կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-10-17 15:06
Հասարակություն

Աբորտները քրիստոնեական ընտանիքին հարիր են, ընտանեկան բռնության կանխումը` ո՞չ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Աբորտները քրիստոնեական ընտանիքին հարիր են, ընտանեկան բռնության կանխումը` ո՞չ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

Այսքան տարի ապրել ենք առանց նման օրենքի, դարձյալ կարող էինք ապրել, խնդիր չկա, բայց կարող էինք ապրել առանց Սահմանադրության, բայց ունենք Սահմանադրություն. այսօր ԱԺ-ում «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախնական նախագծի քննարկման ժամանակ կարծիք հայտնեց Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Մենք` հոգևորականներս, այս օրենքի չլինելու պատճառով շատ լուրջ խնդիրների ենք բախվում: Շատ հաճախ մենք գիտենք թաքուն հանցագործության մասին, սակայն որևիցե մեկին չենք կարող հայտնել, բայց եթե նույնիսկ կարող ենք ասել, ոստիկանությունն էլ որևէ լծակ չունի մտնելու այդ ընտանիք և կանխելու բռնությունը»,- ասաց նա և նշեց. «Ավելի լավ է ունենալ օրենք, քան ընդհանրապես չունենալ»:

Աջապահյանը խոսքով` այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը կա, քանի որ բոլորն էլ ուզում են, որ բռնությունը կանխարգելվի: «Այն հայրը, ով սիրում է իր որդուն, խրատում է: Պետք է չէ սարսափել դաստիարակչական միջամտությունից: Ընտանեկան բռնությունը ես հասկանում եմ այնպես` ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհյալ դիրք: Եթե երեխան ինչ-որ իր է կոտորում և դրա համար ապտակ ստանում, դա ընտանեկան բռնություն չէ, սակայն երբ տղամարդն ասում է` երբ պետք է աշխատանքս ավարտվի, որ գնամ տուն, կնոջս մի լավ ծեծեմ, դա բռնություն է: Ընտանիքին իրավական հարաբերությունների հերթական թատերաբեմ չէ, այլ սիրով կազմված միություն»,- ասաց նա:

Աջապահյանի խոսքով` այս տարիներին շատ ու շատ օրենքներ են եղել, որոնց եկեղեցին է դեմ եղել, օրինակ` «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքը և այլն, և այս օրենքին դեմ լինել` պատճառաբանելով, որ այն կքանդի քրիստոնեական ընտանիքը, ճիշտ չէ:

«Ինչ է, ամուսնալուծությունները, աբորտները քրիստոնեական ընտանիքին հարի՞ր են. հղիության կանխարգելման մասին օրենքը երբ կար, ոչ մեկ դեմ չեղավ այդ օրենքին, իսկ երբ խոսում են ընտանեկան բռնության կանխարգելման մասին, մարդիկ դեմ են»,-ասաց սրբազանը` հերթական անգամ շեշտելով օրենքի ընդունման անհրաժեշտությունը: