կարևոր
6418 դիտում, 2 տարի առաջ - 2022-11-18 18:50
Քաղաքական

Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն թաքցնում Փաշինյանին հարցաքննելու դրվագները

Ինչո՞ւ է Քննչական կոմիտեն թաքցնում Փաշինյանին հարցաքննելու դրվագները

Այսօր պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը որպես վկա հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում։ Լուրը հայտնեց «Ազատություն» ռադիոկայանը, ինչը խիստ տարօրինակ է համարում այս գործով տուժողների իրավահաջորդների՝ զոհված զինծառայողների ծնողների ներկայացուցիչ փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որը մի քանի անգամ գրավոր հարցում է իրականացրել ու մնացել անպատասխան։ 

Դեռեւս նոյեմբերի 4-ին էր MediaHub-ը գրել, որ Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմյան եւ հետպատերազմյան գործողությունների համար առերեւույթ պետական դավաճանություն կատարելու եւ պաշտոնական լիազորություններն անցնելու համար Զինվորական քննչական գլխավոր վարչությունը հարցաքննության չի կանչում, իսկ փաստաբան Հովհաննիսյանի գրավոր հարցումներին էլ պատասխանում են՝  տեղեկատվություն տրամադրել չեն կարող։ 

«Ես փաստաբանական հարցում եմ կատարում՝ լինելով այդ գործով ներգրավված տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, իմ հարցմանը Քննչական կոմիտեից չեն պատասխանում՝ նշելով, որ նման տեղեկատվություն տրամադրել չեն կարող, «Ազատություն» ռադիոկայանի նույն հարցմանը պատասխանում են։ Սրան ի՞նչ մեկնաբանեմ»,-MediaHub-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ տեղեկատվության ազատության մասին օրենքի սահմանափակումները, ըստ իրեն, գործում են միայն զոհվածների ծնողների եւ նրանց ներկայացուցիչների համար։ 

«Ըստ երեւույթին, այլ լրատվամիջոցների էլ էին մերժելու, բայց քանի որ հարցում կատարողը «Ազատություն» ռադիոկայանն է, հավանաբար նրանց համար կանաչ լույս է վառվում՝ բոլոր գերատեսչություններում... ի՞նչ ասեմ, շշմել եմ»,-նշեց նա։

Փաստաբանը տեղյակ չէ, թե Քննչական կոմիտեում Փաշինյանին հարցաքննելիս ի՞նչ հարցեր են տվել, հեգնում է՝ կդիմի հիշյալ  ռադիոկայանին, որ այս մասով էլ հարցում կատարեն։  

Թե ե՞րբ է հարցաքննվել Փաշինյանը, Քննչական կոմիտեն ԶԼՄ-ին  նույնպես չի մանրամասնել։ Նոյեմբերի սկզբին ուղարկված հարցմամբ լրատվամիջոցը ՔԿ-ի պետ Արգիշտի Քյարամյանին խնդրել էր հստակեցնել՝ արդյո՞ք կատարել է նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ցուցումը՝ պատերազմի հանցագործության գործով հարցաքննել վարչապետին։ Ի պատասխան, զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը գրել է, որ մայիսի 4-ից այս գործի քննությունը շարունակում է Քննչական կոմիտեն, որի վարույթի շրջանակում էլ հարցաքննվել է վարչապետ Փաշինյանը։ 

Թե ինչ հարցեր են տրվել Փաշինյանին և ինչ պատասխաններ է տվել նա, Վարդանյանը չի մանրամասնել։

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ էին անում պետական կառույցների՝ ՀՀ գլխավոր դատախազության, Քննչական կոմիտեի, Զինվորական քննչական գլխավոր վարչության առջեւ՝ պահանջելով պետական դավաճանության գործի շրջանակներում հարցաքննել Փաշինյանին, ապա՝ մեղադրանք առաջադրել։ 

Աղբյուրը՝ mediahub.am