կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 17:20
Քաղաքական

Դեռ չծնված մանուկին փորձում ենք խեղդել. Հրանուշ Հակոբյան

Դեռ չծնված մանուկին փորձում ենք խեղդել. Հրանուշ Հակոբյան

Սահմանադրական բարեփոխումները դրականորեն կազդեն ժողովրդի վրա. այսօր խորհրդարանում լրագրողներին համոզված ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Պատասխանելով հարցին`եթե այդքան լավ բան է, ինչո՞ւ են մարդիկ այդ լավ մտադրություններին այդքան մեծ կասկածանքով վերաբերվում, նախարարը նշեց. «Ես ձեզ նման՝ որպես քաղաքացի, հեռուստացույցով հետևում եմ «Ոչ»-ի միտինգներին: Խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ են այն ահռելի «ոչ»-երը, որ դուրս են եկել փողոց և պահանջում են չընդունել այս Սահմանադրությունը»:

Հարցին` այսինքն՝ «ոչ» չկա՞, Հակոբյանը պատասխանեց. «Չեմ ասում՝ չկա, կան անտարբերներ, կան չեզոքներ, ուշադրություն չդարձնողներ, կան քաղաքականապես ակտիվ երկու թևեր՝ «այո»-ի կողմնակիցներ և «ոչ»-ի կողմնակիցներ: Ես հեռուստատեսությամբ եմ տեսել միտինգները, խնդրում եմ տեսեք՝ քանի՞ հոգի է դուրս եկել և պաշտպանել»:

Նա հիշեց նաև «Գելափ Ինթերնեյշնլ»-ի հրապարակած տվյալները. «29 տոկոսը «այո» է ասում, 26 տոկոսը` «ոչ»: Մեկ ամիս ճամփա կա անցնելու, եկեք՝ համբերենք, ինչո՞ւ եք այդքան ըմբոստացած»:

Նախարարը, արձագանքելով կեղծված ընտրությունների վկայակոչմանը, խիստ վրդովված, ձեռքը սրտին դնելով, հայտարարեց. «Խնդրում եմ՝ էդ բառերը էլ չասեք, ես չեմ ընդունում: Ես իմ օրինակի վրա կարող եմ ասել այն, ինչ տեսել եմ: Եթե դուք այդքան մտահոգված եք կեղծիքներով, մենք ունենք 1900 ընտրատարածք, ընտրատեղամասեր, գնացեք, հսկողություն սահմանեք: Եթե մեր ընդդիմությունը ուժեղ է, կարող է իր անդամների միջոցով հսկել: Մինչև չտեսնեք այդ կեղծիքը, իրավունք չունեք ասելու»:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է՝ իրենց վստահված անձին ծեծի են ենթարկում, ահաբեկում են, վախեցնում, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Չեմ հավատում, ես չեմ ուզում հավատալ: Որպեսզի մեր՝ նույնիսկ լավ գործը սևացնեն... Դեռ չծնված մանուկին մենք փորձում ենք խեղդել»: