կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 18:15
Հասարակություն

Նույն մատակարարները նույն ապրանքը տարբեր գներով են տրամադրել

Նույն մատակարարները նույն ապրանքը տարբեր գներով են տրամադրել

Ուսումնասիրություններ իրականացներով պետական գնումների ընթացակարգերում' ՎՊ-ն 2013 թվականին հայտաբերել է մի շարք դեպքեր, երբ համանման գնման դեպքում ու միևնույն կարիքի բավարարման համար պետական և համայնքային տարբեր կառույցներ ծախսում են տարբեր գումարներ: Մի դեպքում ավելի քիչ է ծախսվում, մեկ այլ դեպքում' ավելի շատ:

 

Օրինակ' Երևան քաղաքի վարչական շրջաններում միևնույն տեխնիկական բնութագրերով սննդամթերքի ձեռք բերման նախահաշվային գները տարբեր են: Օրինակ՝ բուսական յուղը Շենգավիթում 990 դրամով է ձեռք բերվել, Կենտրոնում' 1000, Մալաթիա-Սեբաստիայում' 850, Էրեբունիում' 950, իսկ Նորք-Մարաշում' 890 դրամով: Շաքարավազը' նույն համայնքներում' 490-500 դրամով, հնդկաձավարը' 890-1000 դրամով և այլն:

 

Գրանցվել են դեպքեր, երբ գնման գործընթացում հաղթող ճանաչված ընկերությունները տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներին որոշ ապրանքատեսակներ, որոնց տեխնիկական բնութագրերը նույնն են, մատակարարել են տարբեր գներով: Օրինակ' նույն «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն շաքարավազը Դավթաշենում մատակարարել է 490 դրամով, Կենտրոնում' 480, Շենգավիթում' 460, Ավանում' 450 և Մալաթիա-Սեբաստիայում' 406 դրամով: Այս նույն ընկերությունը նույն համայնքերում հատիկավոր լոբին մատակարարել է 687-ից մինչև 987 դրամով, մակարոնեղենը' 318-460 դրամով, գազարը' 250-370 դրամով և այլն:

 

Արմեն Սարգսյան Ա/Ձ-ն էլ, օրինակ, Արաբկիր համայնքում հավի կրծքամիս է մատակարարել 2200 դրամով, Քանաքեռ-Զեյթունում' 1800, իսկ Նոր Նորքում' 1870 դրամով: Նույն համայնքներին նույն ընկերությունը կարտոֆիլն էլ մատակարարել է, համապատասխանաբար, 250, 200 և 250 դրամներով:

 

Կրթության և գիտության նախարարության «Հատուկ կրթություն» և «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրերով ֆինանսավորվող ՊՈԱԿ-ների սննդամթերքի գնման պայմանագրերով նախատեսված որոշ ապրանքատեսակների գներն էլ չեն  համապատասխանել նույն տեխնիկական բնութագրերով ապրանքատեսակների շուկայական գներին: Ավելին` նույնանուն սննդի տեսականին միևնույն մատակարարի կողմից ՊՈԱԿ-ներին մատակարարվել է տարբեր գներով:

 

Մասնավորապես` «ՏԻՍԱ» ՓԲԸ-ն հաճարը մատակարարել է 440-720 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 300 դրամ, կարտոֆիլը  մատակարարել է 146-220 դրամով, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ, և շաքարավազը մատակարարել է 435-496 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 372 դրամ:

 

«Դանինի» ՍՊԸ-ն էլ բրինձը մատակարարել է 400 և 430 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 328 դրամ, հնդկաձավար'  600 և 650 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն  գինը կազմել է 420 դրամ, և կարտոֆիլը մատակարարվել է 160 և 180 դրամով, այն դեպքում, երբ շուկայում նվազագույն գինը կազմել է 100 դրամ և այլն:

 

Ուսումնասիրված ապրանքատեսակները պայմանագրերով նախատեսված քանակներով շուկայական միջին գներով ձեռք բերելու դեպքում հնարավոր տնտեսումը վերոհիշյալ 2 հիմնարկների ծրագրերում կարող էր կազմել 46 միլիոն 812 հազար դրամ: