Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՅԴ անդամ, ազատամարտիկ, շինարար, թիվ 6 ընտրատարածքում ՀՅԴ տարածքային թեկնածու առաջադրված Արամայիս Մխիթարյանը:
- Ինչո՞ւ եք որոշել ՀՅԴ ցուցակով առաջադրվել պատգամավորության թեկնածու:
- Նորանկախ Հայաստանի պատմության առաջին օրերից անդամագրվել եմ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, ակտիվ մասնակցություն եմ ունեցել Արցախյան ազատամարտին, այնուհետև պետականաշինության տարիներին լծվել եմ քաղաքացիական աշխատանքի. 2002-ին ընտրվել և մինչ օրս աշխատում եմ Արմավիրի մարզի Այգեշատ (Արմավիր) համայնքի ղեկավար: Նախորդ ԱԺ ընտրություններին նույնպես մասնակցել եմ ՀՅԴ ցուցակով` որպես Արմավիրի մարզից տարածքային թեկնածու: Գրանցել եմ լուրջ արդյունքներ և համարում եմ, որ իմ նպաստը կարող եմ բերել նաև հայրենիքի շենացմանը՝ մասնակցելով ՀՀ Ազգային ժողովի աշխատանքներին:
- Ի՞նչ խնդիրներ եք տեսնում, որ Դաշնակցությունը պետք է հետապնդի գալիք խորհրդարանում, և անձամբ Դուք ի՞նչ հարցեր եք բարձրացնելու, եթե ընտրվեք:
- Դաշնակցության հետապնդելիք խնդիրները ոչ միայն Դաշնակցությանն են, այլև երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերներն են: Դրանք են՝ արտաքին քաղաքական ուղեգծի հստակ, առանց շեղումների ամրապնդումը, երկրում սոցիալական արդարության հաստատումը՝ յուրաքանչյուրի` իր աշխատանքով արժանապատիվ ապրելու հնարավորությամբ, Արցախի հիմնախնդրի լուծման «Զարգանալ` առանց զիջելու» սկզբունքի ամրապնդումը:
Քանի որ ինքս խոշոր գյուղատնտեսական մարզի ներկայացուցիչ եմ, ուստի ապագային միտված ծրագրերը հիմնականում առնչվելու են գյուղատնտեսությանը՝ անխափան ոռոգման ջրամատակարարում, գյուղմթերքի մթերման ապահովում, գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների իջեցում (առավելագույնը 5%), գյուղատնտեսության ապահովագրություն, համայնքների համաչափ զարգացում և այլն:
- Հաշվի առնելով երկրում առկա իրավիճակը՝ ժողովրդական շարժում, հետհեղափոխական էյֆորիա, ընտրողին դժվար կլինի համոզել, վստահության քվե խնդրել: Ի՞նչ եք պատրաստվում առաջարկել ընտրողին, ի՞նչ նոր մոտեցում ու շեշտադրում եք անելու, որ հենց ձեզ վստահի, ձեր ուժին ընտրի:
- ՀՅԴ-ն իր սկզբնավորման օրվանից ծառայել է Հայաստանի և հայության ազատագրություն դատին, ուստի Դաշնակցության ուղին ոչ միայն հերոսական է, պետականաստեղծ, այլև հայոց պատմության անբաժանելի և անուրանալի մասն է: Այսօր ընտրողին խորհուրդ կտամ մի պահ «անջատել» էյֆորիան, սեղանին շարել բոլոր թեկնածուների ծրագրերը, անցած ուղին, կենսագրությունները, և համոզված եմ` դրանից հետո սեղանին մնալու են միայն դաշնակցական թեկնածուների անունները՝ իրենց վաստակով, կենսափորձով, ապագայի և հայրենիքի նկատմամբ անհուն սիրով և աննահանջ կեցվածքով:
- Ի՞նչ նոր գաղափարներով եք գնում այս ընտրություններին, ո՞րն է լինելու ՀՅԴ պլատֆորմի գլխավոր շեշտադրումը:
- ՀՅԴ-ն` որպես համահայկական կառույց, իր ուրույն դերն ունի Սփյուռքում հայապահպանության, Հայրենիք-Սփյուռք կապն ավելի խորացնելու հարցում: ՀՅԴ-ն հանդես է գալիս երկրում սոցիալական արդարության ամրապնդման, արտաքին քաղաքական հստակ դիրքորոշման և Արցախի հարցի արդարացի լուծման հետապնդման դիրքերից:
- Ի՞նչ խնդիրներ ունի համայնքը, ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծումները:
Ինչպես Այգեշատ (Արմավիր) համայնքի, այնպես էլ մարզի բոլոր համայնքների խնդիրները գրեթե միանման են ՝ ոռոգման ջրի սակավություն, բարձր սակագին, գյուղատնտեսական վարկերի բարձր տոկոսադրույք, մթերման գործընթացի ոչ բավարար կազմակերպում, ֆինանսավորման անբավարարության պատճառով մանկապարտեզների թերի աշխատանք, մշակութային օջախների, ճանապարհների անմխիթար վիճակ և այլն: ՀՅԴ ծրագրերում կան այդ բոլոր խնդիրների լուծման տարբերակները:
- Հայտնի է, որ քաղաքական ուժերը քարոզարշավների ժամանակ շեշտը դնում են ոչ թե իրենց ծրագրերն ու գաղափարները ներկայացնելու, այլ մյուս ուժերին սևացնելու վրա: Դուք ի՞նչ եք պատրաստվում անել:
- Դաշնակցության պահվածքին հարիր չէ մյուսներին սևացնելու գնով քվեներ շահելը: Մեր քննադատությունը լինելու է թիրախային և փաստարկված: Մենք պատրաստվում ենք բացառապես պաշտպանել մեր ծրագրային դրույթները, ինչով և շահելու ենք ընտրողի քվեն:
- Այսօր ՀՅԴ-ի հասցեին տարբեր կողմերից հնչում են քննադատություններ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց, ինչպե՞ս եք գնահատում այս երևույթը:
- Դաշնակցությանը քննադատում են այն ուժերը, որոնք կողմ են Արցախի հարցում պարտվողական հայեցակարգին, որոնք կողմ են սեռական այլասերվածության տարածմանը և քարոզին, որոնք կողմ են քայքայիչ կրոնական կազմակերպությունների ( մասնավորապես` Եհովայի վկաների) անարգել գործունեությանը, որոնք կողմ են, ՀՀ արտաքին քաղաքական ուղեգիծը շեղելով, երկիրն արկածախնդրության ճանապարհով տանելուն, որոնք պայքարում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և քննադատում Հայ եկեղեցու պատմության դասավանդումը դպրոցներում: Հետևությունը թողնում եմ ընտրողին:
- Արդյո՞ք անհրաժեշտություն է, որ ՀՅԴ-ն ներկայացված լինի գալիք խորհրդարանում, որո՞նք են այս հարցում ձեր փաստարկները:
- ՀՅԴ-ի ներկայության անհրաժեշտությունը ապագա խորհրդարանում աներկբա է: Վերը թվարկված մարտահրավերների անխոնջ պաշտպանը, առաջամարտիկը և անվերապահորեն կյանքի կոչողը եղել է և լինելու է Դաշնակցությունը:
Մ.Մ.