կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-29 12:55
Հասարակություն

Որպես հույժ կարևոր մի հարց` Սփյուռքի նախարարության լուծարման հարցը պետք է վերանայել

Որպես հույժ կարևոր մի հարց` Սփյուռքի նախարարության լուծարման հարցը պետք է վերանայել
Ցաւով և զարմանքով, մամուլից տեղեկացայ որ Հ.Հ.ի ժամանակաւոր վարչակարգը որոշել է ի շարս մի քանի նախարարութիւնների, Սփիւռքի Նախարարութիւնն էլ, ըստ նորանշանակ անփորձ նախարարի քմածին բնութագրութեամբ, նախարարութեան անցեալ շրջանի ապարդիւն գործունէութեան պատճառաւ, լուծարքի ենթարկել և փոխարէնը մի ինչ որ մարմին, կոմիտէ և կամ գերտեսչութիւն կեանքի կոչել, նման մի քայլ, այն էլ առանց սփիւռքի համապատասխան կառոյցների հետ խորհրդակցութեան և հաւանութեան, նշանակում է սփիւռքի անտեսում և նրա իրաւունքնեերի ոտնահարում  որի համար էլ արդէն թէ հայրենիքում և թէ սփիւռքում դժգոհութիւնների մեծ ալիք է բարձրացել:
Նախ եթէ նշեալ նախարարութիւնը իր տասնամեայ գործունէութիւնը թերի է կատարել, դրա դարմանը նոր նախարարի կողմից, թերութիւնները սրբագրելն է և ոչ թէ լուծարքի ենթարկելը, ապա Սփիւռքի Նախարարութիւնը նախկին իշխանութեան կողմից մի մատի քմահաճ շարժումով կեանքի չի կոչւել որ այժմ էլ  ուրիշ մի մատի քմահաճ շարժումով լուծարքի ենթարկւի, նշեալ նախարարութիւնը սփիւռքի զանազան պատասխանատու կառոյցների առաջակով և գործակցութեամբ, ստեղծւել է ներքոյիշեալ նպատակասլաց սկզբունքի հիման վրայ:
Անուրանալի իրականութիւն է որ սփիւռքի պատմութիւնը անխզելիօրէն կապւած է հայ ժողովրդի պատմութեան հետ որի մասին Լէոն ասել է.- «Հայոց պատմութիւնը 6-րդ դարից այլևս Հայաստանի պատմութիւն չէ միայն, այլ պիտի իր մէջ առնի նաև թափառիկ հայութեան պատմութիւնը» ըստ որի սփիւռքահայը անբաժանելի մասն է մայր հատւածի, սակայն սփիւռքը հայ ժողովրդի անբաժանելի մաս լինելով հանդերձ, երկար տարիներ օտար ափերում զանազան վարչակարգերի,  քաղաքական պայմանների,  տեղական մշակոյթների ազդեցութեանց ներքոյ գտնւելով և ոտքի տակ չունենալով հայրենի կենսատու հողը, ազգային պետականութիւնը, ազգային մշակոյթն ու աւանդութիւնները, մասամբ կտրւել է մայր հատւածից ուստի և  սփիւռքում չի կարող երկար գոյութիւն ունենալ, առ այդ Սփիւռքի Նախարարութեան պարտականութիւնն է կրթական և մշակութային կապերի միջոցով, նպաստել սփիւռքում հայապահպանման վեհ գործին և հնարաւորութիւն ստեղծել սփիւռքահայերի այնքան կարևոր հայրենադարձութեան համար: 
Սփիւռքահայը ապրելով տարբեր երկրների  քաղաքական  ու տնտեսական նպաստաւոր և աննպաստ պայմաններում, միշտ ձգտել է կապւած մնալ մայր հայրենիքին այն յոյսով, որ վերջապէս մէկ երջանիկ օր երբ հայրենի երկրում ստեղծւեն նպաստաւոր պայմաններ, վերադառնայ և բնակութիւն հաստատի հայրենի հողի վրայ, բարեբախտաբար այսօր մեր անկախ պետականութեան կերտումով ստեղծւել է նման պայմաններ, սակայն մեր նոր իշխանաւորները այդ նպաստաւոր պայմանները առաւել դիւրին դարձնելու և հայի դարաւոր երազները իրականացնելու փոխարէն, ցաւ ի սիրտ, այդ բնագաւառին պատկանող և այդ բնագաւառի համար աշխատող նախարարութեանը լուծարքի են ենթարկում:
Արդեօք «Հանդուրժողականութեան և թաւշեայ յեղափոխութիւն»ը փոխւել է, «անհանդուրժողական»ի և «կոշտ ու կոպիտ»ի, ամենքին սև ու սպիտակ տեսնելու,  ամեն ինչի հետ հաշիւ մաքրելու, չէզոքացնելու և տեղներն նստեցնելու  գործողութիւնների թէ դեռ պահել է իր սկզբունքները, եթէ պահել է  ուրեմն  շատ խնդիրերի հետ միասին, որպէս յոյժ կարևոր մի հարց, պիտի վերանայել նաև Սփիւռքի Նախարարութեան հետ կապւած լուծարքի խնդիրը: 
Թաթուլ Օհանեան
Նոր-Ջուղա 
28 դեկտ.2018թ.