կարևոր
6388 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-18 14:06
Հասարակություն

Պաշտոնյաների՝ արտոնյալ գներով գույքի ձեռք բերում, կասկածելի մեծ ակտիվներ, մեկ անձից գնումներ․ Freedom House-ը ՀՀ-ում կոռուպցիային է անդրադարձել

Պաշտոնյաների՝ արտոնյալ գներով գույքի ձեռք բերում, կասկածելի մեծ ակտիվներ, մեկ անձից գնումներ․ Freedom House-ը ՀՀ-ում կոռուպցիային է անդրադարձել

«Լրագրողական հետաքննությունների ընթացքում բացահայտվել են պաշտոնյաների կողմից արտոնյալ գներով անշարժ գույք ձեռք բերելու, պետական հողեր ձեռք բերելու, պետական ծառայողների կասկածելի մեծ ակտիվների պաշտոնական ստուգման բացակայության, պետական գնումների պրակտիկայի՝ առանց հանրային մրցույթների անցկացման կասկածելի համբավ ունեցող կամ իշխանությունների հետ կապված կազմակերպություններից, ինչպես նաև հաճախ անօրինական գործունեությամբ զբաղվող ձեռնարկություններից, որոնց հաջողությունը կարող է կախված լինել իշխող կուսակցության բարձրաստիճան անդամների հետ կապերից»,- տարեկանմ զեկույցում գրում է Freedom House միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը՝ անդրադարձ կատարելով Հայաստանում պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց՝ 2023թ․ ցուցաբերած կասկածելի վարքագծին։

«Իշխող կուսակցության քաղաքական գործիչների հետ փոխկապակցված ընկերություններին պետական մրցույթներ տրամադրելու պրակտիկան շարունակվում է, և հետաքննող լրագրողները նշում են խոշոր ձեռնարկությունների և բարձրաստիճան պաշտոնյաների միջև սերտ հարաբերությունների հետ կապված ռիսկերը»,- շարունակում է իրավապաշտպան կազմակերպությունը՝ հավելելով, որ, չնայած այս ամենին, վարչապետը մերժում է մտահոգությունները և կարծում, որ նման հարաբերությունները գտնվում են օրենքի սահմաններում:

Համաձայն զեկույցի, չնայած Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, այնուամենայնիվ, ոմանք հրապարակավ կասկածի տակ են դրել կամ հերքել Փաշինյանի մտացածին հայտարարությունը: Բացի այդ, կոռուպցիոն գործերով հետապնդումները երկար ժամանակ է պահանջում և հաճախ ընտրովի է կիրառվում:

Զեկույցում շեշտվում է, որ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները 2023թ․ դեկտեմբերին դեմ քվեարկեցին Հայկուհի Հարությունյանին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերընտրելուն: «Հարությունյանը մի շարք հետաքննություններ է նախաձեռնել իշխող կուսակցության ներկայացուցիչների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, ինչը գնալով ավելի շատ կասկածներ է առաջացնում կոռուպցիայի դեմ պայքարի կառավարության շահագրգռվածության և մտադրության վերաբերյալ»,- նշվում է զեկույցում:

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։