կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-01 22:40
Քաղաքական

Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան. Նիկոլ Փաշինյան

Իրանի և Հայաստանի հարաբերություններում կնճիռներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունները մշտապես գտնվել են բարձր մակարդակի վրա, և պետք է ամեն ինչ անել, որ դրանք շարունակեն այդպես մնալ: Այս մասին Կապանում քարոզարշավի ժամանակ ասաց  «Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին:

«Իրանի և Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան, բայց նաև հասկանալի է, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ուզում են ստեղծել այդ կնճիռները: Եվ ուզում եմ հույս և համոզմունք հայտնել, որ և Հայաստանի, և Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները ու կապահովեն Հայաստանի-Իրան հարաբերությունների բնականոն զարգացումը: Եվ դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է, և մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար: Մենք գիտենք, որ Իրանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը բավականին լարված է և  համոզված ենք, որ ցանկացած միջազգային խնդիր պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ առանց ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման ու առանց հարկադրանքի: Հույս ունենք, որ իրադարձությունները կընթանան հենց այդ ճանապարհով»,- ընդգծեց Փաշինյանը:

Նա նաև անդրադարձավ իրանցի և հայ վարորդների որոշակի դժգոհություններին՝ կապված իրենց գործունեության պայմանների հետ:

«Գիտեմ նաև, որ իրանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն՝ կապված Հայաստանում իրենց գործունեության պայմանների հետ, իսկ հայաստանցի վարորդները որոշակի դժգոհություններ ունեն Իրանում իրանց աշխատանքի պայմանների հետ: Բայց համոզված եմ, որ մեր երկրների կառավարությունները բարեկամության և եղբայրության մթնոլորտում այս բոլոր հարցերը կքննարկեն և կետ առ կետ այդ հարցերը կստանան լուծումներ»,- նշեց Փաշինյանը: