Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ժողովուրդների և ազգերի պատմության մեջ լինում են այնպիսի ծնունդներ, որոնք հետո դառնում են նրա մեծագույն երջանկության և միաժամանակ մեծագույն ողբերգության անմոռանալի երգը: Բակունցի նման գրողի և մարդու բացառիկ ծնունդը մի այդպիսի երջանկություն, և նրա եղերական վերջալույսը մեծագույն ողբերգություն էր ոչ միայն մեր գրականության, այլև մեր իսկ ժողովրդի համար: Իր կյանքի ծանրագույն պահերին անգամ Բակունցը հավատարիմ մնաց իր էությանը, գլուխ չխոնարհեց ոչ մի բռնակալի և ոչ մի բռնակարգի առջև, քայլեց իբրև մերկ ճշմարտություն ժամանակի փոքր ու մեծ դիմակահանդեսներում, մնաց այն, ինչ կար` իր իսկ պատկերած բնաշխարհի կուսական մաքրությամբ, անարատ մտքով և լույսով: 1930-ական թվականների ողբերգության վերքերում ցավ կա դեռ, արյուն կա տաք, և դեռ մխալու են սերունդների սրտերը, և ցավի հետ օրեցօր զորանալու է Բակունցի ուժը…
Բակունցի դեմ գրական-քաղաքական մեղադրանքներն ուժգնացան 1933 թվականից, երբ ազգային և պրոլետարական գրողների բախումը, աստիճանաբար հասունանալով, վերածվեց անխուսափելի առճակատման: Բակունցն ու Չարենցը ժամանակի ազգապահպանման գաղափարաբանության առաջնորդ դեմքերն էին, ուստի, բնականաբար, հալածանքներն առաջին հերթին և ամենից շատ ուղղվեցին նրանց դեմ. Չարենցը` կյանքի բովով անցած, հախուռն խառնվածք, Բակունցը` վերին աստիճանի նուրբ և զգայուն, ներհուն բնավորություն…
1926 թ. մարտին վերջնականապես տեղափոխվելով Երևան` Բակունցն անվերապահորեն կանգնում է ազգային կողմնորոշում ունեցող գրողների կողքին, որոնք համախմբվել էին Չարենցի գլխավորած «Նոյեմբեր» գրական խմբակցության շուրջ: Բակունցը միանգամից դառնում է ազգային գաղափարախոսության` Չարենցից հետո երկրորդ ուղենշային դեմքը ժամանակի գրական և հասարակական-քաղաքական մթնոլորտում: Բակունցի անունը` որպես նացիոնալիստի և ժողովրդի թշնամու, նույնիսկ ավելի շատ էր հոլովվում, քան Չարենցինը: Ոմանք էլ համոզված էին, որ ոչ թե Չարենցն է Բակունցին մղել ազգայնամոլության, այլ Բակունցը` Չարենցին: Այսպես` գրողների միության 1936 թ. հունիսի 4-ի ժողովում, դատապարտելով Բակունցին, Ն. Զարյանն ավելացնում է. «Գրական կազմակերպության հիմնական վտանգը, նացիոնալիստական տրամադրությունների կենտրոնը հանդիսացել է սկզբի օրից մինչև այսօր Ա. Բակունցը: Դաշնակցական լիկվիդատորների համագումարում նրա արտասանած ճառը ոչ թե լիկվիդացիայի ճառ է, այլ քողարկված աշխատանքի անցնելու ձևերի հետագա ծրագիր… Մենք ժամանակին հիացել ենք Չարենցի հեղափոխական գրականությամբ: Չարենցը եղել է հեղափոխության բանաստեղծը: Այն օրվանից, երբ Ակսելը մտավ մեր կուսակցությունը, այդ օրվանից Չարենցն ընկավ Ակսելի ազդեցության տակ. հիմնական պատճառը Ակսելն էր: Ոչ թե Բակունցին պետք է ազատել Չարենցի ազդեցությունից, այլ ընդհակառակը` Չարենցին` Բակունցի ազդեցությունից»:
Ովքեր էին քննադատում Բակունցին, և ինչ ողբերգական հետևանքներ ունեցան դրանք գրողի համար: Բակունցի ողբերգության և ընդհանրապես այդ տարիների գրական արյունոտ պայքարում մեղքերի ծանրագույն բաժին ունի Նաիրի Զարյանը` ժամանակի տաղանդավոր գրողներից մեկը: Լինելով իշխող վարչակարգի գաղափարախոսության խոսափողը` Ն. Զարյանը, այդ վարչակարգին հաճոյանալու համար, վաճառեց գրական խիղճն ու արժանապատվությունը` սև բիծ ձգելով իր ապրած կյանքի և գրական վաստակի վրա: Աններելի է Զարյանի դրսևորած վարքագիծը Բակունցի պես անբասիր մարդու և գրողի հանդեպ, և մանավանդ աններելի են մամուլում Բակունցին հասցեագրված մեկը մյուսից խայտառակ այն հոդվածները, որոնց վերնագրերն իսկ բավական են` պատկերացնելու դրանց զրպարտողականության աստիճանը. «Գրական լեզվի նացիոնալիստական աղավաղումների դեմ», «Ընդդեմ նացիոնալիզմի և տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության», «Կապը կտրած խմբապետը», «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» և այլն: Չուզենալով ծավալվել անհեթեթության չափերի հասնող, բայց ժամանակին այնքան ծանր հետևանքներ պատճառած այդ հոդվածների բովանդակության շուրջ, խնայելով Ն. Զարյանին` այնուամենայնիվ, անդրադառնանք դրանցից մեկին` «Նացիոնալիստը խորհրդային գրողի դիմակով» հոդվածին` տպագրված 1936 թ.: Հիմք ընդունելով 1923 թ. նոյեմբերի 20-23-ին Դաշնակցության լուծարման ժամանակ Բակունցի կողմից ներկայացված ելույթը` Ն. Զարյանը անթույլատրելի արտահայտություններով փորձում է արժեզրկել Բակունցի պայծառ գործերը. «Իր լղարիկ հոդվածներով Բակունցը սողաց գրական ասպարեզ: Ընթերցողին հայտնի է նրա «գրական» գոյության սկզբնական շրջանը:Բակունցն արտահայտում է այն միտքը, թե հայ գյուղացին բնությանն ու վայրի գազաններին ձուլված տարերային մի ֆենոմեն է և իր կենցաղով ու հոգեբանությամբ համարյա չի տարբերվում արջից:Այդ լղարիկ հատվածներում չկա մարդկային ոչ մի կենդանի կերպարանք, իրական կենցաղի ամբողջական ոչ մի նշույլ….»:
Ժամանակին Բակունցը, նկատի ունենալով իր շրջանի գրաքննադատների «կուլտուրական ցածր մակարդակը», գրել է. «Եթե մեր քննադատները չեն կարողանում ճիշտ եզրակացություններ անել ու ճիշտ քննադատել, դրա պատճառն այն է, որ նրանք չեն մտել երկի մեջ և երկի կառուցվածքից չեն բխեցրել եզրակացությունը»: Բակունցի այս հետևությունը պարզ է դարձնում նաև Ն. Զարյանի վերոհիշյալ գրական մեկնաբանության տխուր հիմքերը: Ապագայի գրականագետները, իհարկե, խմբագրեցին այդպիսի գրաքննադատների սխալները, ողբերգականն այն է, սակայն, որ անուղղելիորեն անդառնալի էր այդ և համանման սխալների զոհ դարձած Բակունցի և նրա գրական ընկերների կորուստը: Նույն հոդվածում Ն. Զարյանը ինքնըստինքյան, ասես, իրեն և իր համախոհներին վերապահելով մեղվի փութաջանությամբ նեկտար պատրաստելու դերը, այսպիսի ոչնչացնող խոսքեր է ուղղում Բակունցի ստեղծագործությանը. «Ա. Բակունցը իր գրական ողջ գործունեության ընթացքում օձային հետևողականությամբ թույն է արտադրել իր բոլոր գրվածքներում….»: Հոդվածի հետագա տողերում Ն. Զարյանի երևակայությունն արդեն դառնում է անհանդուրժելի` ծնունդ տալով այսպիսի ազգադավ մտքերի. «Սահմանների լայնացման հույսը իր սեփական հույսն է, որ նա բերել է իր հետ իր ավանտյուրիստական կուսակցությունից: Իսկ խորհրդային հայ գյուղացին իր սեփական փորձով վաղուց է համոզվել, որ իր խորհրդային հայրենիքի սահմաններում, առանց աչք տնկելու հարևանի հողերին, ազնիվ աշխատանք թափելով` նա կհասնի և արդեն հասնում է ունևոր և կուլտուրական կյանքի:Նրա մեջ դեռ ապրում է դաշնակցականների, հայ ժողովրդի այդ ամենաոխերիմ թշնամիների ցնդաբանությունը «ծովից ծով Հայաստանի» մասին… Այստեղ նա ձայնակցում է ֆաշիզմի հետ ձուլված, ռասսայական տեսության ծիծաղելի ասպետ Նժդեհին, այդ կարիկատուրային, կիսագրագետ «հայկական Նիցշեին:Բակունցը զրպարտում է հայ աշխատավոր գյուղացիներին` իր դաշնակցական զոոլոգիական թրքատյացությունը վերագրելով նրանց:Բակունցը ոչ միայն մազաչափ չի բարձրանում Րաֆֆու ռասսայական թրքատյացությունից, այլև մի աստիճան ավելի խորն է թաղվում անասնական շովինիզմի թունավոր ճահիճը: Միթե պարզ չէ, որ Բակունցի բերանով խոսում է դաշնակ խմբապետը`բացարձակ կոչ անելով դեպի Մարութա սարը»:
Ցավալի է այս ամենի գիտակցումը, առավել ևս այն պատճառով, որ սա գրում է Ն. Զարյանը` ժամանակի տաղանդավոր գրողներից մեկը, և դա այն պարագայում, երբ ինքն անձամբ զգացել էր հայրենիքը կորցնելու ողբերգությունը, տեսել իր ժողովրդի հանդեպ կատարվող ոճիրը, կորցրել հարազատներ: Եվ հիմա թուրքական յաթաղանով մորթված ժողովրդի` հրաշքով փրկված բանաստեղծ որդին, առանց ինքնաքննադատության ներքին զգացողության, ծանրագույն հանցանք է համարում կորցրած հայրենի եզերքի հիշողությունը, կարոտն ու ցավը: Իր արարքի ծանրությունը կյանքի վերջին տարիներին զգացել է նաև Զարյանը և զղջման խոսքեր գրել` «Ասք Անդրանիկ զորավարի», «Զրույց մեռած բանաստեղծի հետ», «Ասք ի խորոց սրտի» և այլն:
Այսպես, ժամանակի դաժան թելադրանքով, Ն. Զարյանն ու նրա գրական համախոհները կանգնեցին ապազգային դիրքերի վրա` հալածանքների նետեր ուղղելով բոլոր նրանց դեմ, ովքեր կյանքի գնով ամեն ինչ արեցին պատմական հայրենիքի հիշողությունը պահպանելու և գալիք սերունդներին ժառանգելու համար:
«Ծիրանի փողը» պատմվածքի ինքնատեսակ քննադատությունից հետո նույն հոդվածում Նաիրի Զարյանը «Որդի որոտման» վիպակի մասին գրում է. «Որդի որոտման,- այս ծաղրական մականունով է կնքել Ա. Բակունցը գյուղի սոցիալիստական վերակառուցմանը նվիրված կոմունիստին: Եվ Բակունցը թշնամական ատելությամբ ջախջախում է նրան:Դաշնակցական իժն առանց հրաժարվելու իր թույնից և անգամ չփոխելով իր շապիկը` սողացել է մեր կուսակցության սրբազան ծոցը: Դավաճանները բացել են դռները նրա առաջ և նրա օձային մերկությունը ծածկել են խորհրդային լուսավոր քաղաքացու պսպղուն շապիկով… Իժը տաքացել է այնտեղ և, հավատարիմ իր հին բնավորության, շարունակել է խայթել ու թունավորել: Կուսակցության լավագույն զավակները տարիներ շարունակ տեսել են նրա խայթոցները, շոշափել են նրա թույնը մեր գրականության մեջ, ցանկացել են պատռել նրա շապիկը, թունազրկել նրան: Բայց Ա. Խանջյանն իր լակեյների միջոցով և իր անմիջական միջամտությամբ փակել է մարդկանց բերանը և դաշնակցական օձի ուսերին գցել է խորհրդային գրականության վարպետի շլացուցիչ ծիրանին… Պատռված է Ա. Բակունցի շապիկը, և նա երևում է իր օձային քստմնելի մերկությամբ»:
Բակունցի դեմ ուղղված այս հոդվածը մատնանշում է նաև Զարյանի մյուս նման հոդվածների բովանդակությունը: Զարյանի «բակունցագիտությունը» ժամանակին հաղթեց, և Բակունցին գնդակահարեցին, Բակունցի ստեղծագործության վրա կողպեք կախեցին: Բայց դա ժամանակավոր հաղթանակ էր և ժամանակավոր պարտություն…
Բակունցի արվեստը «ոչնչացնող» գրաքննադատների թիվը այդ տարիներին միայն Նաիրի Զարյանով չէր սահմանափակվում: Հանդես եկան նաև Վ. Թերզիբաշյանը` «Հակահեղափոխական նացիոնալիստների գրական հնարքները» /«Գրական թերթ», 1936, 12 հոկտեմբեր/, Հ. Սիրասը` «Կուսակցության երկաթե կարգապահությամբ» /«Գրական թերթ», 1936, 22 սեպտեմբեր/, Վ. Մարգարյանը` «Դաշնակ հակահեղափոխականի գրական դեմքը», /«Խորհրդային արվեստ», 1936, թիվ 18/, Հ. Մամիկոնյանը` «Նացիոնալիստական-տրոցկիստական գրականության դրոշակակիրը» /«Գրական թերթ», 1937, 6 ապրիլ, թիվ 10/,
Ասուր Վենը (Ասատուր Ասատրյանը), «Գրականության դասագրքերը մաքրենք նացիոնալիզմի կեղտից / 1937, 21 մայիս, թիվ 15/, բազմաթիվ ուրիշ «վայ» քննադատներ, որոնք իրենց հրապարակային ելույթներում և մամուլում անխնա հարվածներ հասցրին Բակունցին այն օրերին, երբ Երևանի բանտի դաժան կանոնակարգում ամենադրամատիկ ձևով Բակունցն ապրում էր իր կյանքի վերջին պահերը: Բակունցի դեմ ուղղված այդ բոլոր հոդվածների հեղինակները, լրացնելով միմյանց, միանշանակ նույն մեղադրանքներն էին հորջորջում, և նրանց շրջանակը օրըստօրե ողբերգազավեշտական չափերով համալրվում էր, քանի որ Բակունցին և ազգային մյուս գրողներին քննադատելը դարձել էր շատերի համար ցանկալի դիրքեր ձեռք բերելու կամ սեփական ես-ը քաղաքական հետապնդումներից փրկելու եղանակ: Զրպարտողականության առումով այս հոդվածներին ոչնչով չէին զիջում նաև կուսակցական կամ գրողների ընդհանուր ժողովներում հնչած ելույթները:
Այսպես` 1934 թ. հուլիսի 9-ին, գրողների միության կոմունիստական խմբակցության նիստում Բակունցի դեմ քաղաքական մեղադրանքներով հանդես է գալիս նախ և առաջ Նաիրի Զարյանը` կուսակցության գաղափարախոսության դիրքերից բոլորովին մերկացնելով Բակունցին: 1936 թ. հունիսի 4-ի, ապա նաև նույն թվականի հուլիսի 9-ի գրողների միության ժողովներում ևս Բակունցը դատապարտվում է որպես նացիոնալիստ, ժողովրդի թշնամի և հեռացվում կուսակցությունից: Դատապարտողների դերում հանդես են գալիս Ն. Զարյանը, Հ. Սիրասը, Գ. Հովնանը, Ն. Դաբաղյանը, Հ. Գյուլիքևխյանը, նաև Վ. Ալազանը, Վ. Նորենցը և ուրիշներ: Բակունցի դեմ ուղղված գրական-քաղաքական հալածանքները շարունակվում են նաև 1937 թվականին: Այդ ժամանակ Բակունցն արդեն ձերբակալված էր, Երևանի բանտում ապրում էր ծանրագույն օրեր: Մի կողմից բանտի դաժան կանոնակարգը, ճնշող հարցաքննություններն ու բռնությունները, մյուս կողմից հոգեկան ծանր մտատանջությունները, շուրջը տիրող կասկածի մթնոլորտը բոլորովին հյուծում են նրան: Կեղեքված էր ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Իսկ անարժան ու չնչին հակառակորդները օրըստօրե ավելի էին բարձրացնում իրենց աղմկալի ձայնը: 1937 թ. ԽՍՀՄ գրողների միության վարչության չորրորդ նիստում ելույթ է ունենում ՀԽԳՄ վարչության առաջին քարտուղար Գ. Աբովը և դարձյալ հոլովում Բակունցի անունը. «Նացիոնալիստ-դաշնակ Բակունցը իր «Ծիրանի փողը» պատմվածքում հակադրում է այսպես կոչված Թուրքահայաստանը ներկա Խորհրդային Հայաստանին, կոչ անում վերադառնալ այդ երկիրը»: Նույն ոգով նա հանդես է գալիս նաև 1937 թ. ապրիլի 17-ի ժողովում:
Հայրենասիրությունը Բակունցի մեջ չմնաց սոսկ որպես մի զգացմունք, թեկուզ և մեծ զգացմունք: Հայրենասիրությունը Բակունցի դեպքում դարձավ տեսանելի վարք, դարձավ նաև ճակատագիր: Եվ սա բոլորովին էլ չափազանցություն չէ, այլ պարզ հետևությունը նրա ապրած կյանքի և գրական վաստակի: «Ծիրանի փողը» դարձավ այդ մեծ սիրո` ոչ մի ծավալ չընդունող պարունակությունը: Երկիր հայրենին հնարավոր չեղավ փրկել զենքով, գոնե գրչով պետք է փրկել այն` որպես պահանջատիրություն գալիք սերունդներին ժառանգելու համար: Գաղափարական այս պայքարն էր առաջ տանում Բակունցը ստալինյան բռնապետության տարիներին, և դա մի սովորական գրապայքար չէր, այլ կյանքի ու մահվան խնդիր` խոսքի ուղղակի իմաստով: «Լառ-Մարգար»-ում չկա պայքարի այն ոգին, որ առկա է «Ծիրանի փող»-ում, չկա նաև հայրենիք վերադառնալու հույսը, քանի որ Լառ-Մարգարը ծովն է նետում հին տան բանալիները: Արդյոք Բակունցն արդեն կորցրե՞լ էր հայրենիքը վերագտնելու հույսը: «Լառ-Մարգար»-ը գրվել է ավելի շուտ, քան «Ծիրանի փողը», ուրեմն` գիտակցության երկունքով վերածնվել է մեծ հույսը. «Հաղ մը երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին…»: Սա Բակունցի գաղափարակիր հերոսի երազանքն է, իսկ կտակը` կորուսյալ հայրենիքի հիշողությունը. «Զիմ փող կտամ իմ քաջարծիվ թոռնիկին…»:
1915 թ. Բակունցը դիմում էր հղել Հայկական կենտրոնական կոմիտեին` խնդրելով ուղարկել իրեն Արևմտյան Հայաստան. տասնվեցամյա պատանին հանձն էր առնում կատարել ամենածանր ու դժվարին աշխատանքները: 1917 թ. Բակունցն արդեն Արևմտյան Հայաստանում էր, կամավորական ջոկատների շարքերում մաքառում էր հայրենի երկրի փրկության համար: Բայց ճակատագրի հեգնանքով երկիր հայրենին դառնում է երկիր երազի: Այդ ծանր օրերի տխուր արձագանքները դարձան «Աղոթք», «Աշոտը» և «Անտառում» քնարական պատկերները: Բակունցի արձակը սկսվում և վերջանում է հայրենի երկրի կորուստի ցավով. «Լառ-Մարգար», «Քեռի Դավոն» և «Ծիրանի փողը» պատմվածքներում Բակունցը վերջին անգամ երգեց հեռվում մնացած հայրենի երկրի կարոտի երգը: Դա կարապի երգ էր, դա նաև երգ երգոց էր` ծնված ցավից և մի վերջին հույսից:
Արվեստագետի դիմանկարն ամբողջանում է ոչ միայն ստեղծագործությամբ, այլև կերպարով: Ակսել Բակունցը գաղափարապես անկախ բնավորություն էր, իր կոչմանը նվիրված արվեստագետ, ժամանակի ամենահալածված, ամենադրամատիկ գրողը, մեծ տառապյալի կերպար: Ոչ մի ցուցմունք-վկայություն չի կարող ստվեր նետել Բակունցի պես մարդու բարոյական պայծառ նկարագրի վրա. ո՞վ գիտե, հոգեկան ու ֆիզիկական ինչպիսի վիճակում է եղել Բակունցը այդ հարցաքննությունների ժամանակ: Հայտնի է` անմարդկային ինչ եղանակներով էին մեղադրյալներից պոկում ցուցմունք-վկայություններ. ՆԳԺԿ-ի մարմիններին հանձնարարված էր` կալանավորներին խոշտանգել այնքան, մինչև նրանք հաստատեին իրենց շուրջ ստեղծված մեղադրանքները: «Հոկտեմբերի սկզբին,- պատմում է Բակունցի կինը,- ես նրան ուտելիք և սպիտակեղեն տարա և հետ ստացա պայուսակը կեղտոտ սպիտակեղենով: Գալով տուն` սպիտակեղենի վրա հայտնաբերեցի արյուն:Ակսելն անճանաչելի էր, բոլորովին կոտրված, կիսախելագարի պես: Կարծես ուրիշ մարդ էր»: Առերեսումների, մեկը մյուսի դեմ հորինվող ցուցմունքների, ֆիզիկական բռնի ուժի գործադրության, հարազատների աքսորի ու մահվան սպառնալիքների` խելագարության հասցնող մթնոլորտում քչերը կարողացան պահպանել ոգու կորովը: Պարզ է, որ Բակունցի ցուցմունքները նաև «խմբագրել են» ՆԳԺԿ-ի մարմինները, հարմարեցրել դրանք իրենց նպատակներին, ստիպել ստորագրել ներքո:
Բոլոր դեպքերում մի բան վստահությամբ կարող ենք նկատել. թե իր տված ցուցմունք-վկայություններում, թե այդ օրերից պահպանված հուշ-պատառիկներում Ակսել Բակունցը կերպավորվում է դարձյալ ողբերգական անհատի դիմանկարով: Մտավոր այդ յուրահատուկ սպանդի մեջ ֆիզիկապես ու հոգեպես կեղեքված գրողը գնաց ինքնափրկության` ունենալով միմիայն մի նպատակ. «Ես չեմ սպառվել, որ ինձ հանգստացնեմ արդեն գրածներով: Թող նա հանգստանա, ով ոչինչ չունի տալու և չգիտի` ինչու ստեղծագործել: Ես գիտեմ, որ գրում եմ դեռևս չավարտված գործերի, սկսված և չավարտված գրքերի մասին: Բայց և գիտեմ, որ դիմում եմ կուսակցությանը` ինձ գթալու խնդրանքով ոչ անձնական շահերի համար: Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատիտ տվեք»:
Ոչ ոք, սակայն, չէր ուզում լսել ինքնակեղեքող տառապանքի այս արդար ձայնը: Իզուր էր Բակունցը ստեղծագործելու հնարավորություն խնդրում, ամեն ինչ կանխորոշված էր վերջնականապես: Ընդամենը քսանհինգ րոպե տևած հարցաքննությունից հետո 1937 թ. հուլիսի 7-ին` ժամը 11.55 րոպեին, Բակունցը դատապարտվում է պատժի առավելագույն չափի` գնդակահարության: Դատավճիռն ի կատար է ածվում հաջորդ օրը` հուլիսի 8-ին: Մի ամբողջ օր Բակունցը վերապրել է իրեն սպասող վաղվա ողբերգությունը: Տասնմեկ ամիս Երևանի բանտում հոգեպես ու ֆիզիկապես խոշտանգված գրողը գնդակահարվում է տաղանդի ծաղկման բուռն շրջանում: 37 օր առաջ` հունիսի 1-ին, լրացել էր կյանքի 38 տարին:
Գրականության մեջ և կյանքում մահ կա, որ հավերժական կյանք է ուղենշում: Ակսել Բակունցին վիճակված էր հավերժական կյանք:
Նարինե Հովհաննիսյան, բ.գ.թ., դոցենտ