Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակսել Բակունցի մասին Հայաստանի Առաջին Հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանի սույն հոդվածը վերցված է Թեհրանի «Ալիք» օրաթերթի ուրբաթ, 30.10.1959, թիվ 240(6459), էջ1-ից: Հրապարակում ենք այն տեսքով, ինչ տեսքով, որ տպագրել է «Ալիքը»` առանց ուղղագրական կամ շարահյուսական միջամտության:
ԱԿՍԷԼ ԲԱԿՈՒՆՑԻ ՄԱՍԻՆ
1917 թ. փետրուարին, ցարական վարչաձևի տապալումից յետոյ, ՀՅԴ Արևելեան Բիւրոյի որոշումով ես նշանակուեցի «Հորիզոն» օրաթերթի խմբագիր Նիկոլ Աղբալեանի և Աւետիք Շահխաթունեանի հետ:
Նիկոլը վարում էր հայ կեանքի բաժինը, Աւետիքը՝ պետական կեանքի, ինձ վիճակուեց արտաքին մասը և ընդհանուր հսկողութիւնը թերթի բոլոր բաժինների վրայ, ինչպէս և յարաբերութիւնները աշխատակիցների ու խմբագրութեան պաշտօնեաների և դրսի մարդկանց հետ:
«Հորիզոն»ի խմբագրութեան քարտուղարն ու ոճաբան սրբագրիչը՝ Նար Դոս բծախնդիր պաշտօնեայ և ծայր աստիճանի բարի ու սակաւախօս մի մարդ էր:
«Հորիզոն»ի խմբագրութիւնը, շնորհիւ յայտնի դրամատէր Համբարձում Մելիքեանի, որի սեփականութիւնն էր դեռ թերթը, լաւ կազմակերպուած և ամուր հիմքերի վրայ դրուած հաստատութիւն էր՝ տեղաւորուած ընդարձակ մի բնակարանի մէջ Սոլոլակի և Երևանեան հրապարակի միջև, քաղաքի կենտրոնում: Եւ միաժամանակ առաջաւոր մտաւորականութեան համար հաւաքավայր էր, ուր գրեթէ ամէն օր այցելում էր Յովհաննէս Թումանեանը: Հասակ առնող երիտասարդութիւնը երազում էր գործ ունենալ «Հորիզոն»ում կամ աշխատակից դառնալ «մեծ»երի շունչի տակ:
Բացի երեք խմբագիրներից և քարտուղարից, «Հորիզոն»ի խմբագրական ու վարչական պաշտօնեաների թիւը, որքան յիշում եմ , 12-15-ի էր հասնում: Երբ առաջին օրը պրն. Մելիքեանը պաշտօնէութիւնը ներկայացրեց խմբագրութեան, իմ ուշադրութիւնը գրաւեցին երկու երիտասարդներ: Մէկը՝ Ռէն Վարդանեանը, որին Աղբալեանի սուր աչքը նկատել էր, իբրև ապագայ խոստացող արձակագիր: Հայերէն թերթերից լրաքաղ էր «Հորիզոն»-ի համար: Միւսը՝ գրեթէ պատանի Ալեքսանդր Բակունց, ապագայ Ակսէլ Բակունցը:
Միջահասակից քիչ ցածր, առողջ թուշերով, կարճ խուզած մազերով, համակրելի դէմքով, դիւրութեամբ ժպտացող էր Բակունցը: Նրա պաշտօնն էր դրսից լուրեր հաւաքել,-ոստիկանատնից, առաջնորդարանից, ազգային ու հասարակական հիմնարկութիւններից,- և այդ լուրերը սեղմ ձևով խմբագրելով ներկայացնել Նար Դոսին, որ «լեզուական խմբագրութեան էր ենթարկում և ուղարկում տպարան»:
Թէև Գէորգեան ճեմարանում է սովորել, Բակունցը օրինակելի հայերէն չգիտէր, երբեմն նոյնիսկ քերականական սխալներ էր անում: Ռուսերէնում, կարելի է ասել, բոպիկ էր. թէև ռուսական ինչ որ բարձրագոյն դպրոցի գլխարկ էր կրում: Լուրերի բաժնից ես շատ գոհ չէի և այդ մասին խօսք ասելուս՝ առջևս դրեց Բակունցի կազմած այդ օրուայ լուրերի ձեռագիրը, իր կողմից սրբագրուած: Ահաւոր կոտորած էր առաջ բերել:
-Ուրեմն փոխենք, նկատեցի ես:
Նա զարմացած նայեց երեսիս:
-Ո՛չ, մեղք է: Կը սովորի. Լաւ կը լինի:
Ես Նար Դոսին առաջարկեցի, որ Բակունցը լուրերի ձեռագիրը ուղղակի ինձ բերի:
-Անվստահութիւն չէ ձեր հանդէպ, ասացի, քաւ լիցի, բայց ձեր աշխատանքը մի քիչ կը թեթևանայ. Այդ տղայով ես կը զբաղուեմ:
Նար Դոսը, իսկապէս, շատ էր ծանրաբեռնուած: Նա պարտաւոր էր կարդալ և սրբագրել թերթում տող գտնող բոլոր նիւթերը, պէտք է դասաւորէր և կազմէր կամարը, պէտք է վերջին փորձերը նայէր և ուրիշ շատ մանր մունր աշխատանքներ կատարէր: Ուստի սիրով ընդունեց իմ առաջարկը: Այնուհետև իր կազմած լուրերը Բակունցը ուղղակի ինձ էր բերում:
Իսկապէս Բակունցի հայերէնը փայլուն չէր. քերականութիւն գիտէր, բայց շարադասութիւնը կաղում էր. և գրեթէ ամէն տող պէտք էր լինում սրբագրել: Ուշադրութեամբ հետևում էր իմ գրչին և աշխատում էր օգտուել՝ օրէ օր ցոյց տալով յառաջադիմութիւն: Բակունցի գրականութեան ծանօթ մէկը թերևս չհաւատայ այս պատմութեան…
Ռուսերէնը աւելի թոյլ էր: Իր թևի տակ Բակունցը միշտ ռուսերէն մի գիրք էր ունենում – մի վէպ կամ պատմուածքների ժողովածու – որ կարդում էր «ոտքի վրայ», երբ ազատ ժամանակ էր գտնում: Անծանօթ բառերը գրում էր թղթի վրայ և պատահողից հարցնում էր նշանակութիւնը: Ընկերները յաճախ ձեռք էին առնում նրան՝ սխալ բացատրութիւններ տալով:
Կարծեմ մի ուրիշ տեղ արել եմ «Բոզէի» պատմութիւնը:
Ռուսները արքայական ընտանիքի մեռեալի մասին չէին ասում «մեռաւ», այլ՝ «հանգեաւ ի Տէր»: Ռուսերէն Պոչիլ-վ-Բոզէ:
Բակունցը մի քանի օրուայ ընթացքում երկու մեռելի մասին թերթերում կարդացել է Պոչիլ-վ Բոզէ:
Եւ մի օր զարմացած հարցրեց.
-Ընկ. Վրացեան, ի՞նչպէս է որ բոլոր ռուս իշխանները Բոզէում են մեռնում:
Զարմանալի բան չկար Թիֆլիսի հայերէն թերթերում մէկից աւելի անգամներ ռուս արքայազուններին թաղել են Բոզէում՝ ի Տէրը շփոթելով քաղաքի հետ:
Նոյն շփոթութիւնը չէ՞ր պատահում և Պոլսի հայերէն թերթերում, ուր դիակը դնում էին գարեջրի մէջ՝ ֆրանսերէն «պիեր» (գարեջուր) բառը շփոթելով «պիեր» (դագաղ) բառերի հետ:
Բակունցը, սակայն, յամառ աշխատող էր, ենթադրում եմ, որ ռուսերէնն էլ հիմնովին շտկեց, ինչպէս հայերէնը:
Բակունցը պարտաճանաչ և ճարպիկ լրաբեր էր: Ակնյայտնի կերպով սիրում էր լրագրական մթնոլորտը: Խմբագրատան մէջ էլ ամէնքը սիրում էին նրան: Նոյնիսկ Նար Դոսը ժպտով էր խօսում նրա հետ: Զարմանալի է՝ Աղբալեանը կարծես չէր նկատում նրան, մինչդեռ շատ սիրալիր էր Ռէնի հետ:
Տպաւորութիւնս այն էր, որ խմբագրատան մէջ Բակունցով ամէնէն աւելի Շահխաթունեանն էր հետաքրքրւում: Գուցէ պատճառն այն էր, որ Բակունցը ամէն տեղ երիտասարդութեան մէջ շատ էր երևում թէ՛ դաշնակցական ուսանողական շրջանակում, ուր Շահխաթունեանը յաճախ դասախօսում էր, թէ՛ գրական հաւաքոյթներում և թէ այլուր: Բակունցը անդամ էր և Էփրիկի «Պատանի» գրական խմբակի: Կարծեմ արդէն գրական փորձեր էլ էր կատարում:
Արևելահայոց խորհրդաժողովից յետոյ, 1917 թ. աշնան, իբրև արձագանգ Ազգային Խորհրդի կոչերին, ուրիշ երիտասարդների հետ Բակունցն էլ մեկնեց ռազմաճակատ՝ Կարինի ուղղութեամբ:
Ահաւոր փոթորիկի էր մատնուած Հայոց Աշխարհը: Գաղափարական ո՞ր երիտասարդը կարող էր հանգիստ նստել տանը: Շատերը գնացին: Ոմանք յուսալքուեցին ու փոշիացան: Ոմանք պահեցին հոգեկան կորովը, մնացին կեանքի առաջաւոր դիրքերում: Բակունցը վերջիններից էր:
Անցան 1918-ի նզովեալ ձմեռն ու գարունը: Հայաստանը այլևս անկախ պետութիւն էր՝ սկիզբը հիւանդակոխ, յետոյ հետզհետէ առողջացաւ և կազմակերպուեց իբրև ժողովրդավար հանրապետութիւն: Հայ ժողովուրդը սկսեց հաւաքուել և ամուր տեղաւորուել մայրենի հողի վրայ: Հայաստանի Հանրապետութիւնը մագնիսական հզօր ուժով իրեն քաշեց ի սփիւռս աշխարհի ցրուած հայութիւնը:
1919-ին Բակունցը Երևանում էր: Ճակատագիրը նրան տարել էր մինչև Կարին, ապա նետել էր Արարատեան Դաշտը: Մեր երիտասարդական շրջանակի մէջ էր: Եթէ չեմ սխալւում լրագրական աշխատանք էր կատարում:
Երբ հիմը դրուեց Հ. Յ. Դաշնակցութեան կենտրոնական օրաթերթ “Յառաջ”-ի, Բակունցը դարձաւ նրա գլխաւոր լրաբերը: Նա և երիտասարդ Սարափեանը – Սարհանդի եղբայրը – կազմում էին թերթի մայրաքաղաքի լրահաւաքները: “Հորիզոն”-ի փորձառութեամբ զինուած՝ Բակունցը այժմ արդէն հմուտ լրագրող էր: Նար Դոսի պաշտօնը, իբրև ոճոբան-քարտուղար, կատարում էր Արշակ Մեհրաբեանը, որ այլևս չէր կարող գանգատուել Բակունցի հայերէնից:
1920-ի սկզբին, կառավարութեան որոշումով, ինձ յանձնուեց ընդարձակ Տարեգիրքի պատրաստութիւնը: Տարեգիրքը իր մէջ պիտի ընդգրկէր երկրի բովանդակ կեանքը և կառավարական հաստատութիւնների գործունէութիւնը վիճակագրական տեղեկութիւններով՝ ամէն տարի մէկ հատոր: Բակունցը, Սարափեանը և մի քանի ուրիշ երիտասարդներ կոչուեցին աշխատանքի նիւթերի հաւաքման համար: Իր կենդանի և դիւրահաղորդ բնաւորութեամբ Բակունցը բոլոր հիմնարկութիւնների մէջ ազատ ելումուտ ունէր և յաճախ թանկարժէք նիւթեր էր բերում:
Դաշնակցական երիտասարդութեան մէջ Բակունցը աչքի ընկնող տեղ էր գրաւում, հետաքրքիր էր, եռանդուն, ամէնքի հետ սիրալիր ու հաճոյակատար, բայց անկախ էր և ինքնուրոյն: Դէպի երէց ընկերները անկեղծ յարգանք ունէր, իր հասակակիցների շրջանում ընդհանուր յարգանք էր վայելում: «Թայֆայականութիւն»ից խորշում էր: Ես չէի ճանաչում մի մարդ, որ Բակունցի մասին աննպաստ արտայայտուէր:
Բոլշևիկները փորձում են 1917-21 թուականներին Բակունցին ներկայացնել իբրև սոցիալ դեմոկրատ, մարքսիստ կամ այլ համոզումների տէր: Պարապ խօսք: Բակունցը անդամ էր Հ. Յ. Դաշնակցութեան մինչև Դաշնակցութեան բռնի «լիկուիդացիան» բոլշևիկների կողմից: Այն էլ պէտք է ասել, որ տեսական փիլիսոփայական հարցերը նրան շատ չէին զբաղեցնում: Ո՛չ Դաշնակցութեան մէջ համոզուած հակամարքսիստ էր, ո՛չ էլ կոմունիստ դառնալուց յետոյ մարքսիստ դարձաւ: Լայն իմաստով ազատախոհ ու դեմոկրատ, լաւ իմաստով ազգայնական ժողովրդասէր հայ երիտասարդ էր նա: Բնաւորութեան այս գիծը կարմիր թելի պէս անընդհատ անցնում էր նրա բոլոր գրական երկերի մէջ:
Չեմ կարող ասել, թէ Բակունցը Հայաստանից ե՞րբ հեռացաւ և ո՛ւր: Յայտնի է միայն, որ նա գիւղատնտեսական կրթութիւն ստացաւ Ռուսաստանում, Դաշնակցութիւնից հրաժարուելով մտաւ Համայնավար կուսակցութեան մէջ, մի քանի տարի զբաղուեց գիւղատնտեսութեամբ Զանգեզուրում և այլուր և վերջը դարձաւ «պրոֆեսիոնալ» գրող, պարգևելով հայոց գրականութեան անկորնչելի գրական արժէքներ:
Եւ վերջը, մի չարագուշակ գիշեր, 1937-ին, նրան ձերբակալեցին և տարին անյայտ ուղղութեամբ Հայաստանի ամէնատաղանդաւոր գրողների հետ միաժամանակ,-Չարենց, Գուրգէն Մահարի, Ալազան, Վ. Թոթովենց, Վ. Նորենց, Դր. Սիմոնեան, Զապէլ Եսայեան և բազում ուրիշներ: Մինչև Ստալինի և Բերիայի անհետացումը սովետական բեմից, մօտ քսան տարի, նրանց մասին ոչ մի տեղեկութիւն չկար. ո՞ղջ էին, և ո՞ւր, մեռա՞ծ էին և ի՞նչ մահով:
Ոճրագործ Բերիայի մահից յետոյ աքսորականների մի մասը յետ բերուեց Երևան: Դրանց մէջ չէին Չարենցը, Թոթովենցը, Բակունցը և ուրիշներ: Չարենցը, ասում են, մեռել է բանտում, իսկ ի՞նչ են եղել միւսները, ո՞ւր և ի՞նչպէս է մահացել Ակսէլ Բակունցը. յայտնի չէ:
Այս տողերը գրուած էին արդէն, երբ ձեռքս ընկաւ Երևանում նորերս լոյս տեսած հատորը Ակսէլ Բակունցի մասին: Հեղինակի՝ Սուրէն Աղաբաբեանի հաղորդած կենսագրական տեղեկութիւններից իմանում ենք, որ Ակսէլ Բակունցը ծնուել է Զանգեզուրի Գորիս քաղաքում, 1899-ին: Բուն անունն է Ալէքսանդր Թևոսեան, չքաւոր ընտանիքի զաւակ: 1905-ից սկսած ուսել է տեղական ծխական դպրոցում, հինգ տարի:
Նախնական կրթութիւնը լրացնելուց յետոյ, 1910-ի աշնանը մտել է Էջմիածնի Գէորգեան Ճեմարանը: 1915-16 ուսումնական տարում Ճեմարանը փակւում է, Բակունցը վերադառնում է Գորիս և ուսուցիչ է հրաւիրւում իր գիւղի ծխական դպրոցը: Այդ օրերին նա մի յօդուած է գրում Գորիսի քաղաքագլխի և կառավարական պաշտօնէութեան դէմ, որի համար բանտարկւում է մէկ ամսով: Լոռիում մի տարի ուսուցիչ մնաց, երբ տեղի ունեցաւ Ռուսաստանի յեղափոխութիւնը և փոխանակ ճեմարան վերադառնալու, ուր փոխադրուել էր առաջին լսարանը, Բակունցը անցաւ Թիֆլիս՝ հայ հասարակական շարժումների կենտրոնը:
Բակունցի կեանքի 1917-21 թուականների շրջանի մասին բոլշևիկները խօսում են ընդհանուր խօսքերով. իբրև թէ զինուոր է եղել Կարսի, Սարըղամիշի և Կարինի շրջանում և տուրք է տուել «ազգայնական ռոմանտիզմ»ին, այնուհետև գիւղատնտեսութիւն է ուսել Խարկովի ինստիտուտում և մի քանի տարի գիւղատնտեսութիւն անելուց յետոյ Հայաստանում, դարձել է «պրոֆեսիոնալ» գրող:
Բակունցի անհետացման «ողբերգութեան» վրայից էլ Աղաբաբեանը անցնում է առանց պատմելու ձերբակալութեան, աքսորի և մահուան պարագաները: Եւ գրքի վերջում, յիշելով Բակունցի գրուածքը Խաչ. Աբովեանի խորհրդաւոր անհետացման մասին՝ առաջ է բերում ռուս գրագէտ Զելինսկիի մի յօդուածից հետևեալ տողերը. «Բակունցի վախճանը պարուրուած է նոյնպիսի խորհրդաւորութեամբ, ինչպէս և նրա հերոս Աբովեանի վախճանը: Խաչատուր Աբովեանը մի անգամ գիշերը դուրս եկաւ իր տնից, որպէսզի այլևս երբեք չվերադառնայ այնտեղ: Եւ նա ընդմիշտ անհետացաւ: Բակունցի վախճանը մի դրուագն էր մի այլ ողբերգութեան: Մեր կուլտուրայի թշնամիները դուրս բերին Ակսէլ Բակունցին տնից և նա հեռացաւ ընդմիշտ: Նա հերոսաբար, իբրև կոմունիստ, դիմաւորեց իր մահը: Եւ կարող է այնպէս եղած լինել, որ մահուանից առաջ, նրան երևացել են ծագող արևով ոսկեզօծուած Զանգեզուրեան լեռնագագաթները»:
Թէկուզ ռուս գրողի միջոցով և համեմատելով Խաչ. Աբովեանի «խորհրդաւոր անհետացման» հետ հայ բոլշևիկները այլևս համարձակւում են խօսել «մեր կուլտուրայի թշնամիների» գործած աւերի մասին, թէև «մի այլ ողբերգութեան» գաղտնիքը վախենում են բանալ: Կը գայ մի օր, այդ ժամանակն էլ կը գայ, և մենք կ’իմանանք իրական պատմութիւնը Չարենցների և Բակունցների «խորհրդաւոր անհետացման»:
Ինչ որ Երևանում նոր են սկսում հասկանալ, սփիւռքի հայութիւնը վաղուց իմացել է ու բացատրել, որ Ակսէլ Բակունցները նահատակուեցին «մեր կուլտուրայի թշնամիների» ձեռքով, որովհետև նրանք հարազատ ծնունդն էին հայ ժաղավրդի և հայ իրականութեան: Դաշնակցական է եղել Բակունցը թէ համայնավար, կարևոր չէ մեզ համար: Էականը այն է, որ նա հայ էր և հայութեան ապրումների ու ոգիի տաղանդաւոր արտայայտիչ: Նա մօտ էր մեր մտքին ու սրտին, հարազատ:
Թերևս տարբեր խօսքերով արտայայտուէինք, բայց մենք լիովին համակարծիք ենք Սուրէն Աղաբաբեանի գրքի վերջաբանին.
«Արդէն երկու տասնամեակ է բաժանում մեզ Բակունցի ողբերգութիւնից – և ուրիշ այդպիսի շատ տասնամեակներ կը բոլորենք… ամէն մի սերունդ նրա ստեղծագործութեան մէջ կը բացի նոր արժէքներ, որոնց շաղախից կազմուած էր Բակունցի անհատականութիւնը:
«Քսանամեայ անջատումից յետոյ, երբ մենք նորից հնարաւորութիւն ունեցանք անդրադառնալ Բակունցի ժառանգութեանը, աւելի խոր կերպով զգացինք նրա հարազատութիւնը մեր ժամանակին, աւելի սուր զգացինք նրա ժառանգութեան նկատմամբ ակտիւ վերաբերմունք ունենալու խնդրի արդիական ու պատմական կարևորութիւնը»:
Ըստ երևոյթին, «մեր կուլտուրայի թշնամիներ»ի ազդեցութիւնը Երևանում բաւական թուլացել է, որ մարդոց կաշկանդուած լեզուները սկսել են բացուել: Ինչպէս մենք միշտ ասում էինք, երբ կապանքները վերանում են, հայրենիքից ներս թէ դուրս մարդիկ սկսում են խօսել նոյն լեզուով, և «մեր կուլտուրայի թշնամիներ»ի շուրջ վէճի տեղ չի մնում:
Պիտի գայ անշուշտ այն օրը, երբ «մեր կուլտուրայի թշնամիներ»ի բռունցքը իսպառ վերանայ Հայաստանի գլխից: Այն ժամանակ ոչ միայն Բակունցների ու Չարենցների անունների, այլ և «մեր կուլտուրայի» շուրջ սրտի, մտքի և լեզուի ընդհանրութիւն կը ստեղծուի Մայր Հայրենիքի և Սփիւռքի միջև: Միայն թէ շուտ գայ այդ օրը:
Ս. ՎՐԱՑԵԱՆ
Հոկտ. 1959