կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-21 16:54
Մշակույթ

Շառլ Ազնավուրը` ″Ոսկե ծիրանի″ պատվավոր հյուր

Շառլ Ազնավուրը` ″Ոսկե ծիրանի″ պատվավոր հյուր

«Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակից են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Մասնավորաբար` ծրագրի որոշ մասը հնարավոր է եղել իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ:

 

Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը, անխոս, լեգենդար շանսոնիե Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընի դը լա Պատելիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ», ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում:

 

Կարևոր է նշել, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր դարձավ ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին: Մասնավորաբար, որպես ժյուրիի կազմի անդամ` ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին («Հայկական համայնապատկեր» մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ):

 

Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ հուլիսի 9-ին տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով:

 

Կարևոր է նշել, որ Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար:

 

Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական` համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:

 

ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալվելը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում: