Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սփյուռքի ախարարության լուծարման հետ կապված նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն ունի իր մտահոգությունները: «Որովհետև չի ցուցաբերվում, թե այն գործառույթները, որն իրականացնում է Սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու»,- կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նա:
«Ասեմ, որ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծի վերաբերյալ Սփյուռքի նախարարությունն արդեն ներկայացրել է, աշխատանքային սահմանված ընթացակարգով, իր մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկները` դրանք ներկայացնելով նաև արդարադատության նախարարությանը: Եթե գիտեք` երևի մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ շրջանառության մեջ է դրվում այդ նախագիծը: Փաստաթուղթ, որով նախատեսվում է, որ 17 գերատեսչությունները կրճատվելու են` հասնելով 12-ի, բայց կոնկրետ Սփյուռքի նախարարության մասով, ի տարբերություն մյուս գերատեսչությունների, ինչպես օրինակ` մշակույթի նախարարության, մեր նախարարությունը պիտի լուծարվի: Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մեր մտահոգությունները, որովհետև հստակ չի ցուցաբերվում, թե այդ գործառույթները, որ իրականացնում է Սփյուռքի նախարարությունը, ո՞ր գերատեսչությունն է ստանձնելու: Հետևաբար, Սփյուռքի նախարարության լուծարման վերաբերյալ մեր մտահոգությունները հայտնել ենք թե՛ քաղաքական թիմին և թե՛ սահմանված աշխատանքային ընթացակարգով»,- նշեց Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը:
Հայրապետյանը հիշեցրեց, որ վարչապետի պաշտոնակատարը Դիլիջանում արդեն հայտնել է, որ Սփյուռքի նախարարություն, համաձայն քաղաքական որոշման, չի լինելու:
«Սակայն այդ փաստաթղթով նաև ուղղակիորեն խոսվում էր լուծարման մասին, նաև աշխատակիցները, որ հանդես էին գալիս դժգոհություններով, ես` ինքս, կիսում եմ այդ մտահոգությունը: Ինստիտուցիոնալ առումով ինձ համար նաև չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը»,- ասաց նա` հավելելով, որ կարևոր է հասկանալ` ո՞ր ինստիտուտն է իրականացնելու Սփյուռքի հետ աշխատանքները, դա հստակ կերպով մատնանշված չէ այդ փաստաթղթում:
«Ես ինձ թույլ կտամ համարձակվելու ասել, որ փաստաթղթում, անշուշտ, կլինեն փոփոխություններ` հիմնված թե՛ մեր գերատեսչության, թե՛ մյուս մի քանի նախարարությունների առաջարկների ու մտահոգությունների վրա»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Հարցին` հնարավո՞ր է, որ Սփյուռքի նախարարությունը ևս մեկ այլ նախարարության միանա, Հայրապետյանը պատասխանեց. «Ամենայն հավանականությամբ, այո՛»:
Իսկ թե կոնկրետ ո՞ր գերատեսչությանը կարող է միանալ Սփյուռքի նախարարությունը, պաշտոնակատարի խոսքով` քննարկումներ կան, սակայն դեռևս այլ գերատեսչություններ այդ մասին իրենց կարծիքը պիտի հայտնեն, ապա կլինի կառավարության նիստ:
«Այսինքն` այս փուլը դեռևս շարունակվում է մինչև ԱԺ մտնելը, և քանի որ չի բացառվում, որ կլինեն այլ փոփոխություններ, զերծ կմնամ նշելու, թե որ նախարարությանը կից կլինի: Բայց մեր պատկերացմամբ` այն կլինի դեպարտամենտ, որտեղ կներառվեն Սփյուռքի նախարարության ներկա աշխատակիցները»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: