կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-28 18:12
Առանց Կատեգորիա

Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

Սորոսի փայաբաժին կամ «Անասնաֆերմա»-ի օրինակով

Մերօրյա իրականությունը շատ է նման Ջորջ Օրվելի «Անասնաֆերմա»-ին: 1917 թվականի բոլշեւիկյան հեղափոխության եւ դրան հաջորդած ստալինիզմի ժամանակաշրջանին վերաբերող քաղաքական սատիրայի եւ հակաուտոպիական ժանրից այս վիպակը, կարծես, ճիշտ ու ճիշտ գրված է նաեւ մեր օրերի Հայաստանի համար: «Անասնաֆերմա»-ի պես մեզ մոտ էլ շատ արագ ի հայտ է եկել, այսպես կոչված, արտոնյալների մի խավ, որը մտել է «Անասնաֆերմա»-ի նոր տերերի կերպարի մեջ՝ յուրացնելով նրանց կարգախոսը` «Բոլոր չորքոտանիները հավասար են, իսկ երկոտանիները՝ ավելի հավասար»: Նոր Հայաստանի մերօրյա «տերերն» իրենց թույլ են տալիս այն բոլորը, ինչ մտքներով կանցնի. չէ՞ որ նրանք են մեր իրականության պարոն Ջոնզին վռնդել ֆերմայից եւ մեզ պարգեւել այնքան երազած ազատությունը: Նրանք հիմա ամենակարող տեր ու տնօրեններ, ամենաարդար դատավորներն են` կարող են զրպարտել, մեղադրել ու դատապարտել ցանկացած մարդու, ով կհամարձակվի ընդդիմանալ իրենց եւ հակառակ կարծիք արտահայտել:

Մերօրյա նման հերոսներից մեկին հայտնաբերեցի այսօր, երբ պատահաբար ծանոթացա նրա ՖԲ գրառմանը` ոչ ավելի, ոչ պակաս Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի մտքի «փայլատակման» արգասիքին: Նման «կարողության» համար էլ երեւի ժամանակին նշանակվել է պատասխանատու այդ պաշտոնում, որը ենթադրում է կոռեկտություն, զսպվածություն եւ ամենակարեւորը` չեզոքություն քաղաքական գործընթացներում:

Պարզվում է, սակայն, որ մեր «հերոսը», ինչպեսև նրա բոլոր թիմակիցները, բառի բուն իմաստով, թքած ունի այդ բոլորի վրա: Նրան էլ է կարելի, չէ՞, վարվել այնպես, ինչպես վարվում են մերօրյա «հեղափոխականները»: Նա էլ հաստատ մի քանի անգամ մասնակցել է «դմփ-դմփ-հու»-ի ծիսակատարության ու իր ներդրումն ունեցել Արցախյան ազատամարտից ավելի թանկ ու կարեւոր համարվող իշխանափոխությանը:

Մարդն, ի դեպ, անքան էլ մեղավոր չէ, նրան էլ է պետք հասկանալ. վերջապես պետք է ապացուցի իր բոլոր վերադասներին` մինչ այդ իրեն սնած ու փայփայած, փայաբաժին ապահոված Սորոսին, եւ մեր ֆերմայի Նապոլեոնին՝ ամենակարող առաջնորդին, ու նրա մերձավորագույն շրջապատին (Նապոլեոնը «Անասնաֆերմայի» հեղափոխության հիմնական ղեկավարն ու հետագա բռնապետն է), որ վստահության արժանի է եւ ունակ կատարելու ցանկացած հանձնարարություն` ինչքան էլ որ այն կեղտոտ լինի:

Սակայն մեր «հերոսը» մոռացել է մի պարզ ճշմարտություն` սեփական դեմքը մրոտելուց առաջ անհրաժեշտ է լավ մտածել, թե ում կամ որ կառույցի դեմքն ես պատրաստվում մրոտել, եւ կենսագրությամբ, անցած ճանապարհով կարո՞ղ ես, արդյոք, համեմատվել դիմացինի հետ, թե՞ ոչ:

Կոնկրետ այս պարագայում պե՞տք է, արդյոք, հիշեցեն, թե ինչ կենսագրություն ունի Հրանտ Մարգարյանը, ինչի միջով է անցել եւ որ կառույցն է ներկայացնում:

Ամո՛թ է, սիրելի՛ս: Իշխանության մաս կազմելը, պաշտոն զբաղեցնելը դեռ չի նշանակում ընդդիմախոսին անվանարկելու եւ զրպարտելու բարոյական իրավունք: Այդպես կարող են վարվել միայն քաղաքական թզուկները, որոնց շարքերը համալրելու լուրջ հայտ ես ներկայացրել նաեւ դու:

Վերջապես հիշի՛ր արմատներդ…

Հ.Գ.-1. Չփորձե՛ս միայն հիշեցնել ՀՅԴ երիտ-պատանեկան կառույցներին, ՀՄԸՄ-ին անդամակցելու հավանական անցյալիդ մասին: Չի անցնի: Ավելի վատ քեզ համար:

Հ.Գ.-2. Հոգնեցինք արդեն` հիշեցնելով, որ Դաշնակցության մոտ չկան, այսպես կոչված, «շերտեր»: Դաշնակցությունը միատարր կառույց է, որի ներկայացուցիչը, այս դեպքում՝ Հրանտ Մարգարյանը, ներկայացնում է նրա գաղափարները, ընդհանուր տեսակետները, դիրքորոշումները եւ կամքը: Այնպես որ` մեզ պառակտել չի ստացվի, մի՛ փորձեք:

Արամ Շահնազարյան

Aliqonline.ir կայքի պատասխանատու խմբագիր հատուկ yerkir.am-ի համար