Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Պատերազմից առաջ yerkir.am կայքում հրապարակվեց իմ «Օրուելի «Անասնաֆերման» ու «նոր Հայաստանը»» հրապարակախոսական հոդվածի առաջին մասը: Երկրորդ մասը պարզապես չգրվեց․ պատերազմ էր: Ցավոք, իշխանությունը մեր երկրում շարունակում է կյանքի կոչել անգլիացի գրողի հակաուտոպիան՝ ստիպելով ինձ գրել հոդվածի երկրորդ մասը «Իշխանությունը «Անասնաֆերմա»-ից անցել է «1984»-ին»:
Աներևակայելի իրավիճակում ենք ապրում, անիրական քաոսի ու ամոթալի աբսուրդի թատրոնում: Գլխներիս սարքված պատերազմ, խայտառակ պարտություն, հազարավոր զոհեր ու վիրավորներ, կապիտուլյացիա, նորանոր կործանարար բացահայտումներ, ազգային ինքնության ճգնաժամ, հիասթափություն ու հուսալքում: Ու մյուս կողմից՝ մեր անճարակությունը, ապազգային իշխանությանը հեռացնելու, դեպի անդունդ գահավիժումը կանգնեցնելու անկարողությունը, անմիաբանությունն ու ոչ պատշաճ կազմակերպվածությունը: Արցունք ու արյուն է թափվում համբերության բաժակից:
Ամեն Աստծո օր իշխանության ու նրա ղեկավարի կողմից նոր մանիպուլյացիաներ, օրինազանցություններ, մարդու իրավունքների ու ազատությունների ոտնահարում, ազգային արժեհամակարգի քայքայում, նոր կորուստներ ու նոր ցավագին բացահայտումներ:
Ջորջ Օրուելի վեպը գալիս է փաստելու, որ պետք է պայքարենք ամոթալի կերպով պարտված ու կապիտուլացված երկրում փոթորկվող տոտալիտարիզմի դեմ, որը տանում է դեպի հայի տեսակի ու մարդու ոչնչացում, երկրի կործանում, հեռացնելով հանցավոր իշխանությանը:
Հետաքրքիրն այն է, որ Օրուելի «1984» վեպը հրատարակել է իշխանության ֆավորիտ «Անտարես» հրատարակչությունը, ու գուցե Ադրբեջանի շահերի անխոնջ պաշտպանը՝ հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն էլ խորհուրդ է տվել հակաուտոպիան կիրառել որպես ուտոպիա, որպես ծրագիր: Ո՞վ գիտի: Թեև առավել հավանական է այն վարկածը, որ գիրք չկարդացող ներկա իշխանությունը պարզապես աննահանջ գնում է կատաղի տոտալիտարիզմի ճանապարհով և հաստատում գրողի մարգարեությունը:
Երկրում հասունացող ըմբոստությունը խեղդելու միջոցներ են կիրառվում, որոնք դուրս են բարոյականության ու մարդկայինի սահմաններից՝ երկիրը տանելով տոտալիտարիզմի, անիշխանության ու քաոսի անդունդը:
Հայաստանի թավշե իշխանությունն առաջին փուլում, պետական համակարգը դարձնելով կատարյալ օրուելյան անասնաֆերմա, հաջորդ փուլում ձեռնամուխ եղավ կերտելու «1984»-ը: Դատեք ինքներդ, թե ինչ առնչություն ունի թավշյա իշխանությունը օրուելյան Օվկիանիայի հետ: Գիրքը հրատարակվել է Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ 1949 թվականին, և զարմանալի մարգարեական պայծառատեսությամբ կերտել տասնամյակներ ու հարյուրամյակներ հետո գալիք տոտալիտար համակարգերի գեղարվեստական մարմնացումը: Աշխարհ, ուր մարդու մեջ սպանում են մարդուն՝ նրանց դարձնելով դաժան, ագրեսիվ, մտածելու ու զգալու անընդունակ խամաճիկ՝ նրա ենթագիտակցության խոր շերտերում արթուն պահելով հորինված կուռքի հանդեպ անբացատրելի հավատն ու պաշտամունքը: Այսինքն՝ անգլիացի գրողը նկարագրել է այսօրվա Հայաստանում ու Սփյուռքում ապրող զոմբիներին: Փառք Աստծո, որ մեծ մասն աստճանաբար դուրս է գալիս թմբիրից ու գիտակցում է իրականությունը:
Հետպատերազմյան Օվկիանիան Անգլիան է, որի կառավարությունը բաղկացած է չորս նախարարությունից՝ ճշմարտության, սիրո, խաղաղության և առատության: Ճշմարտության նախարարության շենքի ճակատին մեծ տառերով փորագրված էր իշխող երեք կուսակցությունների կարգախոսը՝
Պատերազմը խաղաղություն է
Ազատությունը ստրկություն է
Տգիտությունն ուժ է:
Հայաստանի թավշե իշխանությունն ամեն վայրկյան ապացուցում է, որ ինքը ևս այս կարգախոսներով է առաջնորդվում:
Խաղաղության նախարարությունը հրահրում ու տնօրինում է պատերազմը: Այն պատասխանատու է ռազմական գործողությունների իրականացման համար:
Ճշմարտության նախարարությունը հսկայական բրգաձև շինություն է` երեք հարյուր մետր բարձրությամբ, ունի երեք հարյուր աշխատասենյակ՝ գետնի երեսին, և համապատասխան ճյուղավորում` գետնի տակ: Այն տնօրինում է տեղեկատվությունը, ժամանցը, կրթությունը և արվեստները: Ճշմարտության նախարարության անդամներին հանձնարարված է զբաղվել փաստերի և տեղեկությունների կեղծամբ` կուսակցությունն ավելի հզոր, անպարտելի ներկայացնելու նպատակով: Աշխատակիցները թերթերից, արձանագրություններից ջնջում, կտրում ու այրում են անցանկալի փաստերն ու իրողություններ:
Ակնհայտ է, որ մերօրյա իրականության մեջ ստորգետնյա հատվածը ՊՈԱԿ-ն ու ֆեյքային ֆաբրիկաներն են, իսկ վերին հատվածը՝ ԿԳՄՍՆ-ն, արդարադատության նախարարությունը, Ազգային ժողովը, որոնք, ըստ օրվա իրենց խնդիրների, վերափոխում ու աղճատում են երկրի ու ժողովրդի պատմությունը, օրենքները:
Առատության նախարարությունը վերահսկում է տնտեսությունը: Յուրաքանչյուր եռամսյակ նախարարությունը հրապարակում է կենսամակարդակի բարելավման կեղծ ցուցանիշներ, մինչդեռ ապրանքների որակը չի բարելավվում, գինը չի նվազում, մարդիկ ապրում են սովի և աղքատության մեջ: Այդ փաստը, իհարկե, չի խանգարում, որ կառավարությունը հայտարարի աննախադեպ տնտեսական աճի մասին: Օրինակ, ըստ առատության նախարարության հաշվետվության, Օվկիանիայում եռամսյակի ընթացքում արտադրվել է հարյուր քառասունհինգ միլիոն զույգ կոշիկ, մինչդեռ բնակչության կեսը բոբիկ է:
Ինչպե՞ս կարող էր վարքագծի, մտածողության ու իրողության այսպիսի նույնականություն լինել, թվում է՝ Օրուելը պատմում է Նիկոլ Փաշինյանի մամլո ասուլիսների մասին:
Սիրո նախարարության շինությունը պատուհաններ չունի, ինչպես մեր ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, ոստիկանությունը: Այն զբաղվում է վերահսկողությամբ, հանցագործների հայտնաբերմամբ, ձերբակալմամբ, հարցաքննությամբ և պատժով: Նախարարության անդամների նպատակն է տանջել մարդկանց թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես`կիրառելով խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը:
Զարմանալի նույնական կերպարանափոխություն ունեցավ արդար, բարեկեցիկ, ժողովրդական երկիր կառուցելու խոստումներով իշխանության եկած, սիրո հանդուրժողականության, բաց ձեռքերի, թավշյա ու էլ չգիտեմ՝ ինչ մեղրածոր անուններով իրեն բնութագրած ապազգային դավադիր ուժը, եկավ՝ Հայաստանում կառուցելու իր Օվկիանիան:
Ինչպես Օրուելի վեպում, այնպես էլ մեր իրականության մեջ կերտվեց ժամանակի հերոսը․ առաջին դեպքում՝ կեղծ, անիրական Մեծ Եղբայրը, մեր պարագայում նրա բնորոշումը թողնում եմ ընթերցողի հայեցողությանը, թեև պատերազմից հետո խարազանի նման անունը դաջվել է գաղտնի կապիտուլյացիա ստորագրած վարչապետի ճակատին: Հասարակությանը համախմբել հակահերոսների դեմ սերմանվող ատելությամբ՝ զուգահեռաբար ստեղծելով կուռքի կերպար:
«1984»-ը՝ տոտալիտարիզմի սարսափները ներկայացնող երկը, ապշեցնում է իր մարգարեությամբ: Երկակի ստանդարտները, նորալեզուն, մտքերի ոստիկանությունը, սիրո նախարարությունը, որ ցավ է պատճառում, մատնում հուսահատության ու ոչնչացնում այլախոհությունը, խաղաղության նախարարությունը, որ պատերազմներ է հրահրում, ռոբոտ-գրողները, որ պոռնոգրաֆիկ գրականություն են արտադրում զանգվածների ուշադրությունը շեղելու համար: Թվում է՝ յոթանասուն տարի առաջ Օրուելը տեսել է Հայկական ողբերգական իրականությունը: Ռոբոտ գրողներին մեր իրականությունում փոխարինում են ՊՈԱԿ-ի աղջիկները, ֆեյքերի ֆաբրիկաների կեղտ ու բամբասանք հորինողները, լվացված ուղեղներով զոմբի կանայք, որոնք առաջնորդի հանդեպ սերը վերածում են հեթանոս սեռական տենչանքների:
Այսօր թվում է՝ «1984»-ը Նիկոլ Փաշինյանի կառուցած իշխանության գեղարվեստական տարեգրությունն է, որը տանում է դեպի այն դժոխքը, որ նկարագրում է Օրուելը: Գլխավոր հերոս Ուինսթոն Սմիթն աշխատում է ճշմարտության նախարարությունում, որը զբաղված է պատմությունը խմբագրելով ու սրբագրելով, մշտական նորացումով` հարմարեցնելով ժամանակակից հանգամանքներին և քաղաքական նպատակահարմարությանը, փոփոխություններին: Նրան և մյուս աշխատակիցներին էկրաններից անդուլ հետևում է Մեծ Եղբայրը, որն ամեն ինչ տեսնում է ու գիտի: Վեպում քաղաքացիներին ամենուրեք՝ տանը, աշխատավայրում, փողոցում, հետևում են հեռուստաէկրաններից, որոնք ընդունիչ են և հաղորդիչ: Խրախուսվում ու պարտադրվում է լրտեսությունը, մատնությունը: Բոլորը բոլորին կասկածում են լրտեսության մեջ: Երեխաներին սովորեցնում են մատնել իրենց ծնողներին: Չափազանց ծանոթ ձեռագիր ու վարքագիծ:
«1984»-ում նկարագրվում է, թե ինչպես են քարոզչության միջոցով անհրաժեշտ գաղափարները ներշնչվում զանգվածներին: Իսկ դրա համար լավագույն գործիքը ատելությունն է: Վեպի «ատելության 2 րոպեներին» ու ատելության շաբաթներին Հայաստանում փոխարինեցին Նիկոլ Փաշինյանի լայվերն ու ելույթները, նախկինների դեմ ատելության ու թշնամանքի գեբելսյան կրկնությունները, որ տարածում է նրա թիմը: Օրուելի կանխագուշակած օնլայն ագրեսիան վարչապետի գահին բազմած լրագրողը հասցրեց աներևակայելի մոլուցքի՝ տարածելով այն նաև ի սփյուռս աշխարհի: Ատելության ու կռապաշտության հեղեղը ջնջեց արյունակցական ու մարդկային հարաբերությունները, վաղեմի կապերը: Վեպի հերոս Ուինսթոն Սմիթն ասում է. «Ատելության երկրոպեներում ամենաահավորն այն էր, որ, մասնակցելով, հնարավոր չէր անմասնակից մնալ… Վախի ու վրեժի արգահատելի էքստազը, սպանելու, տանջելու, դարբնի մուրճով ինչ-որ մեկի գանգը ջարդելու ցանկությունը էլեկտրականության նման, անցնում էր ամբողջ սրահով` իրենց ցանկության հակառակ` մարդկանց վերածելով ճչացող ու ծամածռվող խախտվածների»:
Եվ այդ ատելության մեջ հասարակությունը միավորվում է ու նաև պառակտվում:
Դառնալով մեր ժամանակի խորհրդանիշերից մեկը և հաստատուն տեղավորվելով մեր բառապաշարում՝ հատուկ անուն դարձած Մեծ Եղբայրը` Օրուելի վեպի բռնապետը, ապշեցնում է իր գործողությունների անհեթեթությամբ ու միաժամանակ սարսափի մատնում: Թվում է՝ նա Հայաստանի վարչապետի ամենասիրելի գրական հերոսն է ու հարազատ հոգին: Սակայն, քավ լիցի, եթե Փաշինյանը վեպը չի կարդացել, այդ դեպքում համեմատությունն առավել հետաքրքիր է դառնում, թերևս՝ հոգեբանների ուսումնասիրության նյութ:
Պոպուլիզմը, ինչպես Օվկիանիայում, այդպես էլ «նոր Հայաստանում» շարունակում է խաղալ առավել վտանգավոր զգացումների վրա` վիրավորանքի ու զայրույթի: Ընդդիմության բերանը փակելու պահանջ, այլախոհության ֆանատիկ հետապնդում և սեփական «ես»-ի անամոթ պանծացում: Մեծ Եղբայրը մեր երկրում դարձավ մռայլ, մեր ժողովրդի համար ողբերգականորեն իրական գործող անձ, որը պնդում է, որ 2+2=5:
Օրուելի հակաուտոպիական աշխարհի թերևս ամենասարսափելի բնորոշիչը լեզվի աղավաղումն ու իմաստազրկումն է ու խայտառակ նորալեզվի ծնունդը: Տոտալիտար վարչակարգը ձգտում է բնաջնջել բառերը, գաղափարներն ու զգացումները:
Հեղափոխական իշխանությունը Հայաստանում առավել կատաղի կերպով սկսեց պայքարը հայոց լեզվի դեմ: Հեղափոխական տարերքը փոթորկի պես իրար խառնեց լեզվի բոլոր շերտերը: Ջնջվեցին լեզվի մեջ առկա սահմանները, իրար խառնվեցին գրական հայերենը, բարբառները, ժարգոնները, խոսակցական ամենատարբեր դրսևորումները: Այդ ամենը հորդեց վիրտուալ տարածքներում, ապա թափանցեց խորհրդարան, կառավարություն, լրատվամիջոցների էջեր, գրական ստեղծագործություններ, հաղորդակցության ամենատարբեր ոլորտներ: Այն, ինչ կատարվում է հայոց լեզվի հետ, ըստ էության, ծրագրված էր ու կանխամտածված: Լեզվի թավշյա ճարտարապետները մոռացության անդունդից, ենթագիտակցության խորքերից պեղում ու հանում են նորանոր բառեր ու դարձվածքներ, գռեհկաբանություններ: Վիրտուալ Հայաստանում հայատառ ու լատինատառ հայերենով մոլեգնում է ատելության խոսքը՝ իր ամենատարբեր դրսևորումներով: Որքան էլ ցավալի է, այդ նորալեզուն թափանցում է իրական կյանք: Վիրավորանք, անարգանք, զազրախոսություն, թուքումուր արտահայտող հրապարակումներ ու մեկնաբանություններ: Թվում է՝ մի թշնամական ձեռք անընդհատ խառնում է ժողովրդի պառակտման ու անհանդուրժողականության խարույկը, որ վառվեց Սերժին մերժելու մի մութ գիշեր: Հայերեն լեզվամտածողությունը պայթեց: Անգամ փորփրեցին պատմական հիշողությունների խոր շերտերն, ու լեզուն լցվեց կոտորածների, ավերների ժամանակ հայ կանանց ու աղջիկներին ասկյարների տված հայհոյանքներով ու նվաստացուցիչ արտահայտություններով:
Ու զարմանալին այն է, որ հայերենի բառաֆոնդը ատելության սերմ դարձրած իշխանությունը հանկարծ որոշում է կայացնում վիրավորանքի, ընդ որում՝ իրերն իրենց անունով կոչելու համար տուգանել ահռելի գումարներով, երբ իրենց նետած անարգանքի բումերանգը, արդարացիորեն բազմապատկվելով, վերադառնում է իրենց:
Իշխանությունը, կարծես, քայլ առ քայլ ձևավորում է հայաստանյան մտքի ոստիկանությունը վիրտուալ և իրական տարածքներում, մնում է փողոցների տեսախցիկները հանեն ու տեղադրեն մարդկանց տներում, որ վերահսկեն ու լիովին կառավարեն մտքերը:
Պարզվում է, ինչպես վեպում, այնպես էլ մերօրյա այս ճղճիմ բռնապետության իսկական թշնամին իրականությունն է: Բռնապետերն ամբողջ ուժով ձգտում են խարխլել իրականության ընկալման հիմքերը` փոխարինելով ստով ու հորինվածքներով: Ուինսթոն Սմիթի անհնազանդության առաջին հանդուգն դրսևորումը դարձավ տեսախցիկի ամենատես աչքից թաքնվելու ու օրագիր վարելու փորձը` գիտակցելու համար սեփական «ես»-ը և նկարագրելու իր ներաշխարհը: Նա գիտի, որ դրա համար իրեն կարող են մահապատժի ենթարկել: Եվ կտտանքներից կոտրված` նա, այնուամենայնիվ, ընդունում է, որ «2+2=5»: Սմիթը հասկանում է, որ նրանք «ինչ-որ բան սպանեցին իմ կրծքում, այրեցին, խլացրին»: Մի՞թե Հայաստանում այսօր որևէ նորմալ պետական ծառայող չի ապրում անձի երկվության, ինքնախոշտանգման, իր «ես»-ի կորստյան այս հար ու նման զգացումը: Հուսամ՝ շուտով Հայաստանում հատկապես ուժային կառույցների աշխատողները կփորձեն վերագտնել իրենց մարդկային «Ես»-ը:
Ահաբեկչությունը, որ գործադրում է իշխանությունը «1984» վեպում, ուղղված է անհատականության կորստին, մարդկանց՝ իրականությունը գիտակցելու ունակության կործանմանը: Գիրքն անխնա մանրամասներով ցույց է տալիս այն աշխարհի ամբողջ սարսափը, որտեղ մարդիկ ավելի ու ավելի քիչ բառեր են կիրառում՝ կոդավորված բառեր, և նրանց մտածողությունը խեղված է, աղավաղված:
Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը, կարծես, մեկ առ մեկ վերարտադրում են այդ ամենը: Ցավով ու զարմանքով պետք է արձանագրենք, որ հասարակության՝ խղճահարության արժանի մի հատված դեռ ապրում է նիկոլյան ֆանտոմներով՝ դառնալով քաղաքական հենարան ու քաղաքական նոխազ:
Անտրամաբանական ու աներևակայելի է, որ տանուլ տված, կապիտուլացված, երկիրը պարտության տարած օտարածին այս խմբավորումը դեռ իշխանության ղեկին է և դեռ առաջնորդվում է «Պատերազմը խաղաղություն է: Ազատությունը ստրկություն է: Տգիտությունն ուժ է» կարգախոսներով:
Տոտալիտարիզմը հաղթում է, երբ մարդը դադարում է մտածել, ու երբ մարդը մտածում է, ամեն ինչ սկսվում է նորից: Մտածենք, մտածենք բոլորս ու վերջ տանք այս հայրենակործան բթությանը, անտարբերությանը, անգործունյա վիճակին, այս անմտությանը:
Ամեն վայրկյանը թանկ է, մտածենք, մտածենք ու գործենք:
Էվելինա Բաղդասարյան