կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-17 14:33
Քաղաքական

Իշխանություններին զսպող խորհրդարանական ուժ գոյություն չունի. ԲՀԿ-ԼՀԿ հակամարտության ուշագրավ դրվագները

Իշխանություններին զսպող խորհրդարանական ուժ գոյություն չունի. ԲՀԿ-ԼՀԿ հակամարտության ուշագրավ դրվագները

ԼՀԿ-ԲՀԿ հակամարտությունը հասել է իր կիզակետին: Խորհրդարանական «ընդդիմադիր» ուժերը, մեկը մյուսին հերթ չտալով, բացում են մեկը մյուսի «գաղտնիքները»:

Ըստ երևույթին` ամեն ինչ սկսվեց մեծ դեբատից և ավելի սրվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանի հարցազրույցից հետո: Գորգիսյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե Գագիկ Ծառուկյանը հին ռեժիմի մաս է, նաև` որ իրենց գործարք է առաջարկել:

Այս հայտարարությանը հետևեցին ԲՀԿ-ական պատգամավորների ուշագրավ հայտարարությունները ԼՀԿ և դրա առաջնորդ Էդմոն Մարուքյանի մասին: Մասնավորապես` ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր, թե Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից: «Օրվա բոլոր ժամերին արդարությունից, ազնվությունից և օրենքից խոսող` նախկին իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը, պարզվում է, շարքային հանցագործ է, որն Ազգային ժողովի որոշմամբ պետք է զրկվի պատգամավորական մանդատից»,- ասել է նա։ 

Մեկ այլ ԲՀԿ-ական` Սերգեյ Բագրատյանն էլ իր ֆեյսբուքյան էջում «Փեսա Միշիկը և կլասիկ Էդմոնը» վերտառությամբ գրառում էր արել: Մեջբերենք մի քանի ուշագրավ դրվագներ:

«Հայտնի խոսք կա՝ գողն առաջինն է խոսում գողությունից, իսկ անբարոյականներն առաջին են խոսում բարոյական արժեքներից։ Փեսա Միշիկը, ով համատեղության կարգով Հայաստանը կապալով վերցրած ամենահարուստ օլիգարխն է և տիրապետում է տնտեսական մի քանի մենաշնորհների, վերջինիս անձնական օգտագործման կուսակցությունը՝ «Լուսավոր Հայաստանն» ու նրա «կլասիկ» ղեկավարը այսօր երկրի թիվ մեկ հակահեղափոխականներն են, որոնց հիմնական թիրախը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ Երկիրը թալանած Միքայել Մինասյանի փողերով խորհրդարանում հայտնված Էդմոնը չի էլ թաքցնում իր կնքահոր ծրագիր- մաքսիմումը՝ Հայաստանը թալանած ու գումարները երկրից դուրս հանած փեսու փողերով սկսել պայքար վարչապետ Փաշինյանի դեմ՝ Միշիկի քաղաքական պլան մաքսիմումը իրականացնելու համար»,- գրել է Բագրատյանը։

Իսկ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանն էլ, կրկին անդրադառնալով ԼՀԿ-ին և դրա առաջնորդին, հայտարարել է. «Ի սկզբանե ապահով կյանքի հույս արթնացնող անվանումով այս նորելուկ կուսակցության մեջ կա մի մութ անկյուն, որն իր անսահման ամբիցիայի և պատվեր կատարելու անունակության պատճառով լրջորեն կասկածի տակ է դնում այդ կուսակցության լուսավոր գործունեության տեսլականը... Այդ մութ անկյունը ոչ ավել, ոչ պակաս, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է, ով անխնա մսխում է իր ազնիվ կուսակիցների քրտնաջան ջանքերով ձեռք բերված հանրային վստահությունը...»:

Պետրոսյանը մեկ այլ գրառման մեջ ասել է, թե «Միշիկը փողերը հետ է ուզում»: «Լուսավոր Հայաստանի» և այդ կուսակցության պապա Միքայել Մինասյանի միջև կռիվ է ընկել: Տպավորություն է, որ Էդմոն Մարուքյանը հսկայական գումարներ է վերցրել Միքայել Մինասյանից և երաշխավորել է, որ իր գլխավորած կուսակցությունը լինելու է երկրորդ քաղաքական ուժը»,- հայտարարել է նա:

ԲՀԿ-ականների այս մեղադրանքների շարքը կարելի է շատ երկար ներկայացնել, շատ այսպիսի հրապարակումներ և հայտարարություններ են հնչել նրանց կողմից ԼՀԿ-ի դեմ:

Երեկ այս բոլոր մեղադրանքներին ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձել և պատասխանել է անձամբ ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը: Նա նշել է, որ ամեն ինչ սկսվել է նախընտրական հեռուստաբանավեճից, երբ ինքը հարց է տվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Մարուքյանն իր մոտ նշումներ էր արել ԼՀԿ հասցեին հնչած մեղադրանքների մասին և անդրադարձել դրանց: «Մի հարձակում է, մի վայնասուն... Մարդիկ զարմանում են, զանգում են, գրում են՝ ա'յ Էդմոն ջան, ա'յ ախպեր ջան, էս ի՞նչ ա եղել: Հո չենք կարող բոլորին պարզաբանել: Երկրի պրոբլեմները թողել են, բան ու գործ թողել են, ընկել «Լուսավոր Հայաստանի» հետևից, հիմա մենք էլ մեր գործերը թողնե՞նք: Պատերա՞զմ եք մեզ հայտարարում, ուզում եք հետներս պատերազմե՞լ, ախր մոռացե՞լ եք՝ մենք՝ ով, դուք՝ ով, կմաշեք ձեզ, կմաշեք՝ կանցնեք, կգնաք»,- ասել է նա:

Մարուքյանը նաև հայատարարել է, թե ինքը և իր ղեկավարած կուսակցությունը պրոյեկտ չեն, ավելին՝ իրենք կարող են պրոյեկտ ունենալ։ Նա սրանով փորձել է հերքել ԲՀԿ-ականների կողմից ակտիվորեն տարածվող այն լուրերը, թե ԼՀԿ-ն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի` Միքայել Մինասյանի պրոյեկտն է:

Նա հայտարարել է, թե այդ ԲՀԿ-ն է պրոյեկտ, և որ այդ կուսակցությունը ստեղծել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբվերտ Քոչարյանը, իսկ հիմա ԲՀԿ-ն ուրացել է Քոչարյանին` չի աջակցում նրան: Դիմելով «պատերազմողներին»` ԲՀԿ-ին,  Մարուքյանը հավելել է. «2007-ից Հայաստանում երկրորդ ուժն եք, կա'մ կոալիցիա եք, կա'մ ընդդիմություն, և երկու դեպքում էլ Սերժ Սարգսյանին եք պաշտպանել: Եվ Սերժ Սարգսյանին ընտրած տղերքով ավելի ընդդիմադիր եք, քան ե՞ս»:

Հարկ է նկատել, որ Մարուքյանը, մոտ 40 րոպե խոսելով իր և ԼՀԿ հասցեին հնչող մեղադրանքների մասին, տեղ-տեղ արդարանալով, տեղ-տեղ մեղադրելով ԲՀԿ-ին, այդուհանդերձ, չի անդրադարձել գլխավոր մեղադրանքին, այն է` Էդմոն Մարուքյանը պետք է զրկվի պատգամավորական մանդատից, քանի որ փաստաթղթեր է կեղծել: «2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Մարուքյանը պատգամավոր է ընտրվել՝ կեղծելով պետական մի շարք փաստաթղթեր և իր հովանավորների հետ քրեական հանցագործության է դրդել ոստիկանության անձնագրային ծառայությանն ու Ազգային Անվտանգության ծառայությանը։ Բանն այն է, որ 2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի օգոստոսի 30-ը Մարուքյանը բացակայել է Հայաստանից»,- հայտարարել է ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը:

Շուրջ 40 րոպե ուղիղ եթերում լինելով` Մարուքյանը, փաստորեն, չմեկնաբանեց այս մեղադրանքը, փոխարենը Ծառուկյանին հիշեցրեց, որ նա ոչ ոքից առավել չէ, և եթե մյուս գործարարները պետությանը կարող են հյուրանոցներ «նվիրել», ապա նույնը կարող է անել նաև Ծառուկյանը:

Չգիտենք, թե որքան կտևի ընդդիմադիրների այս գզվռտոցը, բայց իշխող ուժն, ի դեմս փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, հայտարարել է. «Իրական ընդդիմությունը, իմ համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու»:

Եթե նախկինում խորհրդարանական ընդդիմությունը միմյանց հետ պայքարում էր նրա համար, թե ով է ավելի ընդդիմադիր, կամ ով է միակ ընդդիմությունը, այս խորհրդարանում ընդդիմությունը, բուն գործը թողած, կատաղի պայքար է սկսել մեկը մյուսի դեմ: Սա շատ վտանգավոր է խորհրդարանական երկիր դարձած Հայաստանի համար, քանի որ իշխանությանը զսպող, հակազդող խորհրդարանական ուժ, որպես այդպիսին, գոյություն չունի: Մնում է սպասել և հուսալ, որ, այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունը չի մոռանա` ինչի համար է քվե ստացել:

 

Ամալյա Առաքելյան