կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-19 14:21
Հասարակություն

Հայրենիքի ծառան ու Դաշնակցության զինվորը

Հայրենիքի ծառան ու Դաշնակցության զինվորը

Հավատա և կհաղթես: Այս համոզումը Մարուխյան գերդաստանի ապրելու կերպն էր: Այս համոզումով Թորգոմ Մարուխյանը անդամագրվեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը` վստահ լինելով, որ Դաշնակցության ճանապարհով կիրականացվի իր երազանքը` միացյալ Հայրենիք կերտելու երազանքը: Իհարկե, հեշտ չեղավ:

Թորգոմ Մարուխյանն իր ընկերների հետ ճաշակեց բոլոր այն դառնությունները, որ բաժին էր հանված դաշնակցականին:

Փետրվարյան ապստամբությունը ճակատագրական եղավ Հայաստանի շատ ու շատ մտավորականների համար: Նրանցից շատերն ապստամբությունից հետո աքսորվեցին ու արտաքսվեցին: Հայրենիքից օտարվեցին բոլոր այն զավակները, որոնք իրենց կյանքն էին դրել Հայաստանի և հայության փրկության զոհասեղանին:

Այո՛, եղել է և այդպես:

Տարագրվածների մեջ էր նաև հին բայազետցի Թորգոմ Մարուխյանը, որը Փետրվարյան ապստամբության անմիջական մասնակիցներից էր: Տարագրության ճանապարհը նրանց հասցրեց Պարսկաստան` Թավրիզ քաղաք: Այստեղ տուն ստեղծեց, օջախ հիմնեց: Կարճ ժամանակ Թավրիզում ապրելուց հետո տեղափոխվեց Քերմանշահ, որտեղ և 1928 թվականին ծնվեց նրա որդին` Հրայրը:

Թորգոմ Մարուխյանը շարունակում էր ապրել Հայաստանի կարոտով, օրեցօր հեռացող այն հավատով, որ գալու է վերադառնալու ժամանակը: Սակայն ամեն մարդ հոգեպես չմեռնելու համար մորմոքի մեջ էլ հույս է փնտրում ու կառչում դրանից: Թորգոմ հոր համար կար այն մխիթարանքը, որ որդին` Հրայրը, պիտի շարունակեր իր կիսատ թողածը:

Եվ եղավ այդպես: Ոչ մեկը Հրայր Մարուխյանին հայրենասիրության դասեր չտվեց, Հայրենիք սիրել ու Հայրենիքով ապրելու խրատներ չկարդաց: Արյան ու գենի խնդիր էր:

Դժվար է անհատականությունների կերպարը կետելը: Դժվար ու պատասխանատու: Նրանց կյանքը հեքիաթ չէ: Ամեն մարդ պարտավոր է հաշվի նստել նրանց կենսագրության  հետ:

Հրայր Մարուխյանը, ավարտելով Իրանի պետական համալսարանի ճարտարագիտության բաժինը, հիմնում է ճարտարագիտական-առևտրական մասնավոր ձեռնարկություն: Անձնական կյանքն ու աշխատանքը նրա համար կարևոր էին, բայց առաջնայինը Հայրենիքն ու հայությանը նվիրվելու ու ծառայելու խնդիրն էր: Շատերին կարող է վերացական թվալ այս ամենն այն տրամաբանությամբ, որ առանց հայրենի հողի վրա ապրելու պայքարն էլ վերացական է դառնում, սակայն, ուզենք, թե չուզենք, կան բացառություններ, և նրանք են պատմության անիվը պտտում: Հրայր Մարուխյանի համար ի սկզբանե երկու խնդիր կար. Սփյուռքի զարկերակը պահել բնականոն ռիթմի մեջ, որովհետև այդ սկզբունքը պիտի ելակետ դառնար «Դեպի երկիր» գնալու հրամայականին, մյուսն` ուղղակի հայրենիքում ապրելու և գործելու անհրաժեշտ խնդիրը:

Նրա համար այս ամենն ավելի հստակ ուրվագծեց Հայ Յեղափոխական Դաշնակցությանը անդամագրվելուց հետո: Դաշնակցության նպատակները համահունչ էին նրա ստացած դաստիարակությանը, ընտանեկան մթնոլորտին: Դաշնակցությունը պարարտ հող է ստեղծել Սփյուռքում ապրող այն հայորդիների համար, որոնց կոչումն ի վերուստ էր սահմանված` «Դաշնակցությունը հավատարիմ իր գաղափարական սկզբունքներին, դրանք շարունակում է Հայ Դատի պահանջատիրական պայքարի առաջին դիրքերի վրա և իր բոլոր կարելիությունները ի սպաս է դնում հայ ժողովրդի իրավունքների ձեռք բերման համար ունեցող հարատև կռվին: Հարատև այդ կռվի ճամփով և հանգրվանային նպատակներ նվաճելու կշռույթով հասնելու հայության ազգային հիմնական նպատակին հողահավաքով ամբողջացած` Ազատ, Անկախ, ընկերվարական և ժողովրդավար կարգերով` հայրենիքի կերտմանը»: Հարցազրույցներից մեկում այսպիսի ընդհանրացումով է նա ներկայացնում Դաշնակցության նպատակները:

Այդուհանդերձ, Մարուխյանի մարդկային տեսակով էր պայմանավորված կուսակցական աշխատանքում նրա ձիրքը: Կամային այն հատկանիշները, որոնցով օժտված էր մարդ-անհատը, խթանեց հավաքական գործում նրան դարձնելով առաջնորդ: Պատահական չէ, որ շատ երիտասարդ հասակում նա ընտրվեց ՀՅԴ Բյուրոյի կազմում: 1964 թվի սեպտեմբերին ընտանիքով տեղափոխվում է Լիբանան, որտեղ գտնվում էր Դաշնակցության Բյուրոյի նստավայրը:

Հայ Դատի համար մղվող պաքարը` հանձինս Մարուխյանի ու ընկերների, դառնում է Դաշնակցության խնդիրը: Հրապարակային ելույթներից մեկի ժամանակ, ահա թե ինչպես է արտահայտվում նա. «Շարունակելով վերջնական հիմնանպատակ ընդունել Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստանի կերտումը` Հայ Յեղափոխական Դաշնակցության գաղափարական ուղղության`թե քաղաքական վարքագծին հետևող Հայ բազմությունները, հայ ժողովրդի ամբողջական իրավունքների ձեռք բերման մեջ հեռու կը մնան բացարձակապաշտությունը և կարևորությամբ մտասևեռում կը դարձնեն Հայ Դատի հետապնդումը` աստիճանական հանգրվաններով կատարելու ռազմավարական անհրաժեշտությունը: Այդպիսով, Հայ Դատի ճամբուն նվաճված յուրաքանչյուր հանգրվան հաջորդ նպատակներուն տանող մեկնակետ նկատելով ՀՅ Դաշնակցության իրար հաջորդ սերունդները ընդմիջվող պահանջատիրությամբ կը շարունակեն իրենց անխափան երթը դեպի հայ ժողովրդի արդար իրավունքներու ամբողջական իրականացումը»:

Մարուխյանի ղեկավարած տարիներին` 70-ականներին, ծրագրված պայքար է ծավալվում մոռացող աշխարհին հիշեցնելու Հայոց ցեղասպանության փաստը:

Ինքն իր գործով էր օրինակ դառնում, հետո նոր միայն իրավունք էր վերապահում ընկերներից նվիրում պահանջելու:  «Մեր կազմակերպության մեջ անձերը, մարմինները գնահատվում են իրենց զոհաբերության չափով` միշտ համեմատվելով իրենց կարողության հետ, հանգամանք, որ բոլոր ընկերներին հավասար է դարձնում միմյանց: Մեր կազմակերպության օրենքներով հավասար արժեք են ներկայացնում ամեն դասի և զբաղմունքի ընկերներ, եթե նրանց զոհաբերում են առավելագույնը»:

Մինչ կսկսվեր Արցախյան շարժումը, Մարուխյանն իր անձնական մոտեցումներով ու տեսակետով օրվա խնդիրը համարում է «Դեպի երկիր» կարգախոսի իրականացումը: Մարուխյանը և նրա գաղափարական ընկերները, ովքեր ճակատագրի բերումով Հայրենիքին ծառայում էին հեռվից, այլևս երկմտելու առիթ չունեին: Նրանց պայքարի տրամաբանական շարունակությունը հաղթանակելու էր միայն Հայրենիքում: «Այս վերջին ազդակը (Արցախյան շարժում խմբ.) մեզ համար անհրաժեշտ և բավարար երաշխիք է, որպեսզի հայության հավաքական ուժին սատարող որևէ մարզում կազմակերպական միություն կամ կենտրոնացում առաջացնելու փորձերը խարսխվեն ամբողջական հայության, Հայաստանի և ամբողջական հայության գաղափարական ենթահողի վրա: Մեր կուսակցությունը շարժման առաջին օրից Արցախի հայության մարտունակ ու վճռական այդ կեցվածքի վրա խարսխեց իր ուղեգիծը»:

Սկսվեց Արցախի ազատագրության պայքարը: Շարժումը խթան հանդիսացավ Հրայր Մարուխյանի համար` կայացնելու վճռական և անբեկանելի վճիռ` գնալ Հայաստան, ապրել ու գործել հայրենի հողի վրա: Նա եկավ Հայաստան: Եկավ և կանգնեց այն մարդկանց կողքին, ովքեր զինվորագրվել էին անկախության պայքարին: «Դեպի երկիր» կարգախոսը նրա ներշնչանքով դարձավ օրվա հրամայականը:

Այսպիսի հավատավորների խտացված կամքն է հայ ժողովրդի հավաքական կերպարը, նրա բարյակամության չափանիշը: Հրայր Մարուխյանը չդավաճանեց ինքն իրեն, չդավաճանեց ընկերներին, սկզբունքներն ու հոգևոր արժեքները, չզիջեց ոչ մեկին: Մարդկային հարաբերությունների մեջ ամենից բարձր գնահատում էր անկեղծ, անդավաճան ընկերությունն այն պարզ տրամաբանությամբ, որ նա, ով ընդունակ չէ այդպիսի ընկերության, չի կարող նվիրվել ավելի վեհ նպատակի:

Նա շատ արագ ճանաչվեց Հայաստանում: 1992 թվականի հուլիսի 29-ի ՀՀ նախագահի հրամանագրով նա արտաքսվեց Հայաստանից: Շատերն են հիշում նրա վերջին հանդիպումը լրագրողների հետ: Ասուլիսին նա եկել էր տխուր, ինչպես ինքն ասաց` «հոգին փշրված», սակայն ոչ մի պահ չիջավ իր բարձունքից: Եղան, իհարկե, սադրիչ հարցեր, բայց նա կրկին մեծահոգաբար չբամբասեց ոչ մեկից: Ու այսպես գնաց` հետ նայելով ու համոզված, որ իշխանավորները կգան, կգնան, երկիրը կմնա, պատմությունը երբեք չի թաղվի հողի մեջ, քանի դեռ ապրում է հայ ժողովուրդը:

Հրայր Մարուխյանը գնաց` հոգու մեջ պահելով այն Հայրենիքի հմայքը, ուր ոչ մի իշխանություն չի կարող խորթացնել նրա զավակներին: Իսկ նրա վերջին միտքն այս էր. «Ես կրկնեցի հորս ճակատագիրը, սակայն նա առիթ չունեցավ պայքարելու, ես պիտի պայքարեմ… որովհետև հավատում եմ հաղթանակին»:

Ռուզան Առաքելյան