կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-06 14:34
Հասարակություն

Հավանեցի Ի. Սաղաթելյանի այն խոսքը, ըստ որի՝ ՀՅԴ-ն պատրաստ է լինել հայրենիքի ազատագրության առաջնորդն ու, միաժամանակ, շարքային զինվորը. Ն. Հոխիկյան

Հավանեցի Ի. Սաղաթելյանի այն խոսքը, ըստ որի՝ ՀՅԴ-ն պատրաստ է լինել հայրենիքի ազատագրության առաջնորդն ու, միաժամանակ, շարքային զինվորը. Ն. Հոխիկյան
1990-ականների պատերազմի ժամանակ, երբ դպրոցական էի, հաճախ էի մասնակից լինում դաշնակցական գործիչների քննարկումների։ Հայրս երկար տարիներ ՀՅԴ անդամ էր ու նրանից տեղեկանում էի ինչպես պատերազմի մանրամասների, այնպես էլ Արցախի հայկականության, մերոնց պայքարի ու նվիրվածության մասին։ Այդկերպ Դաշնակցությունը ինձ համար մանկուց դարձավ ազգային պայքարի խորհրդանիշ։
 
Ավելի հասուն, գիտակցական կյանքում, իհարկե, նորովի գնահատեցի հայոց պետականության ավելի քան 870 տարվա դադարից հետո Դաշնակցության դերը 1918-ի անկախության վերականգնման գործում, հայապահպանության կարևոր ջանքը Սփյուռքում, տեսա նաև գործած սխալները, որոնց մասին անընդհատ ասում եմ ՀՅԴ անդամ իմ ընկերներին։
 
Դաշնակցությունն իրականում մեր իրականության այն մասն է, որը անկախ իր նկատմամբ հալածանքներից, շարունակում է կռիվ տալ մեր հայրենիքի ամեն մի կտորի համար։ Դաշնակցականներին հալածում են թուրքերը, նրանք ավելի ուժեղ են կռիվ տալիս հայրենիքի համար, դաշնակցականներին հալածում են հայերը, նրանք ավելի ուժեղ են սիրում հայրենիքը։ Մի քիչ էլ տարօրինակ մարդիկ են դաշնակցականները։ Ուրիշները հայրենակիցներից այդքան հարվածների դեպքում երևի վաղուց թողել էին ամեն ինչ ու հեռացել, բայց այս մարդիկ հայրենիքի ու հայերի համար կռվում ու մեռնում են այն դեպքում, երբ թիկունքում նույն հայերը իրենց ամեն տեսակ պիտակ են կպցնում։
 
2020-ի պատերազմում միայն Վարնկաթաղի (Լուլասազի) բարձունքում դաշնակցականների շարքերից զոհվեց 24 կամավոր, բայց դրանով նրանք կարողացան պահել բարձունքը և թշնամուն թույլ չտալ, որ հյուսիսից ներխուժի ու հասնի ընդհուպ մինչև Մարտակերտ ու Ասկերան, ինչու չէ, նաև Ստեփանակերտ։
 
Փետրվարի 5-ին հրավիրված էի ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառմանը։ Լսում էի ելույթներն ու մտածում, որ այս կառույցը լրջորեն թարմացվելու, նոր ոգի կերտելու կարիք ունի։ Այսօր 21-րդ դարն է, և հայրենիքի նվիրյալ դաշնակցականները պետք է իրենց մեջ ուժ գտնեն՝ հրաժեշտ տալու 19-20-րդ դարի տեխնոլոգիաներին ու 21-րդ դարի ընձեռած հնարավորություններով ու մեթոդներով կռիվ տալու հայրենիքի գաղափարի համար։ Որքան հասկանում եմ, էլի ՀՅԴ-ն է լինելու պետությունը փրկելու առանցքներից մեկը։ Եվ այս առումով հավանեցի Իշխան Սաղաթելյանի այն խոսքը, որ ՀՅԴ-ն պատրաստ է լինել հայրենիքի ազատագրության առաջնորդ ու միաժամանակ շարքային զինվոր, համագործակցել բոլոր ազգային ուժերի հետ։
 
Իրոք, հիմա ժամանակն է, որ բոլորը մի կողմ թողնեն իրենց ամբիցիաներն ու միավորվեն հանուն հայրենիքի շահի։ Որևէ մեկը իրավունք չունի մտածել հայրենասիրությունը սեփականաշնորհելու կամ պաշտոն ունենալու մասին։ Ով երկրի այս վիճակն օգտագործում է քաղաքական շահի համար, առնվազն անբարոյական է։ Կորցնելու դեպքում բոլորս ենք կորցնում։ Գիտեմ, որ սա կարդալով, էլի կլինեն վայրահաչողներ, որոնք ինձ կկապեն քաղաքական ուժերի ու անհատների հետ։ Իրենց գործն է։ Ես միշտ հարգել եմ Դաշնակցությունը՝ որպես հայ իրականության ամենակայացած ազգային ուժերից մեկը, հարգում եմ նաև հիմա, իսկ դաշնակցական ընկերներիս շարունակում եմ անխնա քննադատել, երբ տեսնում եմ նրանց սխալները։
 
Շնորհավորելով ՀՅԴ-ին 131-ամյակի առթիվ՝ շեշտում եմ, պետք է ևս մեկ անգամ փրկել հայրենիքի, պետության պատիվը, և մենք պարտավոր ենք միասնաբար անել դա։
 
Նաիրի Հոխիկյան
 
Լրագրող, մեդիափորձագետ