կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-21 10:50
Քաղաքական

Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնայինն ու ամենակարևորը երկրում ամուր ժողովրդավարություն հաստատելն է:Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև շեշտել է, որ իր համար ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության, հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ:

«Ժողովրդավարությունն ուղղակի տեսական դրույթ չէ մեզ համար: Ես կարծում եմ, որ ժողովրդավարության անհատական ընկալումն է շատ կարևոր: Ի՞նչ նկատի ունեմ: Գիտեք, կարելի է շատ քննարկել, թե ինչն էր պատճառը, որ, այնուամենայնիվ Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին և իրականացրեցին փոփոխություններ: Կարելի է բերել տնտեսական, սոցիալական, իրավական պատճառներ, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի ամենամեծ պահանջը սեփքկան երկրում հարգված լինելն է: Սա ամենակարևորն է, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդը պահանջում են իշխանություններից և պահանջելու են ցանկացած իշխանությունից, որովհետև մենք՝ հայերս, ինքնասիրության առանձնահատուկ զգացում ունենք, և կարծում եմ, որ ժողովրդի ակնկալած հարգանքը իշխանությունից ամենակարևոր գործոնն է, որ բերեց փոփոխությունների: Մենք մեր ամենակարևոր առաքելությունը համարում ենք, որ հայ ժողովուրդը իրեն հարգված զգա, վստահի ինքը իրեն, իր ուժերին, ինքնավստահություն ձեռք բերի, որ մեզ համար չկան անլուծելի խնդիրներ, պարզապես մենք պետք է ի վիճակի լինենք մեր համազգային ներուժը, համախմբել այդ օրակարգի շուրջ, ձևակերպել և հստակեցնել մեր համազգայաին օրակարգը, այդ օրակարգի տարբեր շերտերը և, ի վերջո,  յուրաքանչյուրս մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրականացմանը: Այս առումով եմ ես շատ կարևորում ժողովրդավարության հաստատումը Հայաստանում»,- ասել է Փաշինյանը:

Նա շեշտել է, որ իրենք հիմա ունեն ժողովրդի վստահությունը, այսօր ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունը՝ լինելով իշխանություն, և, երբ հասնեն որոշակի ազատությունների, մարդու իրավունքների պաշտպանության, անկախ դատական համակարգ ձևավորեն, տնտեսական հաջողությունների, քաղաքական հաջողությունների հասնեն, ինքը ավարտված չի համարի հեղափոխության և իրենց առաքելությունը: «Իմ և մեր քաղաքական թիմի ընկալմամբ՝ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել այն ժամանակ, երբ, ինչպես ազատ, արդար և ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասնենք իշխանության, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ ի վիճակի լինենք հեռանալ իշխանությունից: Սա շատ կարևոր դրույթ է, որովհետև շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, ի վերջո, իմանա և հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձևավորվի Հայաստանում: Այս առումով մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարևոր առաքելությունն է»,- նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկար ժամանակ Հայաստանում հաստատված էին տնտեսական մենաշնորհներ: «Ես այսօր պատիվ ունեմ հայտարարելու, որ Հայաստանում այլևս տնտեսական մենաշնորհներ չկան: Տեղյակ էիք, որ Հայաստանում երկար տարիներ գործել է հստակ համակարգված կոռուպցիոն մեխանիզմ: Ես պատիվ ունեմ արձանագրելու, որ այսօր Հայաստանում կոռուպցիա չկա: Իհարկե, կան կոռուպցիոն երևույթներ, կան չինովնիկներ, ովքեր 20 տարի և ավել աշխատել են այդ տրամաբանությամբ, և որևէ կասկած չիա, որ հիմա սողանցքներ են փնտրում այդ մեխանիզմները կրկին վերականգնելու համար, բայց մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա, և սա սկզբունքային հարց է մեզ համար: Ինձ համար ամենակարևոր սկզբունքն այն է, որ պետք է բացառվի իշխանության կիրառումը որպես սեփականության կամ հարստության կամ նյութական միջոցների ձեռքբերման մեխանիզմ: Ես այս հարցում շատ սկզբունքային եմ և սկզբունքային եմ լինելու, և մեր իշխանության մեջ չպետք է լինեն մարդիկ, ովքեր իշխանությունը կիրառում են որպես սեփականություն ձեռք բերելու միջոց»,- նշել է Փաշինյանը: