կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 21:14
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դը Գոլի գալն առաջինը իրենց թաղում՝ Փոս Փարիզում իմացան․ Սպարտակ Ղարաբաղցյանը 70 տարեկան է

Եթե ասելիք ունես, եթե ծնվել ես ապրելու համար՝ 70 տարեկանը մեծ տարիք չէ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, հրապարակախոս, սցենարիստ, ՀՅԴ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը, որի 70-ամյա հոբեյանն է լրացել և դստրերը, իբրև նվեր, հրատարակել են նրա պատմվածքների ժողովածուն՝ «Փոս Փարիզ» խորագրով։

60-ականներին դը Գոլի գալը Խորհրդային Միություն առաջինն իրենց թաղն է իմացել․ ֆրանսահայերը շատ էին և, առիթն օգտագործելով, մի մասը վերադարձան Ֆրանսիա։ Ով Ֆրանսիա էր գնում, ասում էին՝ Դը Գոլը դրանց քեռին է։ Ֆրանսիա գնացողներին անգամ թույլ չէին տվել, որ հարևաններին հրաժեշտ տան՝ հրահանգ կար, որ գիշերով պետք է գնան։

«Մեր թաղում ֆրանսերեն թերթ կարդացող կար՝ այն ժամանակ կոմունիստական ուղղվածությամբ թերթեր կային, որ չէին արգելվում, իրենք ստանում էին, և իրենց խոսակցություններից լուրերը հասնում էին քեզ, ինչքան էլ մոտ կանգնած չլինեիր։ Մի տեսակ լրատվական առաջին աղբյուրը մեր թաղն էր․ կար բամբասանքի ձև, կար նաև թաքուն խոսելու տարբերակը, որ հանկարծ մյուսը չլսի, որովհետև գիտեին, որ արգելված բաներ կան»,-պատմեց գրողը։

Սպարտակ Ղարաբաղցյանենց թաղը Փոս Փարիզն էր՝ 3-րդ մասում․ դիրքով փոս էր, և որովհետև սփյուռքահայերը շատ էին՝ Փարիզ։ Ամեն նորություն, մինչև Երևանի կենտրոն հասնելը, իրենց թաղում արդեն կար՝ հագուստից սկսած մինչև լուրերը։

Բեյրութից ներգաղթած հարևանը ամեն առավոտ սուրճն էր բովում՝ բույրը տարածելով թաղով մեկ։ Ամեն մարդու հետ, սակայն, սուրճ չէին խմում՝ միայն ամենանեղ շրջանակով։

Սպարտակ Ղարաբաղցյանենց ընտանիքը Շուշիից էր, հետո Տավուշ էին տեղափոխվել՝ Պառավաքար։ Ստեփանյան ազգանունը Ղարբաղցյանի էր փոխվել հենց ծագումնաբանությունն ակնարկելով։

«1989 թ-ին Շուշիում էի, գնացինք Ղազանչեցոց եկեղեցի, այն ժամանակ պահեստ էր և վերականգնում էին։ Ներս մտանք, մի կին սայլակով անդամալույծ երեխային  մտցրեց եկեղեցի։ Հարցրի՝ ինչո՞ւ է բերել, ասաց՝ թուրքերն այս եկեղեցու հանդեպ մեծ հավատ ունեն, հիվանդներին բերում են այստեղ, որ առողջանան, ես էլ եմ բերել։ Հետո ես հիշեցի մի հին ավանդույթ, որ գյուղերում կար տարածված՝ հայերն օտար անուններ էին դնում երբեմն երեխաներին՝ Վագիֆ, Հասան, մի անգամ հարցրի՝ ինչի՞ համար եք այս երեխու անունը Հասան դրել, ասաց՝ դրանից առաջ երկու երեխա ենք ունեցել, չեն մնացել, հիմա խաբս ենք տալիս՝ թուրքի անուն ենք դնում, որ ապրի երեխան»,-պատմեց Սպարտակ Ղարաբաղցյանը։ Ու եզրակացրեց՝ հավանաբար թուրքը հավերժ թշնամի է, դրա համար էլ հավերժ կյանք խորհրդանշելու համար թուրքին են վկայակոչել։

Նա վստահ է, որ Շուշին հավերժ չենք կորցրել պարզապես նոր բեռ ենք դրել մեր ետևից եկող սերնդի ուսերին։

«Մեկ է՝ էդ հիշողությունը մնալու է, ինչքան էլ ասֆալտ անեն՝ տակի հողը տնքալու է, պետք է պայթի։ Շուշին հայոց Երուսաղեմն է»,-ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը։

Դաշնակցական լինելը արդեն էություն է, մտածելակերպ է՝ ասաց նա կուսակցական ու մտավորական լինելու հակադրության մասին հարցին ի պատասխան։ Ղարաբաղցյանը պատմեց՝ ինչպես Նիկոլ Աղբալյանը երբ Լուսավորության նախարար էր դարձել, առաջին հրամանը եղել էր, որ գյուղի ուսուցիչը նախարարին հավասար աշխատավարձ ստանա, որովհետև վստահ էր, որ պետության հիմքում կրթությունն է։

«Այդ մտածողության մարդը կարող է Դաշնակցության բեռը շալակի։ Դաշնակցությունը թեթև փետուր չէ, որ ուսիդ դրած ման գաս, բեռ է, որ եթե մտել ես՝ պետք է շալակես»,-ասաց նա։

Հիմա նոր քարտեզ է գծվում՝ աշխարհի համար նոր շրջազգեստ են կարում, ասաց Սպարտակ Ղարաբաղցյանը, հիմա մենք աշխարհի փեշի՞ն կլինենք, թե՞ թելի նման մի բան, արդեն մեզանից է կախված։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․