դառնալ իրենց մրցակիցը: Լավ է, որ ՀՀ քաղաքացիները կարող են էժան տոմս գնել, բայց ամեն ինչ իր չափն ունի, ես վստահ եմ, որ եթե մրցակցության պահը չլինի, ռուսական ընկերությունները կթանկացնեն ավիատոմսերը, քանի որ նրանց նպատակը մրցակցին ճնշելն ու ոչնչացնելն է»,- ընդգծեց Օգանեսյանը:
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հավելեց՝ ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռներով 11 եվրոյով այսօր հնարավոր է Երևանից հասնել Ստավրոպոլ և հակառակը:
Հավելենք, որ, չնայած խնդիրներին, ավիաընկերությունը 2017-ին վճարել է 377 107 մլն դոլարի հարկ, իսկ 2018-ին՝ 414 872 մլն: