Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանը նոր բան չի արել, սա նորություն չէ՝ Ադրբեջանը չի տարանջատում Տավուշի հատվածը, Նախիջևանի հատվածը, թե Արցախի հատվածը՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Արցախի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը՝ խոսելով Տավուշի սահմանին սրացման մասին։
Նրա համոզմամբ, Ադրբեջանը ունի երկու ծրագիր․ մինիմում ծրագիր՝ ոչնչացնել արցախյան պետականությունը, մաքսիմում՝ հայոց պետականությունը՝ Մայր Հայաստանը։
«Ցանկացած պահի ցանկացած տեղ կարող է էլի սրացում լինել, բայց մենք պետք է իրատես լինենք և հասկանանք, որ Անդրկովկասի պես կարևորագույն ռազմաքաղաքական տարածաշրջանում, որտեղ խաչվում են տարբեր գլոբալ և տարածաշրջանային խաղացողների շահերը, պատերազմ սկսելը էդքան էլ հեշտ բան չէ»,-նկատեց Դավիթ Բաբայանը։
Այսինքն, եթե պատերազմը սկսեն, այո՛, պատերազմելու են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ, բայց պայքարը լինելու է ավելի լայն շրջանակի դեմ։
Դա, Բաբայանի համոզմամբ, կարող է շատ վտանգավոր լինել և նույնիսկ բերել անկանխատեսելի հետևանքների։
«Հավանականություն կա՞ պատերազմի, կա՛, բայց մենք պետք է տեսնենք՝ ե՞րբ կարող է լինել լայնածավալ պատերազմ․ նախ և առաջ պետք է լինի աշխարհաքաղաքական վակուում, որն, օրինակ, ստեղծվել էր 1991 թ-ին՝ Խորհրդային Միության փլուզման հետևանքով․ այսօր նման վակուում չկա, ակնհայտ է։
Երկրորդը, եթե հայոց պետականությունը, հայոց դիվանագիտություն վարի այնպիսի բարդ աշխարհաքաղաքականություն, որ բախվի այլ ուժերի հետ և Ադրբեջանի ագրեսիան դառնա ոչ այնքան Ադրբեջանինը, որքան այլ ուժերի ագրեսիան մեր աշխարհաքաղաքականության վրա․ նման բան չկա։
Երրորդը՝ այնքան թույլ պետք է լինենք, որ Ադրբեջանը փորձի, շրջանցելով աշխարհաքաղաքական զարգացումները, տարբեր երկրների շահերը նույնիսկ հաշվի չառնելով՝ հարձակվի և կործանի հայոց պետականությունը։ Բայց այդ հարձակումը պետք է տեղի ունենա բլից-կրիգի միջոցով։ Այսինքն, երկարատև պատերազմ երբ որ սկսվում է, արդեն իսկ կողմնակի ուժերը պետք է միջամտեն և սա չի բերելու այն արդյունքին, որը կունենա Ադրբեջանը․ սա էլ չկա։
Այսինքն, օբյեկտիվ պատճառներ չկան»,-իրավիճակը վերլուծեց Դավիթ Բաբայանը։
Նա, իհարկե, չբացառեց, որ կարող է նաև լինել լրիվ աննորմալ, անհավասարակշռված ղեկավարություն Ադրբեջանում, որը փորձի դա անել, բայց քիչ հավանական համարեց այս տարբերակը։
Հետևաբար, այս սրացումը, նրա համոզմամբ, ունի այլ նպատակներ․ «Նախ և առաջ մենք տեսնում ենք Թուրքիայի ազդեցությունը այստեղ և Թուրքիան անմիջական ազդեցություն է ունենում այն ամենի վրա, ինչը այստեղ կատարվում է։ Պատահական չէ, որ սրացումը կատարվեց հայաստանաադրբեջանական սահմանին, ոչ թե արցախաադրբեջանական։ Ինչո՞ւ, որովհետև մենք տեսնում ենք Թուրքիայի՝ քրիսոտնյա աշխարհին հայտարարած «գազավաթը»՝ սրբազան պատերազմը»։
Նա հիշեցրեց 30-ական թվականներից թանգարան եղած Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու՝ Թուրքիայի նախագահի գործելաոճը։
«Տաճարն իբրև թանգարան պահպանելով՝ ինչ-որ մի տեղ հաշտեցում էր քրիստոնյա և մահմեդական աշխարհների միջև, թույլ էր տալիս երկխոսությունը շարունակել, հիմա Էրդողանը փչացնում է, քանդում է դա։ Ամեն ինչ վերացել է, սա է՞ մնացել, ուրիշ խնդիր չունի՞ Թուրքիան։ Սա առաջին հերթին հարված է երեք քաղաքակրթություններին․ հունականին՝ հաշվի առնելով, որ Սուրբ Սոֆիայի տաճարը նաև հունական եկեղեցուն է ժամանակին պատկանել, սա հարված է ռուսական ուղղափառ եկեղեցուն, որովհետև Ռուսաստանը Բյուզանդիայի ժառանգորդն է՝ կրոնական, քաղաքակրթական առումով ինչ-որ տեղ և սա հարված հայությանը, որպես բյուզանդական ժողովուրդների պետական տարրի բաղկացուցիչ մասը՝ հույների հետ մեկտեղ»,-ասաց Դավիթ Բաբայանը։
Նա նշեց Ռուսաստանի կոշտ արձագանքը։ Եվ այս ամենի ներքո Թուրքիայի կրտսեր եղբայրը՝ Ադրբեջանը, մեծագույն խայթոց է հասցնում Հայաստանին։ Իսկ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է։ Դավիթ Բաբայանի համոզմամբ, դրանով իսկ Ադրբեջանը Թուրքիայի քաղաքականությունն է վարում ընդդեմ Հայաստանի, Ռուսատանի, քաղաքակիրթ աշխարհի։
«Բացի այդ, մենք տեսնում ենք ինչպիսի իրավիճակ է Ադրբեջանում, այնտեղ լուրջ խմորումներ են տեղի ունենում, հիմա էլ Մամեդյարովին են ուզում, որ խփեն։ Այսինքն, այնտեղ Ալիևի կլանը շատ լուրջ դժվարությունների է հանդիպում իշխանությունը պահելու հարցում։ Ուղղակի կադրային ջարդ է կատարել, որոշ կառույցներում ղեկավար կազմի 90 տոկոսին փոխել է։ Սա նշանակում է, որ ընդդիմությունը համալրվելու է իշխանությունից դուրս եկած մարդկանցով, ովքեր ավելի լավ են իմանում իշխանության բացերը։ Այս տեսակետից դիտելով՝ պետք է արտաքին թշնամու կերպարը, բացի այդ, շատ լավ պատեհ առիթ է վհուկների որս հայտարարելու»,-նշեց Դավիթ Բաբայանը։
Նա նկատեց, որ հանրահավքները սկսվեցին հակահայկական լոզունգներով, ապա փոխվեցին հակաալիևյանի․ «Հիմա դա եղել է կազմակերպվա՞ծ, թե՞ սպոնտան․ այլ հարց է, բայց եթե սպոնտան է, արդեն վտանգ է, եթե կազմակերպված է, արդեն կլանը հասկանում է, որ կարող է նման բան լինել, առաջ է անցնում և փորձում է ջարդ սկսել՝ ասելով, որ հայերը հարձակվել են, ուզում են մեզ կործանել, սրանք էլ հինգերորդ շարասյունն են, ներսից իշխանության պայքար են մղում։ Այս տեսակետից պետք է դիտարկել նաև»։
Դավիթ Բաբայանը արձանագրեց, որ կարելի է վստահորեն ասել՝ նման զարգացումները ևս մի քանի տարով ստատուս-քվոյի պահպանումը դարձնում են հրամայական․ «Որևէ այլ բան սպասել այս ավանտյուրայից հետո, իհարկե, չենք կարող»։
Ադրբեջանում հանրահավաք անող այլախոհներին որակում են հայերի ժառանգներ։ Դավիթ Բաբայանը նկատում է՝ իհարկե, կարող են բոլորին հայ դարձնել, մանավանդ որ հայկական արյուն կա ադրբեջանական վերնախավի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ, նույնիսկ Իլհամ Ալիևի մոտ, քանի որ տվյալներ կան, որ Հեյդար Ալիևի մայրը հայ է եղել։
«Եթե այս արշավն է գնում, չի բացառվում, որ ինչ-որ փաստաթղթեր դուրս բերեն և ասեն, որ Հեյդար Ալիևը նույնպես կիսահայ է և Իլհամն էլ ունի հայկական արմատներ։ Բայց ոչ, սա պատեհ առիթ է վհուկների որս հայտարարելու ընդդիմության նկատմամբ, դրա համար օգտագործում են այդ տեմինաբանությունը՝ «հայկական արյուն ունեն», «հայկական լրտեսներ են», «դավաճաններ են» և այլն»,-նշեց Դավիթ Բաբայանը։
Նա նշեց, որ այստեղ լուրջ քաղաքական պայքար է, որն իրենք կանխատեսել էին դեռևս վաղուց։
Արդյո՞ք Ադրբեջանը գերագնահատել էր իր ուժը՝ հարձակվելով Տավուշի վրա և հետ շպրտվելով, Դավիթ Բաբայանը պատասխանեց՝ երբեք չպետք է թերագնահատել թշնամուն։
«Ճիշտ է, մեր բանակը, փառք Աստծո, շատ լավ է դրսևորել իրեն, ափսոս, որ ունենք զոհեր, Աստված հոգիները լուսավորի այդ փայլուն, պայծառ տղաների։ Այնուամենայնիվ, երբեք չպետք է թերագնահատել թշնամուն, նրանցից ամեն ինչ սպասելի է, նրանք նույնիսկ կարող են նման ձևով վարվել մեր ուշադրությունը շեղելու համար, երբեք չասենք, որ այս պահին կարողացանք դա անել, ուրեմն, վերջ, միշտ էլ անելու ենք»,-ասաց նա։
Նա կոչ արեց երբեք չհրապուրվել այս հաջողությամբ և կորցնել զգոնությունը, որովհետև հակառակորդը շատ նենգ է, պետք է միշտ լինենք պատրաստ։
Այս սրացումը աչքի ընկավ նաև նոր զինատեսակների կիրառմամբ։ Դավիէ Բաբայանը սա բնական է համարում՝ 21-րդ դարն է և սրընթաց ձևով է զարգանում ամեն ինչ։
Նա նշեց, որ մարտական գործողություններում կիրառվում են և՛ նոր զենքեր, և՛ ավանդական․ «Իհարկե, ավանդական կալաշնիկովներ կան, թնդանոթներ։ Չի նշանակում, որ 5-10-20 տարվա զենքերը էֆեկտիվ չեն, ընդհակառակը, ինչքան հին են զենքերը, երբեմն ավելի էֆեկտիվ են լինում։ Օրինակ, մեր օդը կարող ենք պաշտպանել ամենաարդիական անօդաչու թռչող սարքերից, բայց թնդանոթի արկի դիմաց չկա պաշտպանություն»։
Սա նշանակում է, պետք է բանակը անընդհատ արդիական զինատեսակներով ապահովվի, բայց շատ կարևոր է նաև զինվորների բարոյահոգեբանական վիճակը, մարտունակության բարձրացումը, հրամանատարական կազմի ունակությունների բարձրացումը և սա շարունակական բնույթ պետք է կրի։
Աննա Բալյան