կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-13 13:46
Տնտեսական

Պետերբուրգում Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի սակագինը, բանակցությունները շարունակվում են. Բաղրամյան

Պետերբուրգում  Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է գազի սակագինը, բանակցությունները շարունակվում են. Բաղրամյան

Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև գազի սակագնի վերաբերյալ քննարկում եղել է: Այս մասին լրագրողներին հայտնեց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը: «Այլ մանրամասներ չեմ կարող ասել, բանակցությունները շարունակվում են»,- հավելեց նա:

Դիտարկմանը, որ տարեվերջին ավարտվում է գործող պայմանագիրը, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց` դա խնդիր չէ,  այն ավտոմատ կերկարաձգվի։  «Այն կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև բանակցություններն ավարտվեն, որովհետև դրանք բավականին ծանր և երկարատև ժամանակ պահանջող բանակցություններ են, ու պայմանագրի ավարտվելը խնդիր չէ։ Քանի դեռ պայմանավորվածություն չկա, կմնա այն, ինչ ունենք այսօր, այնպես չէ, որ հունվարից գազ չենք ստանալու»,- ասաց Գարեգին Բաղրամյանը։

Նախարարի պաշտոնակատարը շեշտեց՝  գազի վերջնական գինը  պարզ կլինի բանակցությունների ավարտից հետո: «Հունվարի 1-ից գազի գինը կպահպանվի։ Կրկնում եմ՝ եթե բանակցություններն ավարտված չլինեն, պահպանվելու է այն, ինչ այսօր ունենք», - ասաց Բաղրամյանը:

Ինչ վերաբերում է տարվա կեսին գազի գինը փոխելու հնարավորությանը, նա նշեց, որ բանակցությունների ավարտը ցանկացած ժամանակ գազի  գնի վերանայման գործընթաց սկսելու հնարավորություն է տալիս:

Լրագրողների ճշտող հարցին՝ ի՞նչ տրամադրվածություն կա կողմերի մոտ, կբարձրանա՞ գազի գինը Հայաստանի համար, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց,  որ «բանակցում են նվազեցման  շուրջ, ոչ ոք չի բանակցում գազի գինը բարձրացնելու շուրջ»: «Տրամադրվածությունը հիմնված է երկու կողմերի փոխշահավետ և բարեկամական հարաբերություների վրա»,- հավելեց նախարարի պաշտոնակատարը:

Հարցադրմանը, թե հայկական կողմը ռուսական կողմի հետ խոսո՞ւմ է այն լեզվով, ինչ Բելառուսի նախագահը, որ «իր սպառողները հազար խորանարդ մետր գազի դիմաց 130 դոլար են վճարում, մինչդեռ հարեւան ռուսաստանյան շրջաններում՝ 70 դոլար», և որ սա անհավասար պայմաններ է ստեղծում հայ գործարարների համար հենց ԵԱՏՄ շրջանակում, Բաղրամյանը պատասխանեց. «Բոլոր մասնակիցները պետք է ստանան ոչ խտրական կոմունիկացիաներ, այդ թվում՝ բնական մենաշնորհների: Բնականաբար, եթե դու գտնվում ես այդ աղբյուրի կողքին, և այդ ճանապարհը, որն ազդում է այդ գնի ձևավորման վրա, պետք է ավելանա, դրա համար էլ այլ լուծումներ պետք է գտնել»:

Իսկ թե գազի գնի ի՞նչ չափի իջեցման հնարավորություն կա, Բաղրամյանը խորհուրդ տվեց դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին: