կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 16:18
Քաղաքական

Քոչարյանն ու Սարգսյանն ազատագրված տարածքները պահել են ստատուս քվոյի մեջ՝ չվերադարձնելով իրավունքը դրանց նկատմամբ

Քոչարյանն ու Սարգսյանն ազատագրված տարածքները պահել են ստատուս քվոյի մեջ՝ չվերադարձնելով իրավունքը դրանց նկատմամբ

Որևէ մեկը թող մոլորության մեջ չգցի հասարակությանը, որ հնարավոր է ինչ-որ մեկի կամ մի խմբի ստորագրությունով լուծել Արցախի հարցը՝ հօգուտ  տարածաշրջանում պատերազմի: Այս մասին լրագրողներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Սա տարածաշրջանում կարող է ստեղծել շատ ավելի լարված իրավիճակ, եթե ոչ՝ ուղղակի բախում։ Արցախի այսօրվա ստատուս քվոյի փոփոխությունն անպայման ծանրագույն ձևով կանդրադառնա տարածաշրջանի վրա։ Թե ի՞նչ է նկատվում, մենք ավելի շատ տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից աշխուժություն, որն ուղղակի ձայնակցում է Իլհամ Ալիևի ասածներին։ Հոկտեմբերին մի  նյութ տեսա, որում հստակ կար այն ուղերձը, որ ՀՀ նախկին իշխանությունները չեն ունեցել լեգիտիմություն, ուստի չէին կարող Արցախի հարցի հետ կապված որոշումներ ընդունել, բայց այսօր եկել է բարձր  լեգիտիմություն ունեցող իշխանություն, որին, կարծես, պարտադրում են գնալ այն լուծումներին, որոնք պոպուլյար չեն, և որոնցից խուսափել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ ամեն անգամ ինչ-որ դրվագներ են ստեղծվել, թե ահա ստորագրվելու է ինչ-որ փաստաթուղթ:

«Կրկնում եմ՝ դա մոլորություն է, եթե դա ԱՄՆ-ի կողմից է, ապա ամերիկյան մոլորություն է»,- լրացրեց նա:

Ըստ Ալավերդյանի՝ ՀՀ քաղաքական շատ ուժեր կա՛մ լռության են մատնում Արցախի հարցը, կա՛մ դրսևորում կրավորական դիրքորոշում։ «Եղել է միայն մեկ քաղաքական ուժ՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, որը մինչև 2017 թվականը հայտարարում էր, որ Արցախի ազատագրված տարածքները պետք է հանձնվեն,  մյուսներն այս հարցում շատ հեղհեղուկ են արտահայտվում, այսինքն՝ այն, ինչ կա ՀՀ ԱԳՆ կայքում, որ պետք է հարգվեն երեք սկզբունքները»,- նշեց նա՝ հավելելով, որ Հայաստանն ամբողջովին տանուլ է տվել, մինչդեռ պետք էր պաշտպանել Արցախի պատասխանը:

Ըստ նրա՝ մեզ համար մի կողմից ստատուս քվոն նշանակում է, որ  «Արցախի այսօրվա ունեցած տարածքները և սահմանները պիտի մնան, եթե ավելի չընդլայնվեն, երկրորդ՝  ստատուս քվոյի մեջ է մնում այն, ինչ Ադրբեջանն ամուր պահում է»:

«Այսինքն՝ քաղաքական և իրավական տեսակետից  Արցախը միջազգային  հանրության կողմից դիտարկվում է որպես Ադրբեջանի մաս: Հայկական կողմի կորուստը հենց այստեղ է եղել, որ չի կարողացել միջազգային հանրության շրջանում իրական պատկեր ստեղծել Արցախի վերաբերյալ՝  հստակեցնելու համար, որ իրավական առումով Արցախի տարածքները չեն կարող բռնակցվել Ադրբեջանին, ավելին` ադրբեջանական օկուպացիայի մեջ գտնվող տարածքները պետք է վերադարձվեն Արցախին: Հայաստանը չի կարողացել դա անել: Առաջին նախագահի դիրքորոշումն է եղել, որ ԼՂԻՄ-ը պետք է մնա Ադրբեջանի կազմում, պարզապես ավելի բարձր կարգավիճակով՝  ինքնավար հանրապետության, իսկ երկրորդն ու երրորդը  փորձել են դիմադրել, որ դա տեղի չունենա, որ ազատագրված տարածքները պահվեն ստատուս քվոյի մեջ, բայց նրանք չեն գտել այդպես էլ այն  գործիքակազմը կամ չեն ունեցել այն քաղաքական կամքը, որ այդ տարածքների նկատմամբ վերադարձվի իրավունքը»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը: