կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-14 22:26
Առանց Կատեգորիա

Ստատուս քվոյի փոփոխման երկխոսությունը

Ստատուս քվոյի փոփոխման երկխոսությունը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների դովիլյան հայտարարությունից հետո Հայաստանի պաշտոնական դրական արձագանքն անսպասելի չէր: Ընդամենը երկու օր առաջ Վիեննայում ընթացող Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանին վերաբերող միջազգային տնտեսական ֆորումի «Հայացք դեպի Ռուսաստան» խորագրով նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ստորագրել այդ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներն ամփոփող շրջանակային փաստաթուղթը:

«Անհրաժեշտ է, որ մեր ադրբեջանցի գործընկերները նույնպես ցուցաբերեն քաղաքական կամք և պատրաստ լինեն ստորագրելու համաձայնագիրը, որը բազա կհանդիսանա հետագա բանակցությունների համար»,- նշել էր ՀՀ վարչապետը:

Եթե ուշադրություն դարձնենք` զուտ ժամանակագրական առումով ՀԱԿ-իշխանություն երկխոսության հետագա ընթացքի վերաբերյալ իշխանությունների դիրքորոշումներում կտրուկ փոփոխություններն արձանագրվեցին Սոչիում «մոդեռնիզացված» մադրիդյան փաստաթղթի վերաբերյալ ՀՀ իշխանությունների մոտեցումների հստակեցմանը զուգընթաց: Դա թույլ է տալիս ենթադրելու, որ այդ փաստաթղթի նկատմամբ Բաքվի խիստ վերապահ դիրքորոշման ֆոնին Երևանի համաձայնությունն ամրացրել է բանակցություններում հայկական կողմի դիրքերը, ինչը իշխանությունը մեծ արագությամբ պրոյեկտեց ներքին քաղաքականության մեջ:

Այսինքն՝ ԼՂ հարցում «կառուցողական» կեցվածք ընդունելով և չեզոքացնելով իր նկատմամբ հնարավոր արտաքին ճնշումները, իշխանությունն իրեն ձերբազատեց նաև ՀԱԿ-ի պահանջների կատարումից, որովհետև վերջինս, որպես իշխանության նկատմամբ ներքին ճնշումներ հրահրող գործիք, այս պահին արտաքին ուժերին այլևս պետք չէ:

ՀԱԿ-ն, իհարկե, կարող էր նաև արտաքին այդ հովանավորչության վրա հույս չդնել և իր ռեսուրսներով գնալ առճակատման, եթե չխանգարեր շատ կարևոր մի գործոն. Կոնգրեսի և Տեր-Պետրոսյանի համար ամբողջությամբ ընդունելի է կարգավորման այն տարբերակը, որն այսօր դրված է բանակցությունների սեղանին: Դա անուղղակիորեն հաստատեց հենց Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի հանրահավաքում` անելով հետևյալ հայտարարությունը. «Որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, և որ ստատուս քվոյի պահպանման ռեսուրսն այլևս սպառվում է, ակնհայտորեն երևում է նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաև մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից»:

Այն փաստը, որ ՀԱԿ առաջնորդը բացարձակապես քննադատության չենթարկեց պաշտոնական Երևանի որդեգրած քաղաքականությունը ստատուս քվոյի փոփոխությանն ուղղված Մադրիդյան սկզբունքները ստորագրելու մտադրության հետ կապված` ցույց է տալիս, որ նա առնվազն ազատում է իշխանության ձեռքերը բանակցություններում: Իսկ որ հենց այս գործոնն է դառնալու ՀԱԿ-ի հետագա քայլերի կողմնորոշիչը, Տեր-Պետրոսյանը հաստատում է ուղղակիորեն. «Որևէ մեկի կամքից անկախ, Ղարաբաղի խնդիրն առաջիկայում ևս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը, և ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ… Ընդ որում, ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության գործողություններին, որովհետև ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ»:

Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ Հայաստանում ներքին սրացումները ձեռնտու չեն թե արտաքին ուժային կենտրոններին և թե Կոնգրեսին: Առաջինի պարագայում` որովհետև դա կխանգարի Հայաստանին շարունակել իր զիջողական գիծը բանակցություններում և ստորագրել փաստաթուղթը, երկրորդին` որովհետև իշխանության ձեռքերով, բայց իր պատկերացումներին համահունչ, հակամարտության կարգավորման հնարավորություն է տեսնում` առանց դրա համար ուղղակի պատասխանատվություն վերցնելու: Ավելին, պահպանելով ներկայիս անորոշությունը, ՀԱԿ-ը մանևրելու հնարավորություն է թողնում իր համար: Եթե Մադրիդյան սկզբունքներն ամրագրող փաստաթուղթն ստորագրվի, այն անկասկած առաջ է բերելու ազգային ուժերի խոր դժգոհությունը` գուցե ներքաղաքական լուրջ ցնցումների պոտենցիալ ստեղծելով: Եվ այդ դեպքում ՀԱԿ-ը կարող է իշխանության հետ նույն թևում պայքարել այդ ուժերի դեմ և փաստաթղթի ստորագրման նկատմամբ համահասարակական լոյալության առկայության պատրանք ապահովել:

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ