Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ քննադատել է Հայաստանի իշխանությունների` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման քաղաքականությունը եւ կարծիք հայտնել, որ այդ գործընթացը պետք չէր սկսել նախքան Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Այս մասին ասվում է դեսպանի`2010 թվականի փետրվարի 25-ին պետաքարտուղարություն ուղարկված փաստաթղթում, որը գաղտնազերծել է WikiLeaks-ը
Օսկանյանի կարծիքով` Հայաստանի իշխանությունների առջև ծառացած է ավելի առաջնահերթ խնդիր, քան հայ-թուրքական հարաբերություններն են` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հասարակության եւ Սփյուռքի հետ երկխոսություն սկսելը:
«Սարգսյանը պետք է իր քաղաքական կապիտալը վատներ՝ հասարակությանն ու սփյուռքին համոզելու համար, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման դեպքում հայկական ուժերի կողմից վերահսկվող մի շարք տարածքներ պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Դրանից հետո նոր նա կարող էր ձեռնամուխ լիներ Թուրքիայի հետ խնդիրների լուծմանը»,- ասել է նա` հավելելով, որ «Սարգսյանը ձիակառքը դնում է ձիու առջեւից»։
Հենվելով թուրք դիվանագետների հետ իր անձնական զրույցների վրա` Օսկանյանն ընդգծել է, որ տվյալ փուլում Թուրքիան չի ձգտում կարգավորել Հայաստանի հետ իր հարաբերությունները: Նա նաեւ համարում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը խոչընդոտում են նաեւ Հայաստանի իշխանությունների բացթողումները, որոնք արձանագրությունների շրջանակներում չեն քննարկել Հայոց ցեղասպանության ճանաչման ու Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պայմանները. «Չունենալով այս հարցերի մասին հստակ համաձայնագիր՝ դժվար է ակնկալել արձանագրությունների շուտափույթ վավերացում»։
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան գործընթացին, Օսկանյանը համարում է, որ մարդիկ կորցնում են բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորման նկատմամբ հավատը, բացի այդ` տարածաշրջանում առկա ռազմական հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Ադրբեջանի: Հայ-թուրքական արձանագրությունները նույնպես խոչընդոտում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Իսկ Հայաստանի կառավարությունը կանգնած է հայ-թուրքական արձանագրությունների ու Մադրիդյան սկզբունքների արանքում, հետեւաբար պետք է հստակեցնի իր դիրքորոշումը Մադրիդյան սկզբունքների հարցում:
«Եթե հայ-թուրքական արձանագրությունները չլինեին, ապա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կհամաձայներ Ադրբեջանին վերադարձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա 7 շրջաններից 5-ը՝ պահպանելով մնացածը 2-ը՝ հետագա քննարկումների համար։ Սակայն այժմ դա կլինի քաղաքական ինքնասպանություն, քանի որ այդ քայլը կդիտարկվի որպես այն քողարկված տեսության իրավացիություն, որ արձանագրություններում առկա են գաղտնի դրույթներ, որոնք առնչվում են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զիջումներին»,- ասել է Օսկանյանը
Նա հավելել է, որ եթե արձանագրությունները ձախողվեն, ապա Մինսկի խումբը դադար կվերցնի: Ըստ նրա` Հայաստանի կառավարությունը գոհ է եղել Մադրիդյան սկզբունքների ձևակերպումից, և «աշխարհի վերջը չէր լինի, եթե Հայաստանը հարկադրաբար ընդուներ դրանք»: